Կրթական համակարգն իրեն զոհում է, որպեսզի փոխվի կորոնավիրուսի ցուցանիշների պատկերը
Գլխավոր » Լրահոս » Կրթական համակարգն իրեն զոհում է, որպեսզի փոխվի կորոնավիրուսի ցուցանիշների պատկերը

Կրթական համակարգն իրեն զոհում է, որպեսզի փոխվի կորոնավիրուսի ցուցանիշների պատկերը

Նոկեմբերի 25-ի ԱՀ ԱԺ նիստում ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հարցին, նշել է, որ համավարակի պատճառով զոհ է դարձել կրթության համակարգը:

«Կրթական համակարգը իրեն ցայսօր զոհում է, որպեսզի ինչ-որ բան փոխվի կորոնավիրուսի ցուցանիշների պատկերում: Ցավում եմ, որ մնացած ոլորտները կամ բարեխիղճ չեն կամ կրավորական կեցվածք են ընդունել: Մեր միակ այլընտրանքն առցանց ուսուցումն է, որտեղ խնդիրներ են ծագել ինտերնետ կապի հզորության հետ: Ոչ թե ինտերնետ կապն է վատ Արցախում, սա թյուր կարծիք է, պարզապես ծնողները ձրի կապից են օգտվում, որի պատճառով ընդհատումներ են լինում»,- ասել է նախարարը՝ ծնողներին կոչ անելով ձեռք բերել ավելի արագ ինտերնետային փաթեթներ, որպեսզի առցանց դասերը չտապալվեն:

Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ մինչև հիմա շրջանների համայնքներում հիմնականում դասագործընթացը չեն ընդհատել. միայն Հարությունագոմերում է դպրոցը փակվել: Կորոնավիրուով վարակված են 5 ուսուցիչներ, 4-ն էլ մեկուսացված՝ թեստի բացասական պատասխանով:

«Բարձրագույն կրթության համակարգում ԱրՊՀ-ն ձեռք է բերել «Class room» հարթակ, որտեղ վերահսկելն էլ է հնարավոր և ամենի ինչ անխափան աշխատում է: Իսկ մյուս բուհերը տվյալ հարթակը ձեռք չեն բերել»,- տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:

Նա նաև նշել է, որ 138 աշակերտի գործեր դուրս են բերվել Արցախի դպրոցներից, իսկ վերջին ամսում Շահումյանի, Հադրութի և Շուշի շրջաններից 20 աշակերտ է վերադարձել Արցախ: Արցախի հանրակրթական դպրոցներում ներկայումս սովորում է 19340 աշակերտ:

1