Քերթում բացվել է ընթերցասերների ակումբ

Մայիսի 7-ին Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտական նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Գրագիտունիկներ» ընթերցասերների ակումբի բացումը: Բացմանը ներկա էին Արցախի գրական ընտանիքի անդամներ Դավիթ Միքայելյանը, Վան Նովիկովը, Հերմինե Ավագյանը, Տաթև Սողոմոնյանը, Զարինե Սառաջյանը, Սոսի միջն. դպրոցի ԴՀ ուսուցիչ առաջնորդ Գրիգոր Էլիզբարյանը, համայնքի ներկայացուցիչներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին գրառում է կատարել գրող, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Քերթի դպրոցում դասավանդող Վիտալի Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ընթերցասերների ակումբն արդեն իրականություն է՝ շնորհիվ «Հայ ուսանողների միության», Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի, Music International կազմակերպության, Հայաստանի և Արցախի Գրողների Միությունների, բազմաթիվ այլ անհատների, ովքեր չխնայեցին սեփական միջոցները՝ երեխաներին ժամանակակից նոր գրականությամբ ապահովելու համար:

Միջոցառման ընթացքում Վիտալի Պետրոսյանը ներկայացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության նպատակաուղղվածությունը, համայնքային ծրագրերի դերը համայնքի զարգացման գործում, նախագծի ստեղծման պատմությունը, համայնքի զարգացման առաջիկա նախագիծը, որը շուտով կմեկնարկի: Արցախի գրողների ստեղծագործություններից արտասանություններով, երգ ու պարով հանդես եկան Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան միջն. դպրոցի աշակերտները:

Իր երաժշտությամբ ու երգով միջոցառմանը համ ու հոտ հաղորդեց քերթեցի երիտասարդ երգիչ ու երաժիշտ Դավիթ Բաղրյանը: Արցախում ստեղծվող գրականությունը ներկայացրեց Արցախի գրական ընտանիքի անդամ Զարինե Սառաջյանը: Ելույթներով հանդես եկան Դավիթ Միքայելյանը և Հերմինե Ավագյանը: Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրեն Ստելլա Ղուլյանը:
Լուսանկարները՝ Վիտալի Պետրոսյանի
