ԿՈՉ` ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Համայն մարդկութիւնը այս օրերուն կը տառապի «քորոնա» ժահրի (կորոնավիրուս) յառաջացուցած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ կը շարունակէ անսանձ տարածուիլ եւ կը վարակէ ու կը խլէ նկատառելի քանակով զոհեր:
Այս աղէտէն բնականաբար անմասն չի մնար նաեւ մեր ազգն ու հայրենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքը, իր բոլոր միաւորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենեակներ ու յանձնախումբեր, երիտասարդական, ուսանողական կառոյցներ եւ ուղեկից միութիւններ` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, ինչպէս նաեւ համակիր կառոյցներով ու շրջանակով, իր ամբողջ կարողականութիւնը կը դնէ մեր ժողովուրդի տրամադրութեան տակ, յատկապէս` Հայաստանի ու Արցախի պետութեանց, առաւելագոյն աջակցութիւն ապահովելու պատրաստակամութեամբ:
Առ այդ, կոչ կ‘ուղղենք տարբեր գաղութներու ու համայնքներու մեր կառոյցներուն` առանց գաղափարական ու յարանուանական խտրութեան, յատուկ ճիգ թափել սպասարկելու մեր ժողովուրդի, եւ իմասնաւորի՝ անոր անապահով ու վտանգուած խաւի կարիքներուն։ Այս առումով արդէն իսկ որոշ աշխատանքներ իրականացուած են շատ մը համայնքներու մէջ եւ յաւելեալ թափով ալ պիտի ընդլայնուին:
Առաւել՝ հարիւր հազարաւոր տոլարի հասնող օժանդակութիւններ, ՀՕՄ-ի հետ գործակցաբար, արդէն հասցուցած ենք Հայաստան եւ Արցախ ու պիտի շարունակենք տրամադրել անհրաժեշտը: Այս ուղղութեամբ կապի մէջ ենք մեր զոյգ հանրապետութեանց համապատասխան պատկան մարմիններուն հետ: Արդ, կոչ կ’ուղղենք որ համահայկական օժանդակութեամբ մասնակցինք ՀՀ պետութեան կողմէ «քորոնա» ժահրի (կորոնավիրուս) վարակի կանխարգիլման և յաղթահարման նախաձեռնութեանը (մանրամասնութիւնները՝ http://www.moh.am/?fbclid=IwAR1f52Uq7hLdSvmCDKGurpOoLoE6znSGiOu5mXc2fYVOdbqxZDJwrHOikF0#1/1439 )։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ներկայ հանգրուանը կ‘ենթադրէ համազգային ճիգերու լարում եւ միասնականութիւն, կարգապահութիւն ու զգօնութիւն՝ յաղթահարելու համար մեր հայրենիքին ու ժողովուրդին դիմաց ծառացող վտանգը: Համոզուած ենք, որ համախմբուածութեամբ պիտի շրջանցենք այս հանգրուանը եւս: Կը վստահեցնենք բոլորին, որ մօտէն կը հետեւինք կացութեան ու անոր հոլովոյթին, անգամ մը եւս ընդգծելով, որ մեր ամբողջ կարողականութիւնը կը դնենք ի սպաս մեր ժողովուրդին:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
21 Մարտ, 2020 թ.
(արեւելահայերեն տարբերակը)
ԿՈՉ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Համայն մարդկությունը այս օրերին տառապում է «թագավարակ» ժահրի (կորոնավիրուս) ստեղծած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ շարունակում է անսանձ տարածվել ու վարակել և խլում է զգալի թվով զոհեր:
Բնականաբար այս աղետից զերծ չէ մնացել նաև մեր ազգն ու հայրենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցության մեծ ընտանիքը, իր բոլոր միավորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենյակներ ու հանձնախմբեր, երիտասարդական, ուսանողական կառույցներ եւ ուղեկից միություններ` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, ինչպես նաև համակիր կառույցներն ու շրջանակները, իր ողջ կարողականությունը դնում է մեր ժողովրդի տրամադրության տակ, հատկապես` Հայաստանի ու Արցախի պետություններին, առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ:
Առ այդ, կոչ ենք ուղղում տարբեր գաղութների ու համայնքների մեր կառույցներին` առանց գաղափարական ու հարանվանական խտրության, հատուկ ճիգ թափել սպասարկելու մեր ժողովրդի, և ի մասնավորի՝ նրա անապահով ու վտանգված խավի կարիքները։ Այս առումով արդեն իսկ որոշ աշխատանքներ իրականացվել են շատ համայնքներում և հավելյալ թափով դրանք պիտի ընդլայնվեն:
Ավելին՝ հարյուր հազարավոր դոլարի հասնող օժանդակություններ, ՀՕՄ-ի հետ գործակցաբար, արդեն հասցրել ենք Հայաստան և Արցախ ու պիտի շարունակենք տրամադրել անհրաժեշտը: Այս ուղղությամբ կապի մեջ ենք մեր զույգ Հանրապետությունների համապատասխան պատկան մարմինների հետ: Արդ կոչ ենք ուղղում, որպեսզի համահայկական օժանդակությամբ մասնակցենք ՀՀ պետության կողմից «կորոնա» ժահրի (կորոնավիրուս) վարակի կանխարգելման և հաղթահարման նախաձեռնությանը (մանրամասնությունները՝ http://www.moh.am/?fbclid=IwAR1f52Uq7hLdSvmCDKGurpOoLoE6znSGiOu5mXc2fYVOdbqxZDJwrHOikF0#1/1439 )։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ներկա հանգրվանը ենթադրում է համազգային ճիգերի լարում և միասնականություն, կարգապահություն ու զգոնություն՝ հաղթահարելու համար մեր հայրենիքի ու ժողովրդի դիմաց ծառացող վտանգը: Համոզված ենք, որ համախմբվածությամբ պիտի շրջանցենք այս հանգրվանը ևս: Վստահեցնում ենք բոլորին, որ մոտիկից հետևում ենք կացությանն ու նրա զարգացմանը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ մեր ողջ կարողականությունը ծառայեցնում ենք մեր ժողովրդին:
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ