Կրկնում են ադրբեջանական նարատիվները, դրանով նաև սահմանափակում են ապագայում մեր հնարավորությունները․ Արթուր Խաչատրյան

Մենք հրապարակային մեր կոչը արել ենք և տեղեկացրել մեր ակցիայի մասին, որ եթե դեսպանատնից հանդիպման ցանկություն ունեն, կհանդիպենք մեծ հաճույքով։ Այս մասին ՀՀ-ու Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա խաղաղ ակցիա է առ այն, որ 7 ամիս բոլորի աչքի առաջ Արցախի մեր 120 հազար հայրենակից (ներառյալ 30 հազար երեխա) բառացի ցեղասպանվում են։ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում։ Ստեղծում են կյանքի համար անհամատեղելի պայմաններ, որ մարդիկ իրենց հայրենիքից հեռանան։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել, բանաձևեր են եղել, բայց Ադրբեջանն անտեսում է այդ ամենը։ Եթե Ադրբեջանն անտեսում է հորդորները, ապա միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ ինքն ունի արդյունավետ լծակներ, որով կարողանա միջազգային կարգը պարտադրել միջազգային հանրությանը արհամարհող կողմին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք գործուն քայլեր են ուզում, որպեսզի կարողանան փրկել մարդկանց։
«21-րդ դարում քաղաքակիրթ մարդկանց աչքի առաջ մարդիկ սովամահության են դատապարտված, ո՞վ է տեսել, որ սննդամթերքը չեկով բաժանեն, երեխաները դպրոց չեն գնում, հիվանդներին չեն կարողանում վիրահատել»,- ասաց նա։
yerkir.am