Կվերանայվի արդյո՞ք 50-հազարի աջակցության ծրագիրը․ սա նվազագույնն է այսօր, որ ինչ-որ չափով մեղմացնում է տեղահանվածների խնդիրները
Գլխավոր » Լրահոս » Կվերանայվի արդյո՞ք 50-հազարի աջակցության ծրագիրը․ սա նվազագույնն է այսօր, որ ինչ-որ չափով մեղմացնում է տեղահանվածների խնդիրները

Կվերանայվի արդյո՞ք 50-հազարի աջակցության ծրագիրը․ սա նվազագույնն է այսօր, որ ինչ-որ չափով մեղմացնում է տեղահանվածների խնդիրները

Դժվար կացության մեջ հայտնված տեղահանված Արցախի ժողովուրդն այսօր էլ ավելի դժվար կացության մեջ կհայտնվի, եթե դադարի գործել բնակվարձի աջակցության ծրագիրը գործող տարբերակով։ Ըստ ՀՀ Կառավարության՝ 2025-ի ապրիլին կգործի ծրագրի նորացված տարբերակը։ Սակայն արցախցիները համաձայն չեն եւ արդարացված չեն համարում ծրագրի նման տարբերակը։ Նրանք պահանջում են շարունակել աջակցությունը՝ մինչեւ ընտանիքներն ապահովվեն մշտական բնակարաններով, մինչեւ ապահովվի նրանց վերադարձն Արցախ։

<Ապառաժ>-ի զրուցակիցն, ով նախընտրում է ընդհանուրի շահերից խոսել՝ իր ընտանիքի հաշվով ներկայացնում է․ ընտանիքը չորս անդամից է կազմված, որից երկուսը ուսանողներ են, ամուսինն ու կինը միասին աշխատելով հազիվ կարողանում են բնակվարձի հարցը լուծել, դրան ավելացված ուսանողների ծախսերը, տրանսպորտի ներկա թանկացման փաստը, կոմունալները եւ ընտանիքը՝ ոչինիչ չունենալով, հայտնվում է անելանելի վիճակում։ Ընտանիքում չորս անդամներից աշխատում են երեքը, սակայն չեն հասցնում նվազագույն ծախսերը հոգալ։ Ավելի ծանր իրավիճակում են հայտնվում երկանդամ ընտանիքները, միայնակ անձիք, այլ դժվար կացության մեջ են հայտնվում զոհված ազատամարտիկների եւ կերակրողին կորցրած ընտանիքները։

Ամեն ինչ կորցրած, հիշողություններով ապրող ժողովրդին՝ պարտադրվում է ենթարկվել ստեղծված իրավիճակին եւ ընդունել իրողությունը։ Նրանք դժվար են հարմարվում նոր իրավիճակին, շատերը գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում, հիմա հող չունեն, գյուղտեխնիկա չունեն, նախընտրում են մայրաքաղաքին մոտ ապրել, որպեսզի կարողանան աշխատանք գտնել, ոմանք ուսանողներ ունեն՝ հավելյալ ծախսերից խուսափելու համար բնակվում են մայրաքաղաքում, կամ Երեւանին մոտ համայնքներում, հետեւաբար բնակվարձի աջակցության ծրագիրը նվազագույնն է այսօր, որ ինչ-որ չափով մեղմացնում է նրանց խնդիրները։

Արցախի իշխանությունները տարբեր առիթներով հնչեցրել են ծրագրի շարունակականության կարեւորությունը, նաեւ բնակապահովման ծրագրի հետ կապված ներկայացվել է առաջարկությունների փաթեթ՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի պահանջները։

Արցախցիների շահերը հետապնդող Լիանա Պետրոսյանը ծրագրի հետ կապված հայտարարություն է տարածել, նշելով, -<Քանի որ այս պահին 40+10-ին համարժեք փոխարինող որևիցե ծրագիր-առաջարկ չկա, այդիսկ պատճառով ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի գործող ծրագրի շարունակականությունը>։

Ծրագրի նույն կարգով գործելը կարեւոր է համարել նաեւ <Հանուն Արցախի միավորումը>, ով վերջերս է ստեղծվել՝ իր մեջ համախմբելով Արցախի հասարակական կառույցներին, ովքեր եւս շարունակելու են պահանջել ծրագրի շարունակականությունը, ինչպես նաեւ արցախցիների իրավունքների համար պայքարը՝ նկատի առնելով նրանց սոցիալական ծանր վիճակը, արտագաղթի աճը, անորոշությունը։

ՀՀ Կառավարությունը դեռեւս չի արձագանքել Արցախի հասարակության պահանջին, կվերանայվի արդյո՞ք բնակվարձերի աջակցության ծրագիրը՝ հայտնի չէ։

Հ․Շինդյան

1