ՔՊ խմբակցության ներսում քաղաքական տարաձայնություններ կան
Գլխավոր » Լրահոս » ՔՊ խմբակցության ներսում քաղաքական տարաձայնություններ կան

ՔՊ խմբակցության ներսում քաղաքական տարաձայնություններ կան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասացին, որ խմբակցության նիստերում տարակարծիք են, իրենց ներսում քաղաքական տարաձայնություններ կան: Այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Մեր կողմից ծանր խոսակցություն է եղել հենց այն առումով, որ ՔՊ պատգամավորները ժամանակ առ ժամանակ ամենաբարձր ամբիոնից հայտարարում են, թե Արցախը կարող է Ադրբեջանի հետ համակերպվել, ապրել, տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում: Ցավոք սրտի, այդ մտքեր հնչեցողները հանդիպմանը ներկա չէին, որպեսզի մենք ավելի կոնկրետ և առարկայական մեր հարցադրումներն անեինք: Եթե ՔՊ կուսակցության քաղաքական գիծը որոշում է մի անձ, որն Արցախում կանգնում և ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ ու այսօր խուսափում է Արցախ գալուց, Արցախը հայկական անվանելուց, ճիշտն ասած նրանց ասածները «հալած յուղի» տեղ չենք կարող ընդունել, անհրաժեշտ է ամեն անգամ մեր կողմից նման հարցադրումներ, պնդումներ անել և ինչ-որ տեղ պարտադրել, որ չփորձեն Արցախի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել»,- ասել է նա:

Ըստ Դավիթ Գալստյանի՝ ՔՊ-ում հասկացել են, որ Արցախը միայն Արցախի հարց չէ, հասկացել են, որ Արցախը տալով՝ Ադրբեջանի ախորժակը մեծանում է. հետո Սյունիքն են ուզելու, հետո մյուսները: «Միգուցե հասկանալով, որ ամբողջ ազգն է վտանգված, կգնան այնպիսի քայլերով, որ չվնասեն, հուսով ենք, բայց չենք կարող միանշանակ հավատալ»,- իր խոսքում նշել է պատգամավորը:

1