Լավ կլիներ, որ արցախցիներին հնարավորություն տրվեր ապրել իրար կողքի․ միասին հեշտ կհաղթահարենք
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/476000340_2811104439071425_1692246124243143551_n-1.jpg)
Երիտասարդ կնոջ փխրուն ուսերին են մնացել երեք երեխաների հոգսն ու դաստիարակությունը
Արցախից տեղահանվելուց հետո Ռուզաննա Գասպարյանը երեք երեխաների հետ բնակություն է հաստատել Օշական գյուղում։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն իր անողոք կնիքն է թողել նրա ընտանիքի վրա՝ մահվան ճիրանների մեջ առնելով ամուսնուն, եղբորը, հորեղբոր տղային։ Սեպտեմբերի 25-ի պայթյունին զոհ է դարձել նաև քրոջ ամուսինը։ Երիտասարդ կնոջ փխրուն ուսերին են մնացել երեք երեխաների հոգսն ու դաստիարակությունը։
2023-ի սեպտեմբեր, Սարուշեն․․․ Ռուզաննան պատմում է
-Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը պայթյունի ուժեղ ձայն լսեցինք, ինչը թերևս նորություն չէր 2020-ից հետո սահմանամերձ դարձած Սարուշենի համար։ Ամուսինս հանգստացրեց՝ ասելով, որ հերթական պայթյուն է։ Առավոտյան երեխաները գնացին դպրոց, ես էլ ճաշ էի պատրաստում։ Այդ պահին հորեղբորս կինը զանգեց ու ասաց, որ չվախենամ, բայց ադրբեջանցիները մտել են գյուղ՝ հարևան Սարգսաշենի կողմից։ Հասցրի վերցնել միայն փաստաթղթերս ու վազել մորս տուն, որը գյուղի վերևի մասում էր գտնվում։ Որոշ ժամանակ անց ամուսինս զանգեց ու ասաց, որ գնամ տուն՝ մի քանի հագուստ վերցնելու։ Քրոջս հետ իջա մեր տուն։ Գյուղում խուճապ էր, տղամարդիկ արդեն գնացել էին դիրքերը, այդ թվում նաև եղբայրս՝ Արտակը։ Ամուսինս ասաց, որ տղաները սոված են և պետք է ուտելիք տանի իր հետ։ Վերցրեց՝ ինչ կար և պատրաստվեց միանալու դիրքապահներին։ Դարբասի մոտ կանգնեց, հետ նայեց, և, հանելով ոսկյա վզնոցը, տվեց ինձ։ <<Եթե չվերադառնամ, կտաս մեր տղային>>․- ասաց ու համարյա վազելով հեռացավ․․․
Չգիտեի, որ վերջին անգամ եմ տեսնում Վալերիին․․․
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/475964673_639822808516273_7909293532378268773_n-1.jpg)
Այդ պահին սկսեցին հրետակոծել գյուղի շուրջբոլորը՝ առանց մեկ րոպե անգամ դադար առնելու։ Մեր համայնքի ղեկավարը կազմակերպեց բնակչության տարհանումը Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Բոլորս միասին ոտքով ճանապարհվեցինք ու երեկոյան հասանք Մսմնա։ Այդտեղ մեկ գիշեր մնալուց հետո համայնքի ղեկավարի ուղարկած ավտոբուսներով ճանապարհվեցինք Ստեփանակերտի օդանավակայան։ Երեխաներիս հետ ես մեկ օր մնացի այդտեղ։ Ոչ ոքի հետ չէի կարողանում կապվել, օդնավակայանում քաոսային վիճակ էր։ Տարբեր շրջաններից մարդիկ գալիս ու այդտեղ էին ապաստան գտնում։ Դիրքերից ոչ մի լուր չկար։ Հաջորդ օրն ինձ հետ կապվեց ամուսնուս ընկերը և մեզ տեղափոխեց Հովսեփավան, որտեղ մնացինք մի քանի օր։ Հետո հասկացա, որ բոլորը գիտեին, որ ամուսինս, եղբայրս, հորեղբորս տղան զոհվել են, սակայն չէին համարձակվում ասել։ Զանգեցի համայնքի ղեկավարին, չպատասխանեց։ Զանգեցի նրա հորը և լսեցի գույժը՝ մերոնք չկան․․․ Այն, ինչ զգացի այդ պահին, ահավոր ծանր է։ Ոչինչ չէի հասկանում, չէի ցանկանում հավատալ։ Մտածում էի՝ գուցե շփոթմունք է։ Հոգուս խորքում շարունակում էի հույս պահել։ Սակայն ճակատագիրն իրենն արել էր։ Հետո լսեցի, որ ռուս խաղաղապահների միջոցով համայնքի ղեկավարը գնացել է դիրքեր և բերել ամուսնուս ու հորեղբորս տղայի աճյունները, սակայն չի կարողացել գտնել եղբորս մարմինը։
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/475579607_417945491364912_3610483521454235336_n-1.jpg)
Մեզ հնարավորություն տրվեց մարմինները տեղափոխել Հայաստան։ Սեպտեմբերի 25-ին դուրս եկանք Արցախից և, անցնելով այդ դժոխային ճանապարհը, օրեր հետո հասանք Երևան։ Հոկտեմբերի 1-ին Եռաբլուրում հողին հանձնեցինք Վալերիին ու Անդրեյին, իսկ 40 օր հետո՝ եղբորս, երբ նույնականացվեց ԴՆԹ-ն։ Ինչո՞ւ Աստված չգթաց մեր գերդաստանին․ մի՞թե բավական չէր, որ ես ու եղբայրս անհայր էինք մեծացել․․․
![](https://aparaj.am/wp-content/uploads/2025/02/476324386_3780082348969261_5844982995542958927_n-1.jpg)
Ռուզաննան կարողանում է իր մեջ ուժ հավաքել, փորձում է անել հնարավորը, որ կարողանա երեխաներին պատշաճ դաստիարակություն տալ։ Սակայն չի հարմարվում առանց Արցախի ու հարազատ գյուղի․ կարոտով սպասում է հետվերադարձին
-Արցախից տեղահանվելուց հետո նախ հաստատվեցինք Կոտայքի մարզի Հանքավան գյուղում, իսկ հետո տեղափոխվեցինք Արագածոտնի մարզի Օշական գյուղը։ Այստեղ մեզ լավ են ընդունել։ Մարդիկ հոգատար ու սրտացավ են։ Սարուշենից շուրջ 10 ընտանիք է այստեղ ապրում։ Դա ևս կարևոր հանգամանք է՝ դժվարությունները մի փոքր հեշտությամբ հաղթահարելու։ Սակայն միևնույն է՝ ես չեմ կարողանում հարմարվել իրականությանը, ապրում եմ կարոտով և երբեք չեմ կորցնում հույսս, որ տուն եմ վերադառնալու։
Երեխաներս հաճախում են դպրոց, ացելում են խմբակներ, մասնակցում են տարբեր պարապմունքների։ Շատ են կարոտում հորը, հիշում մեր ընտանեկան կյանքի ամեն մի դրվագը։ Չկա մի օր, որ մենք հիշողություններով չգնանք Արցախ։ Ինչքան էլ դժվար է, սակայն ես փորձում եմ ուժ հավաքել, որ կարողանամ ոտքի կանգնեցնել բալիկներիս։
Ռուզաննան պատմում է, թե ինչպես են 2020-ից հետո Սարուշենի իրենց տանը 2 տարի հյուրընկալել կամավորական Վաչե Վարդանյանին։ Այն ժամանակ Գասպարյանները չգիտեին, որ տարիներ հետո Վաչեն է լինելու իրենց թիկունքը:
-Վաչեն 2020-ի պատերազմի կամավորականներից է։ Նրա հետ մենք ծանոթացել էինք 2020-ին, Հայաստանում։ 25-ամյա երիտասարդը պատերազմից հետո որոշել է տեղափոխվել ու բնակություն հաստատել Արցախում։ Եկավ մեր գյուղ, մի քանի օր մնաց մեր տանը, հետո ասաց, որ ցանկանում է վարձավճարով տուն գտնել Ստեփանակերտում ու տեղափոխվել։ Վալերին ու ես կտրականապես դեմ եղանք և առաջարկեցինք նրան ապրել մեր տանը։ Վաչեն դարձավ մեր ընտանիքի անդամը։ Երկու տարի ապրեց մեզ հետ, հետո վերադարձավ Հայաստան։ Ապրում է Երևանում՝ վարձակալած բնակարանում։
2023-ին, երբ հասանք Գորիս, Վաչեն արդեն այնտեղ էր։ Դիմավորեց մեզ և շուրջ 70 ընտանիքի տեղավորեց Հանքավան գյուղում, ապահովեց սննդով ու գիշերակացով։ Որոշ ժամանակ անց բոլորս բնակություն հաստատեցինք տարբեր բնակավայրերում։ Վաչեն իր բարեգթությունը շարունակում է առայսօր՝ լինելով իմ ընտանիքի կողքին։ Ամեն անգամ ասում է՝ ես Վալերիի արածը երբեք չեմ մոռանա․․․
Վերջերս Վաչեն Երևանում համալիր աջակցության կենտրոն է բացել ու անվանել <<Խոխա>>։ Կենտրոնում ընդգրկված են 2020-ի և 2023-ի պատերազմներում զոհվածների 3-6 տարեկան շուրջ 60 երեխա։ Գործում է շաբաթ և կիրակի օրերին։ Երեխաների հետ աշխատում են զոհվածների կանայք։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ։ Ամենակարևորն այն է, որ երեխաները հնարավորություն ունեն խոսելու արցախյան բարբառով, շփվել իրար հետ, պահպանել արցախյան կոլորիտը։ Նրանք կարողանում են անկաշկանդ ու լիաթոք մանկություն վայելել։ Ըստ կարիքի՝ երեխաներին տրամադրվում է նաև աջակցություն։ Երեխաների համար ամառային շրջանում կազմակերպվել է ճամբար Հանքավան գյուղում։ Արցախցի երեխաների համար նման ճամբարներ Վաչեն կազմակերպում էր 2020-ից հետո։ Բարեգործությունները կատարվում են Վաչեի ընկերական շրջապատի աջակցությամբ։
Զոհվածի կինը կարևորում է, որ Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանն ուշադրության կենտրոնում է պահում համագյուղացիներին
-Արցախից տեղահանվելուց ի վեր՝ մեր համայնքի ղեկավարը մշտական կապի մեջ է բնակչության հետ։ Թեև ցրված ենք տարբեր երկրներում ու Հայաստանի տարբեր բնակավայրերում, սակայն մենք մեզ համայնք ենք զգում, ու դա համայնքի ղեկավարի շնորհքն է։ Արցախում մեր համայնքը համերաշխ, միասնական ու գիտակից էր և շարունակում է այդպիսին մնալ։ Ցավոք, ծանր կորուստներ ունեցանք և դեռ երկար ժամանակ չենք կարողանա ուշքի գալ ու մեր տեղը գտնել։ Թեթևություն ենք զգում, որ մենակ չենք, և մեր ցավը կիսում է ողջ համայնքը։ Լավ կլիներ, որ արցախցիներին հնարավորություն տրվեր ապրել իրար կողքի։ Միասին հեշտ կհաղթահարենք դժվարությունները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ