Կորցրինք մեր հայրենիքը, մնացինք անտուն, դռնեդուռ․ Ռաիսա Մադաթյան
Գլխավոր » Գաղափարական » Կորցրինք մեր հայրենիքը, մնացինք անտուն, դռնեդուռ․ Ռաիսա Մադաթյան

Կորցրինք մեր հայրենիքը, մնացինք անտուն, դռնեդուռ․ Ռաիսա Մադաթյան

-Շուտով կլրանա չորս տարին, որ ամուսինս մեզ հետ չէ․ ցավս բոլորովին չի մեղմանում, այն իմ սրտում է, մշտարթուն։ Ինչքան էլ փորձեմ, երեխաներիս համար չեմ կարող լրացնել նրա տեղը։ Հոգատար հայր էր, նվիրված ամուսին, սրտացավ բարեկամ, հավատարիմ ընկեր,- ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արմենակ Մադաթյանի կինը՝ Ռաիսան։

1993 թվականին են ընտանիք կազմել ու տեղափոխվել ազատագրված Շուշի, որտեղ ծնվել են նրանց երեք երեխաները։ Արմենակը Ավետարանոց գյուղից էր, Ռաիսան՝ Քարին տակից։ Հազարամյա պատմություն ունեցող արցախյան պատմական գյուղերում ծնված այս մարդիկ ցանկացան ապրել հինավուրց բերդաքաղաքում։ Արմենակը աշխատանքի անցավ ԱՀ ուժային տարբեր կառույցներում։ Մինչև երկարատև ծառայության համար թոշակի անցնելը անվերապահորեն նվիրված էր հասարակական կարգի և անվտանգության պահպանման գործին։ Թոշակի անցնելուց հետո իր պարտքը համարեց լրացնել Արցախի աշխարհազորայինների շարքը․․․

Կրկնակի տեղահանվելուց հետո երրորդ անգամ է ցանկանում տուն ու տեղ դնել տիկին Ռաիսան։ Երբ այցելեցինք Երևան քաղաքում վարձակալած նրա տունը, մի փոքրիկ Արցախ հայտնաբերեցինք այնտեղ։ Պատուհանագոգերի մի մասում չիր ու չամիչ էր չորանում, իսկ մյուսում՝ կանաչեղենի տեսականին։ Փոքրիկ տան ամեն մի անկյունը Արցախով էր շնչում։ Դաժան օրեր տեսած, դժվարությունների միջով անցած կինը մեզ դիմավորում է ժպիտով՝ փորձելով ցույց չտալ հոգու մեծ ցավը։ Տան ամենապատվավոր տեղում Արմենակ Մադաթյանի անկյունն էր․ մեծադիր նկարից նա նայում էր խոսուն հայացքով․․․

-2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, բոլորս տանն էինք։ Տղաս՝ Կարենը, որ ծառայում էր ԱՀ ՊԲ-ում, այդ ժամանակ արձակուրդում էր։ Հրետանու առաջին զարկերից հետո որդիս ու ամուսինս դուրս եկան տանից՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Քիչ անց վերադարձան, որդիս հագավ զինվորական շորերը և միացավ ծառայակից ընկերներին, իսկ ամուսինս կամավոր մեկնեց դիրքեր։ Աղջիկներիս հետ գնացինք նկուղ ու այդտեղ մնացինք մինչև հոկտեմբերի 5-ը, ապա հարևանների հետ դուրս եկանք Շուշիից ու մեկնեցինք Հայաստան։ Տանից ոչինչ չենք վերցրել, որովհետև մտածում էինք՝ շուտով կվերադառնանք։ Ամենից շատ մեր ընտանեկան ալբոմների համար եմ ցավում․ չէ՞ որ մեր ողջ կյանքն այդ նկարների մեջ էր ամփոփված․․․

Համարյա ամեն օր կապվում էի ամուսնուս ու որդուս հետ։ Վերջին անգամ նոյեմբերի 3-ին խոսեցի Արմենակի հետ․ ձայնը ճնշված էր, մտազբաղ էր խոսում։ Ասաց՝ Ավետարանոցս էլ չկա, Քարին տակը վտանգված է ու լռեց երկար, ապա շարունակեց՝ երեխաներիս լավ կպահես։ Դա մեր վերջին խոսակցությունն էր․․․Այդ պահին իմ սրտում ինչ-որ բան փշրվեց, միանգամից տագնապեցի, սակայն փորձում էի չմտածել վատթարագույնի մասին։

Այլևս չկարողացա կապվել ամուսնուս հետ։ Տարբեր տեղերից մարդիկ զանգում էին ու հարցնում Արմենակի մասին, հետո հասկացա, որ բոլորն արդեն գիտեին, որ նա զոհվել է, բայց չէին ցանկանում ասել։ Զանգեցի Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին․ նրա եղբայրն ու Արմենակը մի խրամատում էին՝ Շուշի քաղաքի մուտքի մոտ։ Քաղաքապետի ձայնից հասկացա՝ կատարվել է սարսափելին․ Արմենակն ու նրա եղբայրը զոհվել են դիպուկահարի կրակոցից, իրենց իսկ կողմից փորված խրամատում։ Այդ օրը թշնամին գրավում է նաև Քարին տակը։ Միանգամից կորցրի իմ ամենաթանկը՝ ամուսնուս, հարազատ գյուղս ու Շուշին,-պատմում է տիկին Ռաիսան։

Միայն նոյեմբերի 14-ին է հաջողվում թշնամու վերահսկողության տակ անցած տարածքից հանել տղաների աճյունները և 17-ին հողին են հանձնվում Երևանի Եռաբլուր պանթեոնում։

2020 թվականի վերջին Մադաթյանների ընտանիքը Արցախ է վերադառնում և փորձում վերսկսել կյանքը։ Պետության կողմից նրանց բնակարան է տրամադրվում, որտեղ, սակայն,  հասցնում են ապրել ընդամենը մեկ տարի։

-Ամուսինս պատգամել էր երեխաներին լավ պահել․ պարտավոր էի․․․Ամեն ինչ նորից սկսեցի ստեղծել, զավակներս օգնում էին ինձ։ Ստեփանակերտի արվարձանում հողամաս ձեռք բերեցի, ու տղայիս հետ սկսեցինք հողագործությամբ զբաղվել։ Տարբեր մշակաբույսեր ցանեցինք ու առատ բերք ստացանք։ Շրջափակման ժամանակ բերքը բաժանում էի մեր հարևաններին ու բարեկամներին։ Ուժերի գերլարումով դիմակայեցինք շրջափակմանը և մտածում էինք շուտով կբացվի կյանքի ճանապարհը, սակայն, ավա՜ղ, այս անգամ ավարտն ավելի աղետալի էր։ Կորցրինք մեր հայրենիքը, մնացինք անտուն, դռնեդուռ։ Նորից զոհեր տվեցինք, նորից երեխաներ որբացան ու կանայք այրիացան։ Չգիտեմ՝ ինչ է սպասվում արցախահայությանը։ Ցավալի է, որ Հայաստանից մեծ արտագաղթ է նկատվում։ Տղաս ևս մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն մենք մտադիր ենք Հայաստանում տուն ձեռք բերել ու այստեղ ապրել,- շարունակում է խոսքը տիկին Ռաիսան, ապա վերստին վերադառնում 2020 թվական, վերհիշում հայրենի Քարին տակը, մտաբերում ծննդավայրի ամեն մի անկյունը և արցունքոտ աչքերով ասում՝ թշնամին 90-ականների վրեժը լուծեց ու գետնին հավասարեցրեց մեր գյուղը։ Նա չկարողացավ մարսել, որ 90-ականներին Քարին տակ գյուղը կարողացավ հերոսաբար պայքարել ու կանգուն մնալ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1