Կոչ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ

Կոչ

Հայ Յեղափոխական Դաշնակցության  ամբողջ  ընտանիքի անունից, ի հայրենիք և ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք  հայտնում Լիբանանի եղբայրական  ժողովրդին և  լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի  հետևանքով արձանագրված մարդկային, բարոյական և նյութական անգնահատելի կորստի և վնասների համար:

Մեր խորազգաց ցավակցությունն ենք  հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք  մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին, դժվարին այս պայմանները  հաղթահարելու համար:

Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Լիբանանի մեր համայնքը եղել է, է՛ ու կմնա  հայ ժողովրդի կարևոր մեկ օղակը, որը  մի՛շտ ու անվերապահորեն իր առավելագույնն է նվիրաբերել  մեր ժողովրդի հավաքական բագինին, և մղձավանջային պայմանների բերումով այսօր ի՛նքն է գտնվում աննախընթաց լրջագույն մարտահրավերների դիմաց: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությունը, ընկերային-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս բոլորին զուգահեռ  սարսափելի պայթյունը իրավամբ դարձել են անտանելի ու անհասկանալի` մարդկային բանականության համար։

ՀՅԴ Բյուրոն, ահասարսուռ պայթյունի առաջին իսկ վայրկյանից, մնայուն կապի մեջ է Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հետ և մոտիկից հետևում է դեպքերի զարգացմանը: Հարվածը և ստացած մարդկային, բարոյական ու նյութական վնասը աննախադեպ է:

Վստահ ենք, որ Հայաստանի և Արցախի մեր պետությունները պիտի գործնականորեն  օժանդակություն  ցուցաբերեն  լիբանանահայ համայնքին:

Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին ճգնաժամի այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին:

Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր Մարմինները, երիտասարդական/ուսանողական միավորները, ինչպես նաև մեր ուղեկից միությունները` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, Հայ Դատի գրասենյակները եւ հանձնախմբերը՝  իրենց ամբողջ ներուժը արդեն իսկ զորաշարժի են ենթարկել ի խնդիր Լիբանանանի հայության օժանդակության:

Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը և մեկ անգամ ևս  ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինելու մեր հավատամքը:


ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
5 օգոստոսի, 2020 թ.

1