Կոռուպցիայի դեմ պայքարի երեք անհրաժեշտ պայմանները
Գլխավոր » Լրահոս » Կոռուպցիայի դեմ պայքարի երեք անհրաժեշտ պայմանները

Կոռուպցիայի դեմ պայքարի երեք անհրաժեշտ պայմանները

ՀՅԴ Արցախի կառույցի Կենտրոնական կոմիտեի նախագահ, Դաշնակցության կողմից Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Մոսիյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարին առնչվող Դաշնակցության ծրագրային հիմնադրույթներին, ինչպես նաև՝ ԱՀ Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարվելու պատճառներին և այլ մանրամասների:

-Պարոն Մոսիյան, Դաշնակցության նախընտրական հիմնադրույթներում կարևոր տեղ է զբաղեցնում կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարը: Դաշնակցությունն ինչպե՞ս է պատկերացնում այդ արատավոր երևույթի դեմ պայքարի գործիքակազմը:

-Կոռուպցիան, որպես սոցիալական երևույթ, առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Խնդիրը դրա վտանգավորության չափի և պայքարի արդյունավետության աստիճանի մեջ է: Դաշնակցությունը գտնում է, որ կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ են երեք կարևոր ու համաժամանակյա պայմանների ապահովում:

Առաջինը՝ իշխանության քաղաքական կամքի արտահայտությունն է, որը կապահովի պետական համակարգի և բիզնեսի հստակ տարանջատումը: Խոսքը իրական տարանջատման մասին է, ոչ թե միայն փաստաթղթային կամ մանիպուլյացիոն ձևակերպումների:

Երկրորդը՝ խորը և համակողմանի վերլուծության արդյունքում՝ անհրաժեշտ օրենսդրական բազայի ապահովումն է: Այստեղ կարող է հարց առաջանալ. արդյո՞ք այդ օրենսդրական բազան բացակայում է: Ասեմ, որ՝ ոչ: Առկա օրենսդրությունը իրավապահ մարմիններին կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հնարավորություն է ընձեռում: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կոռուպցիան սոցիալական երևույթ է, ապա կարծում եմ, որ պայքարի արդյունավետության բարձրացման համար այդ օրենսդրական փաթեթը լրամշակման կարիք ունի:

Երրորդը՝ այդ պայքարին ունակ և չարատավորված թիմի առկայությունն է: Պայքարի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է՝ այդ գործընթացում, ինչու չէ՝ նաև պետական վերահսկողական մարմիններում ներգրավել նաև հասարակական հատվածին ու ընդդիմությանը: Հասարակության մեջ գոյություն ունի այն թյուր պատկերացումը, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն իրավապահ մարմինների գործառույթն է: Անշուշտ, այդ պայքարի պարտավորության կրողն ու առաջամարտիկը իրավապահ համակարգն է, սակայն առանց հասարակության լայն շերտերի աջակցության չի հաջողվելու այդ գործընթացն արդյունավետ իրականացնել ու հաջողությամբ հասցնել վերջնահանգրվանին: Ինչ վերաբերում է պետական վերահսկողական գործառույթներ ունեցող կառույցներում ընդդիմության ներկայացուցիչների ներգրավմանը, ապա նպատակահարմար է, որպեսզի գործադիր իշխանության աշխատանքի պետական վերահսկողական մարմիններում ներգրավածություն ու մասնակցություն ունենա նաև քաղաքական ընդդիմությունը: Գործադիր իշխանությունը, որը լավ է իրականացնում իր գործառույթները, պետք է խնդիր չունենա, եթե իրեն վերահսկողն իր թիմից չլինի: Կարծում եմ, որ այս հանգամանքն առավել շիտակ ու թափանցիկ կդարձնի գործադիրի աշխատանքը եւ արդյունավետ՝ կոռուպցիայի պայքարը:

-Պարոն Մոսիյան, մինչ այժմ որո՞նք են եղել Դաշնակցության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ դուք ստանձնել էիք Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի պաշտոնը:

-Նախ՝ որոշակի ճշտում մտցնենք հարցի մեջ: Ինչպես գիտեք, Գլխավոր դատախազի պաշտոնը ապաքաղաքական է: Ուստի, կոռուպցիայի դեմ Դաշնակցության պայքարը որևէ կապ չի ունեցել Գլխավոր դատախազի իմ պաշտոնի հետ: Ավելին ասեմ, մինչև Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելը, երբ դեռևս 2007-ին նշանակվեցի Վերահսկիչ պալատի նախագահ, գործում էր նույն օրենսդրական արգելքը, ըստ որի՝ այդ պաշտոնը նույնպես ապաքաղաքական է և չի կարող կուսակցական լինել: Նույնը վերաբերում է նաև Գլխավոր դատախազի պաշտոնին: Այդ ժամանակահատվածում, երբ դեռևս 2007 թվականի դեկտեմբերից կասեցրել եմ իմ անդամակցությունը Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, ընդհուպ մինչև 2019 թվականը ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ինչ վերաբերում է՝ որպես Գլխավոր դատախազ կոռուպցիայի դեմ պայքարում մեր ձեռնարկած քայլերին ու կիրառած մեթոդներին, ապա՝ նախ տեղեկացնեմ, որ ընդհանրապես վերջին տասնամյակում մեր հանրապետությունում որոշակի հաջողություններ են արձանագրվել կոռուպցիոն տարբեր դրսևորումների, կաշառակերության դեմ պայքարում: Մասնավորապես, վերջին տարիներին ընդհանուր հանցագործությունների, այդ թվում՝ նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները 97-98 տոկոս են կազմել: Անշուշտ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նման ցուցանիշը դեռ չի նշանակում, որ աճել է նաև հանցագործությունների թիվը: Կոռուպցիայի դեմ պայքարում՝ մենք որոշակի հաջողություններ ենք արձանագրել դատաիրավական համակարգում, իրավապահ մարմիններում, պետական կառավարման այլ համակարգերում: Կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում առկա հաջողությունները չնկատելն ուղղակի հնարավոր չէ: Հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ կոռուպցիայի ամենավտանգավոր դրսևորումներից մեկի՝ հովանավորչության դեմ մեր պայքարն անհրաժեշտ արդյունավետությամբ չի իրականացվել: Այս առումով անելիքներ դեռ շատ ունենք: Մի առիթով ասել եմ, որ կոռուպցիայի դեմ մեկ կամ երկու օր չեն պայքարում: Սա մի ախտ է, որը քանդում է պետության հիմքերը, և դրա դեմ պետք է շարունակական պայքարել ամեն օր, ամիս ու տարի: Այդ պայքարը միառժամանակյա գործընթաց չէ, այլև՝ շարունակական ու հարատև: Այդ է պատճառը, որ Դաշնակցությունը կոռուպցիայի խնդրի լուծման և արդյունավետ պայքարի գործընթացում կարևորում է անհրաժեշտ օրենսդրական բազայի, քաղաքական կամքի ու չարատավորված թիմի առկայությունը:

-Պարոն Մոսիյան, իսկ որն էր Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարվելու պատճառը:

-Դեռևս 2019 թվականին առիթ եղել է հայտարարելու, որ ՀՅԴ Արցախի կառույցն իր Բարձրագույն ժողովում ինձ ընտրել է Կենտրոնական կոմիտեի նախագահ: Այս երկու պաշտոններն անհամատեղելի են եղել: Ուստի, անմիջապես հաջորդ օրը, ես Գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել՝ գործունեությունս շարունակելով քաղաքական գործընթացներին մասնակցությամբ:

Վան Նովիկով

1