Կյանքից հեռացել է տաղանդավոր բանաստեղծ, գրականագետ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կյանքից հեռացել է տաղանդավոր բանաստեղծ, գրականագետ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը

Կյանքից հեռացել է տաղանդավոր բանաստեղծ, գրականագետ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը

Կյանքի 75-րդ տարում կյանքից անսպասելի հեռացավ տաղանդավոր բանաստեղծ, գրականագետ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Սարգսի Հակոբյանը։ Ստեղծագործական ինքնատիպ, բեղմնավոր ճանապարհ է անցել Վարդան Հակոբյանը՝ հայ մշակույթին ժառանգություն թողնելով բանաստեղծական տասնյակ բարձրարվեստ ժողովածուներ, գրականագիտական խորիմաստ ուսումնասիրություններ։ Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում՝ մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի N152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։

Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից։ Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել)։

Բաքվի N 152 դպրոցում սովորելու ժամանակ՝ 9-րդ դասարանում, կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգամոլության» մեջ, ազերական հավատաքննիչների ճնշման տակ Վ. Հակոբյանը ստիպված տեղափոխվում և ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։1965թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը և կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։

Բաքու, 60-ական թվականներ, դեռևս ուսանող, աշխատում է (երկու տարի) Բաքվի 26 կոմիսարների անվան մշակույթի հայկական տանը՝ որպես ասմունքող։

1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։ 1983թ. մինչև կյանքի վերջը նա աշխատել է Արցախի գրողների միությունում՝ որպես կազմակերպության ղեկավար։ Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։ Յոթ տասնյակից ավելի բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական ժողովածուների հեղինակ է, որոնք տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Բաքվում և այլուր։

Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում։ Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, վրացերեն, բուլղարերեն, անգլերեն և այլ լեզուներով: ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է։

Վ. Հակոբյանի ստեղծագործությունների մասին տպագրվել են մենագրական մի շարք աշխատանքներ (Ս. Սարինյան, «Բանաստեղծի հայտնությունը», Ս. Խանյան, «Ցավի և սիրո պոեզիան», Տ. Սողոմոնյան, «Վարդան Հակոբյանի պոեզիայի գեղագիտական համակարգը», «Տաճարի ճանապարհին կամ մենարանի ուխտավորը» և այլն)։

Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման՝ «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները»), պրոֆեսոր։

Վ. Հակոբյանը ԼՂՀ ԳՄ վարչության նախագահն էր։ Երկար տարիների բուհական-մանկավարժական աշխատանքի փորձ ուներ, հայ գրականության և մշակույթի պատմություն, գրականության տեսություն է դասավանդել Արցախի պետական համալսարանում։ Նա, համատեղության կարգով, իր հիմնադրած «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանի ռեկտորն էր։ Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988թ.) պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։

Ընտրվել է ԼՂՀ ազգային ժողովի անդամ։

Արցախյան թեմի կողմից հայոց ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել և 1995թ. Սուրբ Էջմիածնում մասնակցել կաթողիկոսական ընտրություններին։

Արցախյան համազգային շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկի», ստեղծման օրից, նախագահի տեղակալն էր։

Արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ էր։ Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել էր Արցախը մայր Հայաստանին միացնելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։

Գրական ու գրականագիտական հարուստ ժառանգություն է թողել Վարդան Հակոբյանը։

Արցախի գրողների միություն

1