Քրդական գործոնը Իրան-Թուրքիա հարաբերություններում
Գլխավոր » Լրահոս » Քրդական գործոնը Իրան-Թուրքիա հարաբերություններում

Քրդական գործոնը Իրան-Թուրքիա հարաբերություններում

Իրան-Թուրքիա բազմակողմ հարաբերություններում հատկապես մեծ նշանակություն ունի քրդական գործոնը, որը միավորում է այդ երկու պետություններին ընդդեմ մեկ ընդհանուր գլխացավանքի: Այս առումով հետաքրքիր էին Իրաքյան Քրդստանում 2017 թ. անցկացված հանրաքվեի համատեքստում նրանց համատեղ հայտարարություններն ու քննարկվող օրակարգային խնդիրները:

Քրդական խնդրի համընդհանուր ակտիվացման և Սիրիայում քրդերի որոշակի հաջողությունների պայմաններում կան իրողություններ, որոնք թեկուզ կարճ ժամանակով, բայց հնարավոր են դարձնում Թուրքիա-Իրան համագործակցությունը։ Բացի այդ՝ քրդական իրողությունները ճիշտ ընկալելու համար պետք է հասկանալ, թե ինչ քաղաքական կառույցի ու առաջնորդի ազդեցության տակ է քրդական այս կամ այն տարածքը։ Եվ եթե անգամ ներկա փուլում, սիրիական զարգացումներով պայմանավորված, PKK-ի տեսանկյունից կա ընդհանուր մոտեցում, Անկարայի ու Թեհրանի դիրքորոշումները չեն կարող նույնը լինել Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ու Քրդստանի հայրենասիրական միության (ՔՀՄ) վերաբերյալ. առաջինը համագործակցում է Թուրքիայի հետ, իսկ երկրորդը հովանավորվում է Իրանից ։ Գաղտնիք չէ, որ և՛ ՔԴԿ-ն, և՛ ՔՀՄ-ն Քրդստանի տարածաշրջանային կառավարության մաս են կազմում, և դրանց միջև կան բազում խնդիրներ: Հենց այդ պատճառով կողմերից և ոչ մեկը չի ցանկանա զոհաբերել իր շահերը Իրաքյան Քրդստանում՝ օգնելու մյուսին վերահսկողության տակ պահելու իր քրդական բնակչությունը: Ու թեև Իրանն ու Թուրքիան հեռու են հուսալի ընկերներ լինելուց, տարիների ընթացքում նրանք ցուցաբերել են պրագմատիկ մոտեցում փոխշահավետ հարցերի շուրջ աշխատելու գործում։

Այս համատեքստում կարևոր է հասկանալ, որ թեև քրդական գործոնը որոշակի պատուհան է բացում Իրան-Թուրքիա համագործակցության համար և ընդհանուր շահեր է հետապնդում, բայց և այնպես, այդ ընդհանուր շահերը միանշանակ չեն, ինչը պայմանավորված է Իրանի քրդերի հավատարմությամբ իրանական իշխանություններին, ինչի հակառակ պատկերը այսօր տեսնում ենք Թուրքիայում: Իրանը ստեղծել է մի այնպիսի մթնոլորտ, որում թվում է, թե քրդերը հավասար ազգ են և օգտվում են բոլոր այն հնարավորություններից, ինչ իրանցիները: Իրանը կարողացել է խուսափել քրդական կոմպակտ բնակչությունից մեկ տարածքում և ցրել է քրդերին երկրի տարբեր հատվածներ՝ Քերմանշահից մինչև Սանամդաջ, Ատրպատականից դեպի Խորասանի խորքերը և այլն: Բայց չմոռանանք, որ քրդերի վրա մեծ ազդեցություն ունեն արևմտյան ուժերը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, նաև Ռուսաստանը, որոնք Թուրքիայի տարածքում ստեղծել են մի շարք թաքնված բջիջներ, որոնք հարկ եղած ժամանակ հակաիշխանական տրամադրություններ են հրահրում:

Հարկ է նշել, որ ԻԻՀ-ն կարողանում է իր պետության ներսում հավասարակշռել քրդական ազգայնամոլական շարժումներն ու թուրքերի պանթյուրքիստական նկրտումները, թուրքերին ու քրդերին հավաքելով Ուրմիայի տարածքում` խժդժություններ է հրահրում նրանց միջև ու ստիպում, որ պայքարեն միմյանց դեմ՝ այդպիսով նրանց հեռու պահելով հակաիշխանական գործողություններից:

Իրան-Թուրքիա հավերժական մրցապայքարը հետաքրքիր է դիտարկել սիրիական խնդրի համատեքստում, որը, կարելի է ասել, արաբական աշխարհի ամենաբարդ ճգնաժամերից է և շարունակվում է արդեն մի քանի տարի։ Իրանը և Թուրքիան՝ որպես տարածաշրջանային երկու առաջատար երկրներ, ի սկզբանե ներգրավվեցին ճգնաժամի մեջ և, նպատակ ունենալով փոխելու Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզն ու ուժերի հավասարակշռությունը, փորձեցին վերահսկել իրավիճակը Սիրիայում։ Այդ ուղղությամբ նրանց ջանքերը հանգեցրին աննախադեպ մրցակցության՝ հիմնված գաղափարական և ինքնության փոփոխականների վրա:

Իրանի համար սիրիական հակամարտությունը դարձել է բոլոր հակառակորդների դեմ գաղափարախոսական, կրոնական և աշխարհաքաղաքական պայքարի կիզակետ: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք ավելի շատ բան ունեն կորցնելու Սիրիայում Բաշար Ասադի կառավարման տապալման հետևանքով, քան նրա միակ տարածաշրջանային դաշնակից Իրանը: Թեև Իրանն իր միջուկային նկրտումների պատճառով ենթարկվում է դաժան տնտեսական էմբարգոների, բայց նա ֆինանսական և ռազմական անգնահատելի օգնություն է ցուցաբերում Բ. Ասադի իշխանության պահպանման համար: Իրանի համար այս հակամարտությունը կարևոր է ոչ միայն Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն սահմանելու առումով, այլև որ հարմար գործիք է պայքարելու Իսրայելի, ռադիկալ ջիհադական սուննիների, Պարսից ծոցի երկրների իշխանությունների և ԱՄՆ-ի դեմ:

Իրանա-սիրիական դաշինքը ոչ այնքան երկու երկրների օրգանական կապ է, որքան երկու ավտորիտար վարչակարգերի միջև ռազմավարական փոխհամագործակցություն: Սիրիան ոչ միայն համարվում է Իրանի միակ դաշնակիցը՝ սկսած 1979 թ. հեղափոխությունից (և´ Հաֆեզ Ասադի, և´ նրա որդի Բաշար Ասադի օրոք), այլև աշխարհագրորեն ապահովում է Թեհրանի կապը լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորման հետ, որի ստեղծումը դարձել էր հետհեղափոխական Իրանի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Սիրիան և «Հեզբոլլահ»-ը ԱՄՆ-ի և Իսրայելի իրանական «դիմադրության առանցքի» կարևոր բաղադրիչներն են, և «Հեզբոլլահ»-ի ունեցած զինամթերքի մեծ մասը Իրանը փոխանցում է Դամասկոսի օդանավակայանով: Այդ «կամուրջը», առանց Բաշար Ասադի, կփակվի:

Հարկ է նշել, որ Սիրիայի հետ հարաբերություններում Թեհրանի քաղաքականությունը որոշում է ոչ թե իրանական ԱԳՆ-ն, այլ ԻՀՊԿ-ի «Ղոդս» էլիտար ստորաբաժանումը: Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը, որը փախել էր երկրից 2012 թ. օգոստոսին, նշել է, որ Սիրիան լցված է իրանական վարչակարգով, երկիրը կառավարում է ոչ թե Բաշար Ասադը, այլ «Ղոդսի» այդ ժամանակվա գլխավոր հրամանատար Ղասեմ Սուլեյմանին :

Քրդական խնդրի շուրջ իրադարձությունները զարգացան արդեն 2022 թ. հուլիսի կեսերին, երբ Հյուսիսային Իրաքի Դոհուկ նահանգի «Զախո» զբոսաշրջային հանգստավայրում թուրքական հրետակոծության հետևանքով 9 խաղաղ բնակիչներ զոհվեցին, ևս 23-ը վիրավորվեցին։ Դրան հետևեց այն, որ Բաղդադը Անկարայից ետ կանչեց իր երկրի պաշտոնական հավատարմատարին։

Չնայած համացանցում տարածված հրետակոծության տեսահոլովակներին՝ պաշտոնական Թուրքիան ժխտում է իր դերակատարումը տեղի ունեցածում։ Վերջինս իր հերթին կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդում է քուրդ զինյալ ահաբեկիչների վրա և ԱԳՆ-ի մակարդակով կոչ է արել Իրաքյան Քրդստանի պաշտոնատար անձանց համագործակցելու միմյանց հետ՝ դեպքերի իրական մեղավորներին գտնելու և պատժելու համար։

Վերոնշյալ իրադարձությունների առնչությամբ չուշացավ նաև Իրանի արձագանքը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին քննադատեց իրաքյան «Զախո» հանգստավայրում կատարված հրետակոծությունը։ Ն. Քանանին, ցավակցական խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, Իրաքի իշխանություններին և ժողովրդին, ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար աջակցությունը Իրաքում կայունության և անվտանգության ապահովման հարցում և հավելեց, որ Իրաքի անվտանգությունը համարում է Իրանի անվտանգությունը և պատրաստ է ցուցաբերելու ցանկացած օգնություն ։

Դեպքերի տրամաբանական շարունակությունը եղան անհնազանդության ակցիաները Իրաքում Թուրքիայի դեսպանատան առջև, ի հետևանք որի անգամ իրաքցիները հարձակվեցին դեսպանատան վրա։ Քերբալայում որպես թուրքական օկուպացիայի դեմ բողոք այրեցին «սատանիստների դրոշը» ։
Նշված իրադարձություններում հետաքրքրականն այն էր, որ մինչ Իրաքի արաբները բոյկոտում էին, դրոշ այրում և այլ ձևերով արտահայտում իրենց բողոքը թուրքական իշխանություններին, քրդերն այդ ընթացքում մարտի դաշտում պայքարում էին զենքը ձեռքներին։

Ի պատասխան հնչող մեղադրանքների՝ Թուրքիան վերսկսել է Սիրիայի քրդերի դեմ ռազմական նոր հարձակման իր սպառնալիքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Թալ Ռիֆաաթ շրջաններում քրդական ուժերի դեմ քայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին հայտարարելուց հետո՝ հուլիսի 21-ին, Թեհրանում միացավ եռակողմ գագաթնաժողովին՝ աջակցություն փնտրելով: Մինչ Իրանն ու Ռուսաստանը՝ սիրիական հակամարտության մյուս երկու արտաքին հիմնական խաղացողները, սանձում էին նրան, Թուրքիան պնդում էր, որ Սիրիայում նոր արշավի համար որևէ մեկի «թույլտվության» կարիքը չունի:

Գագաթնաժողովում ստորագրված հռչակագրով կողմերը խոստացան համագործակցել Սիրիայի հյուսիսում «անհատներին և ահաբեկչական խմբավորումներին վերացնելու» և ցանկացած անջատողական հավակնության դեմն առնելու համար:

Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, որոնք սիրիական հակամարտությունում երկար ժամանակ աջակցել են հակառակ կողմերի, երբևէ հստակ որակում չեն տվել, թե, ըստ իրենց, ով է «ահաբեկիչը» :

Հետաքրքրական էր նաև Ռ. Թ. Էրդողանի խորհրդական Այհան Օգանի թվիթերյան գրառումը, որում մասնավորապես նշվում էր, որ Թուրքիան, սիրիական Մոսուլ և Հալեպ քաղաքների վրա վերահսկողություն սահմանելով, կարող է ստեղծել նոր անվտանգային գոտի։ Նա ընդգծել է, որ շուրջ 4 միլիոն սիրիացի բնակվում է Իդլիբում` Թուրքիայի պաշտպանության ներքո, շուրջ 2 միլիոն սիրիացի՝ Թուրքիայի անվտանգ շրջաններում, իսկ շուրջ 3.7 միլիոն սիրիացի համարվում է փախստական։ Հաշվի առնելով նշված թվերը՝ Ա. Օգանը հայտարարել է, որ Թուրքիան ավելի շատ ձայնի իրավունք ունի Սիրիայում, քան Բ. Ասադի ընտանիքը։ Խորհրդականը զգուշացրել է, որ եթե շարունակվի Թուրքիայի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը պրովոկացիաների ենթարկելը, ապա իրենց ոչինչ չի մնա անելու, քան Հալեպից դեպի Մոսուլ անվտանգային նոր գոտի ձևավորելը ։
Սիրիական հակամարտության սրման համատեքստում Անկարայում համատեղ ասուլիս են տվել նաև Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիրաբդոլլահյանը և Մևլութ Չավուշօղլուն։

Իրանի ԱԳ նախարարն իր ասուլիսում դեմ չարտահայտվեց Սիրիայում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին, բայց միաժամանակ կոչ արեց «երկխոսության և խաղաղ» մեթոդների կիրառման։ Այս խոսքերից հետո Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այդ խոսքերը Իրանի «անուղղակի կանաչ լույսը» չեն Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների համար, և Թուրքիայի մտահոգությունները «պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»: Նա ընդգծել է, որ այդ հարցում Իրանի տեսակետները հստակ են ու կայուն, և թուրք ընկերները դա գիտեն։
Անցած մի քանի շաբաթների ընթացքում Թեհրանի և Անկարայի հարաբերությունների վրա ազդել են նաև Իսրայելի կառավարության նախազգուշացումը իր քաղաքացիների՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ և Թուրքիայում ութ մարդու ձերբակալության մասին լուրերը: Նշվում էր, որ ձերբակալվածները «մարդասպանների թիմ» են՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, որը Ստամբուլում իրականացնում էր հետապնդումներ Իսրայելի քաղաքացիների նկատմամբ։
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը՝ իսրայելցի քաղաքացիների սպանության ծրագիրը խափանելու և «իրանական ահաբեկիչների կողմից Թուրքիայի ազգային ինքնիշխանության կոպիտ խախտումները» կանխելու համար, սակայն Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն իրենց ասուլիսում չեն նշել այդ մասին ։

2016 թ. ամռանից ի վեր Թուրքիան չորս գործողություն է իրականացրել Սիրիայում, վերջինը՝ 2019 թ. հոկտեմբերին, և Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ բուֆերային գոտի է ստեղծել։

Այսպիսով՝ քրդական խնդիրը մշտապես եղել և շարունակելու է մնալ Իրան-Թուրքիա հարաբերություններում և´ համագործակցության, և´ մրցակցության գլխավոր գործոններից մեկը։ Կարելի է նկատել, որ կողմերը մշտապես շահարկելու են այս ճգնաժամը՝ միմյանց հակակշռելու, զսպելու և հարկ եղած դեպքում նաև ճնշման մեխանիզմներ կիրառելու նպատակներով։ Իրանի համար Սիրիան տարածաշրջանում գերիշխանության լծակներ կենտրոնացնելու գլխավոր օղակներից է, և պատահական չէ, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ կայունության պահպանումը Սիրիայում առաջնահերթ է իր երկրի անվտանգության ապահովման համար։ Այս համատեքստում կարելի է եզրակացնել, որ, չնայած իր բացահայտ սպառնալիքներին և որոշակի գործողություններին, Թուրքիան չի հանդգնի մեծածավալ գործողություններ սկսել՝ հաշվի առնելով Իրանի հնարավոր միջամտությունը։

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 8 (1669), 2022թ․

1