Քննարկման է ներկայացվել աջակցության նոր ծրագիր․ այն կրկին չի բավարարում տեղահանվածների կարիքները
Գլխավոր » Լրահոս » Քննարկման է ներկայացվել աջակցության նոր ծրագիր․ այն կրկին չի բավարարում տեղահանվածների կարիքները

Քննարկման է ներկայացվել աջակցության նոր ծրագիր․ այն կրկին չի բավարարում տեղահանվածների կարիքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն կստանան։

Աջակցության ամսական չափը կկազմի՝

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ,

ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ:

Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։

Հրատապ աջակցությունից օգտվել չեն կարող՝

• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,

• պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքները,

• ընտանիքները, որոնց անդամներից մեկը ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։

Դիմելու ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ և մինչև մարտի 21-ը Ձեր առաջարկ-դիտարկումներն ուղարկել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8387

Նախագիծը կրկին արցախցիների կողմից միանշանակ չի ընդունվում, հերթական անգամ հաշվի չեն առնվում արցախցիների իրավունքները, սոցիալական հարթակներում իրենց մտահոգություններն են արտահայտում տեղահանված մեր հայրենակիցները։ Տեղահանությունից հետո ամեն ինչ կորցրած Արցախի ժողովուրդը առավել ծանր կացության առջեւ է կանգնած, հերթական անգամ ՀՀ Կառավարությունն առաջարկում է նախագիծ, որը խորացնելու է առանց այն էլ խորացված սոցիալական ճգնաժամը։ Արցախի ժողովուրդը պահանջում է շարունակել աջակցությունները՝ բոլորի համար, մինչեւ արցախցի յուրաքանչյուր ընտանիք իր սեփական տանիքն ունենա։

1