Կյանքի իմ ոսկե կանոնն է՝ միշտ հասնել նշանակետին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Կյանքի իմ ոսկե կանոնն է՝ միշտ հասնել նշանակետին

Կյանքի իմ ոսկե կանոնն է՝ միշտ հասնել նշանակետին

Արցախում զարգացող ուշու մարտարվեստն իր ընդգրկուն աշխարհագրությամբ հիմնավորվել է Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանի շնորհիվ:

‹‹Ապառաժ››-ը շարունակում է անդրադառնալ սպորտային կյանքին եւ այդ բնագավառի մեր լավագույն մարզիկներին: Այս անգամ զրուցել ենք Արցախի ուշու-քունգ ֆուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, ԱՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանի հետ:

Երբ 1997թ. Արցախ են գործուղվել լիբանանահայ եւ ֆրանսահայ մարզիչներ Հարութ Ադամյանն ու Հարութ Բերբերյանը, Հայ սեւ գոտիների միջազգային ակադեմիայի (ABBA) միությանը կից Արցախում ստեղծվել է ուշուի ֆեդերացիա, իսկ 1998թ.՝ պաշտոնապես ընդունվել որպես հասարակական կազմակերպություն:

Այդ ժամանակ Դավիթ Գրիգորյանը սկսել է համագործակցել Հայաստանում պաշտոնական ավանդական ուշուի ֆեդերացիայի հետ եւ մասնակցել նրանց կողմից կազմակերպվող մրցաշարերին եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:

Դավիթ Գրիգորյանը ծնվել է 1991թ. մարտի 12-ին, Շահումյանի շրջանի Խարխափուտ գյուղում: 1992թ. մինչեւ Շահումյանի գրավումը ընտանիքով տեղափոխվում են Հայաստան, այնուհետեւ՝ Ուկրաինա:

2000-2001թթ. նա սովորում է Ուկրաինայի Սումսկիյ շրջանի Տեռն գյուղի դպրոցում: Հոր մահից հետո նրանք տեղափոխվում են Երեւան՝ հորական տատի մոտ, որտեղ էլ շարունակում է ուսումը Երեւանի Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում:

Մորաքրոջ հրավերով տեղափոխվում են Ստեփանակերտ եւ ապրում նրա մյուս բնակարանում: Ուսումնառության վերջին տարիներին սովորում է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ռուսական բաժնում:

2001թ. Կարո Քեբաբջյանի հովանավորությամբ անվճար իրականացվում են ուշուի պարապմունքները՝ Արցախում այդ մարտարվեստը զարգացնելու նպատակով: Դավիթ Գրիգորյանը բակի տղաների հետ որոշում է ընդգրկվել Հարութ Ադամյանի խմբային պարապմունքերին՝ սկզբնավորելով սպորտային կյանքի ուղին: Դավիթի խոսքով՝ հետագայում խմբի մարզիկների շարքը նվազում է:

‹‹Այն ժամանակ մենք չէինք մտածում այլ մարզաձեւի գոյության մասին: 2008թ. ուշուն զարգացած ու տարածված մարզաձեւ էր››,- պատմում է նա:

Դավիթն անկեղծանում է, որ ուշուն նրան ոգեւորում է ամեն ինչում՝ կոփելով ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ հոգեպես, փոխում իր հոգեւոր աշխարհն ու հոգեկերտվածքը:

‹‹Ոշուն միշտ ձգում էր ինձ, եւ ես փորձում էի ներդաշնակել մարզաձեւն ու մարզիկի կեցվածքը: Հենց այդ պատճառով ես սիրեցի այդ մարտարվեստն ու կայացա այդ մարտարվեստում՝ նվաճելով Եվրոպայի եւ աշխարհի առաջնության բարձունքները››,-հավելում է նա:

Դավիթ Գրիգորյանը նշում է, որ մինչեւ 2002թ. լավ պարապում էին, որից հետո արդեն մարզչի՝ Լիբանան մեկնելուց հետո կանոնավոր եւ պարբերաբար մարզումներ չէին կազմակերպվում:

Երբ 2003թ. Ալեք Մանուկյան 8 հասցեում տրամադրեցին առանձին մարզադահլիճ, շարունակեցին իրենց մարզումները՝ արդեն խմբի նոր անդամներով:

Դավիթի խոսքով՝ տարիների փորձն ավելացնում է մարտունակությունն ու մարզումների տարիքը՝ առաջ մղելով ավելի մեծ հաղթանակների:

2010թ. ՊԲ ընդամենը մեկ տարվա շարքային զինծառայող էր, երբ Եվրոպայի առաջնությանը շատ կարճ ժամանակում պատրաստվելուց հետո՝ Դավիթ Գրիգորյանը սկիզբ դրեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն: Իսկ արդեն 2011թ. Թուրքիայում աշխարհի մեծահասակների խմբում նա նվաճել է արծաթե մեդալ:

Թիվ 8 դպրոցում Դավիթը հիմնում է 15 հոգուց բաղկացած իր խումբը՝ մարզելով 6-12 տարեկան տղաներին: 2011թ. նոյեբերին նա 3-4 խումբ է ստեղծում՝ ընդլայնելով մարզիկների եւ մարզիչների շարքերը:

Արցախի ուշուի ֆեդերացիայի մարզիկները Էստոնիայում, Յալթայում, Չինաստանում, տարբեր ժամանակներում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են ոսկե եւ արծաթե մեդալներ։ 2012թ. մարզիկ Դավիթ Պետրոսյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է դարձել Էստոնիայում:

2013-ից եվրոպական ֆեդերացիայի հետ խնդիրների պատճառով արցախցի մարզիկները երկար ժամանակ չեն մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

Դավիթի խոսքով՝ Ֆեդերացիան աշխատում է սահմանամերձ համայնքներում եւս կազմակերպել ուշուի իրականացման աշխատանքներ: Նա հավելում է, որ 5 տարի է, ինչ Նորշեն համայնքում Կոմիտաս Կարապետյանի աջակցությամբ գործում է ուշուի մարզադպրոցը, իսկ Ակնաղբյուրում այդ աշխատանքներն իրականացվում են Քաջիկ Խաչատրյանի եւ Արշավիր Ղարամյանի հովանավորությամբ:

2018թ. աշխարհի երիտասարդների միջազգային մրցաշարին Դավիթի խմբի մարզիկ Արսեն Բաղրյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Վարդան Աբրահամյանը դարձել բրոնզե մեդալակիր:

2016-2018թթ. արդեն մեծ հաղթանակներ են նվաճել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում:

Դավիթն ընդգծում է, որ մարզիկներին հոգեբանորեն ճիշտ պետք է պատրաստել, որպեսզի կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Դավիթի խոսքով՝ փորձում է ամեն ինչին կարեւորություն տալ՝ լինի դա ընտանիք, սպորտ, թե ընկերություն:

‹‹Տարբեր երկրներ գործողումների պատճառով ընտանիքում իմ բացակայությունը փորձում եմ լրացնել տանը եղած ժամանակ՝ մեծ ուշադրություն ընձեռելով ընտանիքիս անդամներին››,- հավելում է նա:

‹‹Կյանքի իմ ոսկե կանոնն է՝ միշտ հասնել նշանակետին: Երբեք կիսատ չեմ թողնում սկսածս գործը եւ միշտ շարժվում եմ նպատակի ճիշտ ուղղությամբ: Իսկ ամենագլխավորը՝ յուրաքանչյուր խնդրի վերաբերում եմ ամենայն պատասխանատվությամբ››,- հավելում է նա:

Հասմիկ Հակոբյան

1