Կրթված երիտասարդությունը՝ երկրի ապագան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Կրթված երիտասարդությունը՝ երկրի ապագան

Կրթված երիտասարդությունը՝ երկրի ապագան

«Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»: Նժդեհյան այս խոսքերը, հիրավի, իրական վկայությունն են 1980-ականների վերջերից սկիզբ առած մեր ազգային-ազատագրական պայքարի, որի ակունքներում երիտասարդներն էին, իսկ այդ պայքարի արդյունքը ծնունդն է հայկական զույգ պետությունների:

Այդ գոյապայքարում իր առանձնահատուկ դերն է ունեցել Արցախի պետական համալսարանը (մայր բուհն այն ժամանակ կոչվում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ):

1988 թվականի փետրվարի 12-ին Արցախի պետական համալսարանի հայ ուսանողներն ու դասախոսներն առաջին անգամ Ստեփանակերտում բողոքի ցույց կազմակերպեցին, որը հետագայում դարձավ համաժողովրդական ազատագրական պայքարի Արցախյան փուլի մեկնակետը:

Պայքարի հետագա՝ ռազմական առճակատման փուլը ստիպեց, որ այդ նույն երիտասարդները, թողնելով իրենց ձեռքի գրիչը, զենք վերցնեն՝ հանուն սեփական հողի ու ժողովրդի հարատևման: Հազարավոր երիտասարդների արյան գնով, սակայն, բաղձալի հաղթանակն ի վերջո իրողություն դարձավ:

Պետո, Կարոտ, Բեկոր, Դուշման Վարդան… մեզ հաղթանակ պարգևած այս տղաները, սակայն, վերջին զոհերը չեղան: 30-ամյա մեր ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ ժամանակահատվածում շատերը հայոց սահմանների պաշտպանության ժամանակ ընկան ոսոխի նենգ փամփուշտներից: Հետո եկան ապրիլյան, հետո՝ քառասունչորսօրյա արհավիրքները:

Ու կրկին մեր երիտասարդներն ու ուսանողները, թողնելով իրենց ուսանողական ու աշակերտական նստարանները, ելան մարտի։ Ելան ու հավերժի ճամփորդների շարքերը կրկնապատկվեցին: Ադամ, Ռոբերտ, Ալբերտ, Արթուր, Ալեն. հազարավոր երիտասարդներ իրենց անունը փառքով պսակեցին Բեկորի, Դուշմանի և մյուսների անունների կողքին։

Դաժան ու անողոք էր պատերազմը։ Մարտադաշտից շատ շատերը չվերադարձան դեպի իրենց նստարաններ, իսկ նրանք, ովքեր վերադարձան, հայտնվեցին պայքարի մի նոր հանգրվանում, հանգրվան, որտեղ պայքարի ուղղությունները շատ-շատ են, անելիքները՝ բազմապիսի։ Նախա և հետպատերազմյան իրավիճակներում ուսանողական կյանքի տարբերությունների և դժվարությունների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Արա Սարգսյանի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսխորհրդի նախագահ Հրաչ Սայիյանի և Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսխորհրդի փոխնախագահ Նարինե Առուշանյանի հետ։

«Ապառաժ»-ը իր զրուցակիցներին առաջադրել է նույն հարցադրումները, որոնք ներկայացնում ենք ստորև.

 — Ինչո՞վ են այսօր հետաքրքրված արցախցի ուսանողները:

Ն.Առուշանյան.   Այսօր, ցավոք, փոխվել են ոչ միայն ուսանողների, այլև բոլորի հետաքրքրություններն ու նպատակները։ Այսօր բոլորիս հետաքրքրությունները կապված են Արցախի խաղաղ ու անվտանգ ապագայի հետ:

Ա.Սարգսյան. Պատերազմից հետո ուսանողներն ավելի շատ են իրենց պարտավորված զգում՝ հայրենիքին հնարավորին չափ օգտակար դառնալու համար։

Այսօր արցախցի ուսանողները ավելի շատ են մոտիվացված, հատկապես՝ հետպատերազմյան շրջանում, քանի որ ամեն կերպ փորձում են հմտանալ, որպեսզի կարողանան ի շահ մեր հայրենիքի գործունեություն ծավալել և դրան, իհարկե, նպաստում է բուհը` փորձելով օգնել ու հեշտացնել այդ գործընթացը։

Հ. Սայիյան.  Ինչպես յուրաքանչյուր արցախցի, ուսանողը ևս ունի մեկ նպատակ` ծառայել հայրենիքին։ Նա ամեն կերպ հետաքրքրված է իր կարողությամբ ու գիտելիքներով երկրին օգնելու, այս վիճակից դուրս բերելու խնդրով։ Դա կարող է լինել իր գիտելիքներով, հասարակական ակտիվությամբ, իր ձայնը լսելի դարձնելով, Արցախի դրոշը աշխարհի տարբեր տեղեր ծածանելով:

-Ո՞րն է պատերազմից հետո ուսանողների դերակատարությունը հասարակության մեջ:

Ա. Սարգսյան.  Պետք է կրթվել ու շարժվել դեպի առաջ, ցանկացած գնով նպաստել մեր երկրի, հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը, բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատել` ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի ապագայում լինենք մեր հայրենիքի արժանի զավակները։

Հ. Սայիյան.  Յուրաքանչյուր մարդու դերն իր հայրենիքում արժանի քաղաքացի լինելն է։ Ուսանողի դերակատարության բարդությունը կայանում է նրանում, որ ուսանողն է երկրի վաղվա ապագան։ Մեր սովորած, մեր կերտած սերունդն է վաղը պահելու Արցախը։ Սակայն, մինչ այդ, կա նաև ներկա, որն այդքան էլ լավ վիճակում չէ։ Ուսանողը պիտի այսօր դեռ փրկի ներկան. այն օրհասական է, այն անհստակ է ու անկանխատեսելի։ Պիտի ամեն ինչ անենք ղեկը ճիշտ կողմ թեքելու ու փոթորկից խուսափելու համար:

Նարինե Առուշանյան. Կարծում եմ՝ պատերազմից հետո բոլորիս դերն Արցախում ապրելն ու Արցախն ապրեցնելն է:

— Հիրավի, տեղին է ասված՝ Արցախում պետք է ապրել ու ապրեցնել Արցախը։

Բնական է, որ պատերազմն իր անջնջելի հետքն է թողել ուսանողների, նրանց ակտիվության և ուսման հանդեպ տրամադրվածության վրա։

Հ. Սայիյան.  Պատերազմի օրերին ու դրանից հետո երկար ժամանակ ուսանողները հասկանալի պատճառներով չէին կարողանում կենտրոնանալ կրթության վրա, սակայն կարևոր է գիտակցել, որ միայն կրթված լինելով կարող ենք կերտել մեր երազած երկիրը։ Եթե ամեն մեկս մեր գործում լինեինք լավագույնը, ապա այսօր այս վիճակը չէր լինի։ Այո՛, մեր այս վիճակի գլխավոր պատճառը կրթության թերի լինելն է։ Մենք պետք է լինենք կրթված քաղաքացի, կրթված ծնող, կրթված զրուցակից… Խոսքը միայն մասնագիտության մասին չէ, մեր առջև դրված բոլոր պարտականությունները պետք է կատարենք առավելագույնս։ Պիտի չանենք այն, ինչ մեր գիտելիքներին համապատասխան չէ. բժիշկը պետք է իր գործով զբաղվի, դասախոսը` իր, կոշկակարը` իր։ Չկան կարևոր ու անկարևոր գործեր։ Ամեն մեկս պետք է մեր տեղում լինենք, որպեսզի չվնասենք, որպեսզի չվնասվենք ու  կարողանաք հայրենիք կերտել:

Նարինե Առուշանյան.  Պատերազմը փոխել է բոլորին և ամեն ինչ։ Իհարկե, փոխվել է ուսանողների ակտիվությունը, ցավի ու կորստի հետ անհամատեղելի է ակտիվությունը, բայց այսօր փորձում ենք նորից առաջ նայել այն հստակ գիտակցումով, որ կրթվելով ու լավ մասնագետներ դառնալով կարող ենք օգնել մեր երկրին:

Ա. Սարգսյան.  Թեև առկա դժվարություններին ու մարտահրավերներին, ուսանողներն ավելի մոտիվացված են, քանի որ ստեղծված իրադրությունը պարտադրում է  նրանց կրթվել, որպեսզի ներքին ու արտաքին մարտահրավերներին կարողանան դիմակայել։ Պետության հզորացման ուղղություններից մեկը հենց կրթությունն է` իր մրցունակ ու գիտելիքներով զինված քաղաքացիներով:

-Գաղտնիք չէ, որ ուսանողները համարվում են հասարակության ամենաակտիվ կորիզը։ Արցախյան շարժումը սկսվեց համալսարաններից, սակայն այսօր կարծես թե ուսանողներն անտարբեր են քաղաքական զարգացումներին, կամ էլ ուղղորդվում են համալսարանների կողմից:  Ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ ուսանողներն ինքնուրույն չեն մասնակցում երկրի ճակատագրին վերաբերող գործընթացներին, մինչև որ նրանց թույլտվություն չեն տալիս համալսարանները, չեն ցուցաբերում ակտիվություն տեղի ունեցող զարգացումներին համապատասխան:

Ն. Առուշանյան. Արցախյան շարժման ժամանակ համախմբվածություն և հստակ տեսլական կար։ Այսօր համատարած անորոշություն է տիրում, որը կարծես շեղում է բոլորին և դեպի անտարբերության տանում:

Հ. Սայիյան.  Չեմ կարծում, թե չեն մասնակցում կամ սպասում եմ համալսարանից թույլատվության։ Գիտե՞ք, որ արգելված պտուղը միշտ էլ քաղցր է, և եթե համալսարանի թույլտվությամբ լիներ, ապա ավելի շատ մարդ կընդգրկվեր այս դեպքում։ Իմ կարծիքով, ընդհանուր հուսահատությունն է շատացել։ Մարդիկ շատ բան են կորցրել, ու, ցավոք, այդ ամենի հետ միասին նաև կորցրել են  իրենց հավատը։ Կան մարդիկ, ովքեր ծանր իրավիճակներից հետո հավաքվում ու ավելի մեծ ու ուժեղ կամքով առաջ են շարժվում։ Մարդիկ էլ կան, ովքեր մնում են հուսահատության մեջ ու դեռ կորցրածի մասին են մտածում։ Դժվար է, ծանր է բոլորիս համար էլ, բայց պիտի կարողանանք ընդունել իրականությունը ու գոնե ունեցածը պահել։ Պիտի հենց առաջին տիպի մարդկանց թիվը շատանա ոչ միայն ուսանողների, այլև ընդհանուր մարդկանց շրջանում, որպեսզի բարձրանա նոր ու անկոտրում ալիք առաջ շարժվելու ու հայ մնալու համար:

Ա. Սարգսյան.  Այս հարցում  ուսանողները չպետք է սպասեն համալսարանին։

Ուսանողը՝ բացի իր կրթությունից, ունի նաև անձնական կյանք և ինքն է որոշում, թե ինչպես պետք է շարժվել։ Յուրաքանչյուր ոք պետք է գործի սեփական խելքով։ Այսքանի հետ պետք է նշեմ, որ առկա փուլում տարբեր գործընթացներ են տեղի ունենում, որոնք կարող են իրականում չլինել այն,  ինչ երևում են առաջին հայացքից, և ուսանողները, ինչպես նաև ցանկացած քաղաքացի, պետք է ամեն քայլ անելուց վերլուծի, հետո` գործի:

-Արդյո՞ք ուսանողներն ակտիվ են և մասնակցում են կազմակերպվող հասարակական միջոցառումներին։

Հ. Սայիյան.  Մեր ուսանողների ակտիվության ապացույցները բազմաթիվ հավաստագրերն են՝ կնքված ՀԿ-ների, ՀՀ և ԱՀ բուհերի ՈՒԽ-ների հետ։

Մեր համալսարանը մասնակցում է հասարակական կազմակերպությունների և մնացած բուհերի ՈւԽ-ների կողմից կազմակերպված միջոցառումներին։ Շատ ակտիվ մասնակցել և մեր ուժերի չափով աջակցել ենք տարբեր ծրագրերի իրականացմանը։

Ա. Սարգսյան. Վերջին շրջանում ինչ-որ չափով ակտիվությունը արտահամալսարանական միջոցառումներին նվազել է, որն ունի իր պատճառները: Դա կապված է  քննաշրջանի, համալսարանում կազմակերպվող միջոցառումների ու համալսարանական այլ խնդիրների հետ։ Սակայն պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ նույնպես աշխատել ու աշխատում ենք, քանի որ տարեսկզբին մեր ռազմավարության մեջ դա ևս կար:

Ն. Առուշանյան. Մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ և ակտիվորեն մասնակցում ենք հասարակական ծրագրերին ու համազգային նշանակության բոլոր միջոցառումներին։

-Որո՞նք են ուսանողների հիմնական խնդիրներն այսօր համալսարանում:

Ա. Սարգսյան.  Ուսանողների հիմնական խնդիրները կապված են կրթական ոլորտի հետ, և իմ կարծիքով՝ այդ ուղղությամբ պետք է լինեն արմատական փոփոխություններ: Բոլոնյան համակարգը ներկա զարգացումներին համընթաց չի քայլում։ Խնդիր է նաև ուսանողների նախաձեռնողականությունը, որի ուղղությամբ արդեն իսկ սկսել ենք աշխատել` համագործակցելով համալսարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:

Ն. Առուշանյան. Թեև մենք ունենք հետաքրքիր ու հագեցած ուսանողական առօրյա, սակայն համալսարանում  ունեցած խնդիրները  կապված են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակով։ Պատերազմից հետո մենք ունենք մասնագետների պակաս, որը փորձում ենք լրացնել Հայաստանի ու արտերկրի մասնագետների հետ առցանց հանդիպումներով ու դասախոսություններով:

Հ. Սայիյան. Այսօր համալսարանները նորագույն տեխնոլոգիաներով կահավորման խնդիր ունեն: Ինչքան էլ դասախոսը դասապրոցեսը փորձի ավելի պարզ ու մատչելի դարձնել, ուսանողը տարբեր աղբյուրներից օգտվի նյութը յուրացնելու համար, մեկ համակարգչի ու պրոյեկտորի առկայությունն ավելի մատչելի ու ընկալելի կդարձնի դասավանդումը։ Միգուցե այդ կրճատված ժամանակն էլ ուսանողը կծախսի առարկայի մեջ ավելի խորանալու վրա: Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն համալսարաններին, այլ նաև դպրոցներին ու կրթական այլ հաստատություններին:

— Ինչպես գիտեք, ուսխորհուրդների առաքելությունը ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունն է։ Արդյո՞ք ուսխորհուրդներն այսօր ուսանողի կողքին են ուսանող-դասախոս հարաբերություններում:

Ն. Առուշանյան.  ԳՆ համալսարանում ուսանող֊-դասախոս հարաբերությունները բավականին անմիջական են։ Ուսանողական խորհուրդն, իհարկե, միշտ ուսանողների կողքին է, հատկապես՝ առաջին կուրսեցիների, նրանց օգնում է ինտեգրվել ուսանողական առօրյային, բայց դասախոսները ևս հետաքրքրված են ուսանողների խնդիրներով ու մտահոգություններով:

Հ. Սայիյան.  Մենք մեր ուսանողների և դասախոսների հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ։ Մեր համալսարանը հենց դրանով էլ առանձնանում է, որ ուսանող-դասախոս հարաբերությունները դասապրոցեսից հետո պաշտոնական չեն, այլ՝ ընկերական։ Կարծում եմ՝ սա ուսանողների համար լավ սովորելու ևս մեկ շարժառիթ է:

Ա. Սարգսյան. Ուսանողի կողքին ենք ցանկացած հարցում, որոնք վերաբերում են նրանց, իհարկե՝ օրինականության շրջանակներում։

— Ինչո՞վ են տարբերվում ԱրՊ, ՄՄ և ԳՆ համալսարանների ուսանողներն իրարից:

Հ. Սայիյան.  Որտեղ էլ որ լինի մարդը, շատ կարևոր է բացահայտել նրա պոտենցիալը, որպեսզի կարողանաս դա ճիշտ օգտագործել։ Դա վերաբերում է թե՛ աշխատանքի վայրում, թե՛ դպրոցում, թե՛ որևէ միջոցառման ժամանակ, ամենուր։ Մենք փորձում ենք հենց դա բացահայտել։ Մարդիկ կան, ովքեր դպրոցում բեմ չեն բարձրացել, բայց մեզ մոտ ակտիվ ուսանողների շարքում են։ Դասախոսները, ուսանողները միշտ ու ամեն տեղ նույնն են, կարևորը նրանց ճիշտ համագործակցությունն է ու երկուսի ունակությունների ճիշտ օգտագործումը:

Ա. Սարգսյան. Նախևառաջ՝ տարբերվում են ակտիվությամբ, իսկ ամենակարևորը` գիտական աշխատանքների ու հետազոտությունների ուղղությամբ, որն այս տարի զգալիորեն ավելի էր ընդգծված մեր ուսանողների մոտ։ Համալսարանի ուսանողները մասնակցել են ՀՀ և արտասահմանյան այլ բուհերի գիտաժողովների ու գիտական կոնֆերանսների, որը ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ աշխատանքների արգասիքն է:

Ն. Առուշանյան. Մենք ունենք ամենաազնիվ, ամենախելացի ու ամենաակտիվ ուսանողները:

— Որպես վերջաբան, ո՞րն է համալսարանների ասելիքն այն դիմորդներին, ովքեր սեպտեմբերից առաջին անգամ են հաճախելու իրենց համալսարաններ:

Հ. Սայիյան. Բարի գալուստ մեր ընտանիք։ Խոստանում ենք տալ որակյալ բարձրագույն կրթություն, ապահովել ուսանողների հիշարժան ուսանողական կյանքը: Փակագծեր չեմ բացում՝ այն թողնելով ուսանողների բացահայտմանը։

Ն. Առուշանյան. Պետք է դիմորդների մոտ ամրապնդենք այն համոզմունքը, որ բանիմաց, նպատակասլաց ու մասնագիտական կարողություններով օժտված երիտասարդներն են ուժեղ ու զարգացած պետության հիմքը։

Ա. Սարգսյան. Ինչպես ամեն տարի, այս տարի սեպտեմբերից ևս ԱրՊՀ-ն  կկազմակերպի համապատասխան միջոցառումներ, որպեսզի լուծի հետևյալ խնդիրները՝ իրազեկի ուսանողներին նրանց իրավունքների ու պարտականությունների մասին, շատ կարճ ժամանակահատվածում օգնի, որ ինտեգրվեն համալսարանական ակտիվ կյանքին, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր լուծելուն։

Վահագն Խաչատրյան

1