Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին. Նուբար Աֆեյան
Սուրբ Աննա եկեղեցում այսօր հնչեցվեց միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների ու պատանդների, Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարության տունդարձի համար։
Այնտեղ էր նաեւ բարերար Նուբար Աֆեյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ չի կարող լինել խաղաղություն, որի հիմքում արդարությունը չէ դրված։
«Ամենակարևոր բանը, որը պետք է անենք, արդարություն ապահովելն է՝ գերիների համար և այդ արդարության վրա հիմնված խաղաղություն ստեղծելը»։
Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, Նուբար Աֆեյանն ասաց․ «Ինձ համար անընդունելի է, որ մեծ հայ, նվիրյալ Ռուբենին, ով հարյուրավոր միլիոններ է ծախսել բարերարության վրա, կարող է որևէ մեկը մեղադրել իբրև այլ ծրագրերի պատկանող անձի։ Նա Արցախ գնաց՝ անհանգիստ լինելով այնտեղ տիրող վիճակով, կյանքը վտանգի ենթարկեց»,- ընդգծեց Նուբար Աֆեյանը։ Նա նշեց, որ քսանչորս տարվա Ռուբեն Վարդանյանի հետ անցած ճանապարհին որեւէ հետք չի տեսնում այն ամենի հետ կապված՝ ինչում նրան մեղադրում են։
Ավելի վաղ՝ X-ի իր միկրոբլոգում, Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու մյուս բոլոր հայ գերիներին: Նա գրել է, որ լրացավ մեկ տարին, ինչ իր ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի կերպով ձերբակալվել է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ այլ հայերի հետ նա շարունակում է ապօրինի պահվել Բաքվում, որտեղ բացահայտորեն խախտվում են նրանց հիմնարար իրավունքները:
«Աշխարհը չպետք է նկատի անարդարություն ու ոչինչ չանի: Ժամանակն է գործելու, հատկապես, երբ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել COP29-ը՝ ծաղրելով այն, ինչը պետք է առանցքային կլիմայական իրադարձություն լինի աշխարհի համար, որը մարդու իրավունքները համարում է իր օրակարգի առանցքը: Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»,-գրել է Աֆեյանը: