Քարին տակում մզկիթ է կառուցվում

«Այն դժոխքը, որի միջով անցավ մեր ժողովուրդը ու ողջ մնաց, դա նշանակում է անելիք ունենք ու երբեք, ոչ մի վայրկյան չդադարենք գործել»,- MediaHub-ին ասում է Քարին տակ գյուղի բնակիչ Նարինե Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս, ու վաղուց ընդունված փաստ է, որ Փաշինյանն ու Ալիևը գործում են համատեղ ու համաձայնեցված. «Ու այսօր մեզ ավելի շատ պետք է մտահոգի ոչ միայն մեր տների ավերումը, այլև վերադարձը։ Մենք ունենք դրա բավարար իրավունքը, որ վերադառնանք ու կանխենք մշակութային ցեղասպանությունը, գերեզմանների պղծումը»:
2020 թվականին Քարին տակ գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արցախի հայաթափումից հետո այն ամբողջությամբ ավերվել է, բոլոր տներն ու հասարակական նշանակության շինությունները հավասարեցվել են հողին։ Պղծվել են գերեզմանները, գյուղում նոր մզկիթ են կառուցել։
«Քարին տակն այն գյուղերից էր, որ կառուցվել էր Շուշիի ոճով՝ սպիտակ քարով, կամարաձև պատուհաններով, նեղ ու քարե փողոցներով։ Պատմական տեսքը պահպանվում էր մինչև ադրբեջանական վանդալների այդ տարածքում հայտնվելը։ Հիմա գյուղը չկա, գյուղի տեղը կա, հիշողությունը կա, վերադարձի կամքը կա, նորը կառուցելու ցանկությունը կա։ Մեզ միայն պակասում է իշխանությունների կողմից ճիշտ բանակցություն։ Եթե չեն ապահովում մեր անվտանգ վերադարձը, գոնե պայմանավորվեն, որ ձեռք չտան մեր գերեզմաններին։ Մեզ զրկեցին սառը շիրմաքար գրկելու հնարավորությունից»,- նշում է նա։



Նարինեն թեև չի հավատում ու այլևս չի վստահում որևէ միջազգային կառույցի, բայց մեջբերում է՝ հայկական հուշարձանների, այդ թվում՝ գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ. «Սա, համենայնդեպս, մեր վերջին հույսն է»։
Համաձայն այդ որոշման, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով և գերեզմանատներով։
«Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է համաձայն Հռոմի Ստատուտի։ Բայց աշխարհը թքած ունի այս ամենի վրա, որովհետև Հայաստանի իշխանությունը խոշոր հաշվով պետք է ձեռնարկի միջոցներ, որ այս ամենը կանխվի։ Մինչև ե՞րբ ենք ջուր լցնելու թշնամու ջրաղացին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան