Կմեկնարկի նոր սոցիալական ծրագիր. ԱՀ խորհրդարանում անցկացվել են լսումներ
Գլխավոր » Լրահոս » Կմեկնարկի նոր սոցիալական ծրագիր. ԱՀ խորհրդարանում անցկացվել են լսումներ

Կմեկնարկի նոր սոցիալական ծրագիր. ԱՀ խորհրդարանում անցկացվել են լսումներ

ԱՀ ԱԺ  «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության առաջարկությամբ սոցիալական և առողջապահության  հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 4-ին,  Ազգային ժողովում հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «ԱՀ շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացման նոր սոցիալական ծրագիր» օրակարգով:

Լսումներին մասնակցում էին  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ սոցիալական զարգացման և  միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը, պատգամավորներ:

Խորհրդարանական լսումները վարել է ԱԺ սոցիալական և առողջապահության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ  Գրիգորյանը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Քննարկվել է շրջափակման սոցիալ- տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված նոր սոցիալական ծրագիր:

Պետնախարարը հավաստիացրել է, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջափակման ընթացքում ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարման համար: Նոր ծրագրի շահառուների ցանկում, նախնական տվյալներով, կընդգրկվեն Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք՝ ներառյալ երեխաներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ:

Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ ծրագրի շահառուներին կցուցաբերվի 40-50 հազար  դրամական աջակցություն: Ծրագրի շարունակականության արդիականությունը կորոշվի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո:

Այնուհետև լսումներն անցել են հարց ու պատասխանի ձևաչափով: Պատգամավորների կողմից հնչել են հարցեր, առաջարկություններ ծրագրի կազմակերպման ընթացակարգի, դիմումների ընդունման կարգի, հնարավոր խնդիրներից խուսափելու և ծրագրին առնչվող այլ հարցերի շուրջ:

Պետնախարարը նշել է, որ ծրագիրը կյանքի կկոչվի մայիսից, իսկ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի շահառուները աջակցությունից օգտվեն հունիսի սկզբին:

Լսումներին ներկայացված նոր սոցիալական ծրագիրը հավանության է արժանացել խորհրդարանականների կողմից:

Արցախի Հանրապետության 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

1