«Լավ չմշակված ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրա». Ն. Աղաբալյան
Գլխավոր » Լրահոս » «Լավ չմշակված ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրա». Ն. Աղաբալյան

«Լավ չմշակված ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրա». Ն. Աղաբալյան

«Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունն արձագանքում արցախցիների խնդիրներին։ Երբ լավ չմշակված ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրա՝ պատճառաբանելով, որ արցախցին չի ուզում գնալ սահմանում բնակվել, արցախցին չի ուզում ընդունել Հայաստանի քաղաքացիություն, արցախցին չի ուզում ծառայել Հայաստանի բանակում, սա ոչ թե տանում է այդ խնդիրների լուծմանը, այլ ավելի է խորացնում այդ խնդիրները»,- այսօր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով ֆորումի ժամանակ ասաց «Մենք ենք, մեր սարերը» կազմակերպության անդամ արցախցի Նարինե Աղաբալյանը։

Նրա խոսքով՝ ճգնաժամերը պետք է օգտագործել նաեւ որպես հնարավորություն, եւ եթե կա մարդկային այսքան հոսք, իհարկե, պետք է մտածել նաեւ Հայաստանի «մեռնող» գյուղերը բնակեցնելու ու համայնքներն ուժեղացնելու մասին։ Բայց դա պետք է անել համալիր ծրագրերի միջոցով՝ հնարավորություն տալով բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են գյուղում բնակվել, ոչ թե մարդկանց պարտադրել անորոշ պայմաններով գնալ սահմանամերձ համայնքներ՝ չիմանալով՝ այդ տունն, ի վերջո, իրենն է, թե իրենը չէ։

«Այսինքն՝ անորոշությունն այնքան մեծ է, որ մարդիկ դժվարանում են այդ ընտրությունը կատարել։ Այսօր էլ բոլոր սահմանային համայնքներում ապրող արցախցիներ կան, եւ պետք չէ ներկայացնել, թե արցախցիները չեն ուզում գնալ սահման։ Կգնան, եթե լինեն համապատասխան պայմաններ»,- ասաց նա։

Անդրադառնալով բնակապահովման ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր նորմին, Նարինե Աղաբալյանն ասաց․ «Մեր երազանքը հիմա հակադրում են մեզ․ 1988 թվականին Արցախյան շարժումը սկսվել է նրանով, որ պետք է միանանք Հայաստանին եւ ունենանք Հայաստանի քաղաքացիություն։ Հիմա այդ խնդիրն այնպես է մատուցվում, որ մարդիկ արդեն ակամայից մտածում են՝ չէ, պետք չէ ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Այսինքն՝ մենք 35 տարի ապրել ենք այն գիտակցմամբ, որ մեր անձնագրի մեջ քաղաքացիության դիմաց գրված է Հայաստանի Հանրապետություն։ Այս խնդիրն էլ կարելի էր շատ այլ մոտեցումով լուծել, ոչ թե հակադրել մեր երազանքին։ Սա շատերի համար հոգեբանական խնդիր է, երբ ասում են՝ Արցախի Հանրապետության անձնագիրը պիտի հանձնես, կարծես թե վերադարձի վերջին հույսը մարդկանց մոտ մարում է»։

Բնակապահովման ծրագրի խնդիրներին անդրադառնալով՝ նա նշեց, որ բանկերն էլ շատ հաճախ հրաժարվում են վարկեր տրամադրել արցախցիներին։

1