Քարին տակի հերոսամարտը՝ արցախյան տարեգրության հերոսական էջերից մեկը
Գլխավոր » Լրահոս » Քարին տակի հերոսամարտը՝ արցախյան տարեգրության հերոսական էջերից մեկը

Քարին տակի հերոսամարտը՝ արցախյան տարեգրության հերոսական էջերից մեկը

Հունվարի  26-ին  Արցախյան  տարեգրության   հերոսական  էջերից մեկի`   Քարին տակի  հերոսամարտի  28-րդ  տարեդարձն է: Հետադարձ  հայացք  ձգելով մեր  անցած պատմությանը,  տեսնում  ենք, որ  յուրաքանչյուր  սերնդի բաժին  ընկած  ճակատագրում   քիչ  չեն  եղել  նրանց  նետված  մարտահրավերները:  Մեր  ժողովրդի  բոլոր սերունդներին   բաժին  է  հասել  հայրենիքը   պաշտպանելու  ուրույն  տեսակ: Պատմության  դժբախտ  բերումով   Մեզ  բաժին  է  հասել  անբարիշտ  հարևաններ   և  իր  տան,  օջախի  պատիվը  փրկելու  համար  հայը  ստիպված  է եղել  զենք  վերցնել: Այդպես էր  նաև  28 տարի  առաջ հունվարի  26-ին: Ազերիների  որջի  ու  զինապահեստի  վերածված  բերդաքաղաքը  գերության  ու  պատանդության  վերջին  ճիգերն էր  անում, չհասկանալով,  որ  «այն  ժողովուրդը,  որ  չի  ուզում  մեռնել,  երբեք չի  մեռնի»: Փրկության  զորասեղանին  էր  դրված  ամբողջ  բնակչության  կյանքը: Բոլորը` մեծից  փոքր ոտքի  ելան մեռնելու  կամ  հաղթելու  համար:  Եվ  Պարսպասարի  տակ  ծվարած  այս  չքնաղ   բնօրրանը պատվով կատարեց իր  առջև  դրված  խնդիրը:Ճի´շտ  է,  ցավալի  կորուստներով,  սակայն ով  գաղափարի  հետ  է  մեռնում , մեռնում  է  որպես  հատիկը   ցորենի,  իսկ  հատիկի  մահով նոր  կյանքեր  են  ծնվում: Կոտորածներով ու  մահերով   հարուստ  մեր  կենսագրությունը  չի  ունեցել  և  չի  ունենա  վերջին  վերջակետ : Քանզի   հայն  աղ  ու  հացով   երդվելով  ու   այն  սրբապղծելով, քնած    սպային դանակահարելը  հերոսություն  համարելով, երեխա  սպանելու  գաղափարախոսությամբ,  վիրավոր  զինվորի  գլուխը  կտրելով  ու  երեխաններին  ի  ցույց   դնելով չի´  դաստիարակվել  ու  չի´    դաստիարակվում: Հա´յը, այս   հին  աշխարհի   հնագույն  բնակիչը`   քաջայր  է և  կռվի  մեջ  հետ  չի  մնացել  ոչ  մեկից,  նա  ուսել է  շատ  ծանր   տառապանքներ, զրկվել   իր  պատմական  հայրենիքից,  բայց   և  հասկացել,  որ  հարևանին  դուր  գալու  համար   չպետք  է  հանդերձափոխվի  նրա  պես,  այլ  խոսի  նրա  իսկ  լեզվով:

Արցախյան  անկոտրում կամքի  շնորհիվ  մեր  երկիրը  հայրենիք  դարձավ,  իսկ  հայրենիքը  պահանջում  է  սեփական  կյանքի  նվիրում: Հայրենյաց  պաշտպանի մասնագիտությունը,  հայրենիքին  ծառայելը, նրա  խոնարհ  ծառան  ու   հպարտ  զինվորը  լինելը  գալիս է  դարերի  խորքից: Մեր  պատմության  անցյալ  դարերը  լի  են  քաջության օրինակներով, ներկված  են նահատակների  արյամբ: Դրանով չի  սպառվել մեր  արյունը  և  չի  կորսվել  քաջությունը մեր  շարքերից: Դարեր  շարունակ հայոց  ազգն  այդպես  է  ապրել` իր  ինքնության  համար   պայքարելով, իր  վաղվա  համար  այսօր  մեռնելով :

Մեր  անվտանգության  երաշխիքը   մեր  բանակն է և  սխալված  չենք  լինի, եթե  ասենք,որ  ԼՂՀ բանակաշինությունը  հիմք  դրվեց Կրկժանի կրակակետերի  ոչնչացմամբ  և  Քարին  տակի  հերոսամարտով: Այսօր  մեր  բանակը  ամուր  կանգնած  է մեր  ժողովրդի  անվտագության  ապահովման, անկախ  պետականության  շինարարության դիրքերում: Ապրիլյան  քառօրյա  պատերազմը   դրա  փայլուն  ապացույցն  է և  չնայած մենք  կորցրինք  մեր  լավագույն տղաներին, սակայն  չերկնչեցինք  ու  չերերացինք: Շատ  թանկ  արյուն  հեղվեց  ու  հողն  այս  ավելի սրբագործվեց: Մենք  հասկացանք ու  հասկացրինք, որ  մահից ավելի կյանքն  է  զորավոր և  որ  այս  հողի  վրա  մենք ապրել  ենք, կա´նք և պիտի  լինենք ու դեռ  շատանանք:

Փա´ռք  մեր  բանակին,

Փա´ռք   մեր  նահատակներին ,

Փա´ռք    մեր  ժողովրդին:

Եվ  ես` լինելով  երիտասարդ քարինտակցի ու  հպարտանալով  գյուղիս  հերոսական  հաղթանակով   Արցախ  աշխարհին մաղթում  եմ խաղաղ  երկինք  և  պատմության քառուղիներում ընդմիշտ վեհ  կանգնելու տոկունություն:

Հերմինե Հովհաննիսյան

1