Քամի փչոցի հերթը «հողմերի քաղաք» Բաքվում
Գլխավոր » Լրահոս » Քամի փչոցի հերթը «հողմերի քաղաք» Բաքվում

Քամի փչոցի հերթը «հողմերի քաղաք» Բաքվում

Բնական այդ տարերքը՝ հողմը, անշուշտ, միանգամայն հատկանշական է մեր հարեւան երկրի մայրաքաղաքին՝ Բաքվին, կամ, ինչպես երբեմն պատկերավոր անվանում են այն՝ հողմերի քաղաքին։ Անկախ տարվա եղանակից՝ այն գրեթե անփոփոխ է Բաքվում։ Նրանք, ովքեր երբեւէ ապրել եւ կամ հանգամանքների բերումով այցելել են այնտեղ, կարծում եմ, հազիվ թե մոռանան քամու փչոցից ավազահատիկների անդուր խշրտոցն ատամների տակ։ Ասում են՝ հենց այդ տհաճ իրողությունից է ծագել քաղաքի անունը, եւ իբր թե նրա առաջին հայ բնակիչներն են հայերեն հիշոցի տեսքով կնքել այդ քաղաքի անունը՝ «բա քու…»։

Հետագայում ոչ այնքան ականջահաճո ամբողջ հիշոցից սերունդների հիշողության մեջ մնացել է միայն առաջին երկու բառը, եւ քաղաքն այդպես էլ սկսեցին կոչել Բաքու։ Մի խոսքով՝ հայկական ծագման «բա քու…» հիշոցն անփոփոխ մնացել է որպես Ադրբեջանի մայրաքաղաքի անուն։ Այսօր էլ նրա փողոցներում ու հրապարակներում անփոփոխ տիրություն է անում սանձարձակ հողմը՝ ավազի կեղտոտ հատիկներն անխնա լցոնելով քաղաքի բացարձակապես ներկայիս տերերի՝ ադրբեջանցիների եւ նրա այլազգի բնակիչների բերանները։ Նրանցից ոչ մեկը, ատամների տակ խշրտացող ավազահատիկները դուրս թքելով, այլեւս զզվանքով չի արտաբերում հայերեն «բա քու…» հիշոցը, քանզի «հողմերի» այդ քաղաքում վաղուց ի վեր հայ չի մնացել. նրանց կամ գազանաբար հոշոտել են 1990-ի հունվարին եւ կամ բռնատեղահանել եւ լաստանավերով քշել թուրքմենական անապատները։

Վերջին շրջանում Բաքվում, ապշերոնյան բնական հողմերի հանգույն, հետզհետե անհամեմատ սաստկանում, սպառնալի տեսք են ստանում նաեւ ռազմական բնույթի հողմերը, որոնք, ինչպես հավաստում են տեղի լրատվամիջոցները, այլեւս ի զորու են ավերելու, հողին հավասարեցնելու «ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքներում ապօրինի ստեղծված Հայաստանի Հանրապետությունը եւ նրա օկուպացրած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»։ Թե ինչու՝ հատկապես այլեւս, այլ ոչ թե մինչեւ հիմա, նրանց պարզաբանմամբ, որովհետեւ ադրբեջանական բանակն իր սպառազինությամբ ու կենդանի ուժով, նաեւ մարտունակությամբ հիմա է, որ քանիցս գերազանցում է հայկական ուժերին եւ, որպես այդպիսին, ունակ է կարճ ժամանակամիջոցում հեռահար հրթիռահրետանային կայանքների կետադիր հարվածներով ոչնչացնել թշնամու, այսինքն՝ հայկական զինուժի թիրախավորված բոլոր հենակետերը։

Որպես ռազմական հաջողության նախակարապետ՝ մատնանշվում են 2016-ի ապրիլյան մարտերը, որոնց ընթացքում իբր թե ադրբեջանական բանակը 1994-ի մայիսյան հրադադարից հետո առաջին անգամ փայլուն հաղթանակ է արձանագրել իր հաշվում՝ զինտեխնիկայի եւ կենդանի ուժի վիթխարի կորուստներ պատճառելով հայկական զինուժին, ազատագրելով հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, անհամեմատ բարելավելով իր դիրքային հնարավորությունները։

Մի կողմ թողնենք Բաքվի այդ կարգի անհիմն պնդումները, քանզի թե՛ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, թե՛ հայ քաղաքական ու ռազմական վերլուծաբանները, թող անհամեստություն չթվա, եթե ասեմ՝ ես ինքս իմ մեկնաբանություններում քանիցս անդրադարձել ենք այդ իրադարձություններին՝ ջրի երես հանելով ադրբեջանական «հաղթական» հռետորաբանության մերկապարանոց սուտն ու սնանկությունը։ Ուստի, եւս մեկ ավելորդ անգամ չկրկնենք քանիցս ասվածը։

Պարզապես արձանագրենք, որ իբրեւ հնարավոր ռազմական հաջողության երաշխիք՝ Բաքուն տարփողում է եւս երկու հանգամանք։ Դրանցից առաջինը վերաբերում է արդիական զինատեսակներով ադրբեջանական բանակի սպառազինման շարունակական գործընթացին։ Մասնավորապես, վերջերս Բաքվի լրատվամիջոցների շռնդալի մատուցմամբ հաղորդվել է ադրբեջանական բանակի զինանոցը 2018 թվականին եւս մեկ արդիական զինատեսակով՝ իսրայելական արտադրության «ԼՈՌԱ» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքներով համալրելու մասին։ Ընդ որում՝ նշվում է, թե Ադրբեջանը, փաստորեն, առաջին եւ միակ երկիրն է, որին Իսրայելը մատակարարել է այդ կայանքները։ Իսկ թե ինչու երկու տարվա վաղեմության այդ գործարքն այդքան ուշացումով է ներկայացվում ադրբեջանական հանրության, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող հայկական պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի ուշադրությանը, մանավանդ, դա ի սկզբանե անգամ գաղտնիք չի ներկայացնում իրենից, կարծում եմ, դժվար չէ կռահել։ Բանն այն է, որ Բաքուն այսպիսով իսկ, մի կողմից՝ իր սեփական ժողովրդին վերստին հավաստիացնում է, որ պետությունն արդեն իսկ լիովին պատրաստ է հայերի դեմ նոր սրբազան պատերազմի, այսպես կոչված, «հայրենի պատմական հողերը հայկական օկուպացիայից ազատագրելու համար» եւ պահանջվում են ողջ հանրության հավանությունն ու միահամուռ աջակցությունը, մյուս կողմից՝ հերթական սպառնալիքն է հղում հայկական կողմերին՝ փորձելով, իր իսկ կարծիքով, «վերջնականապես ահաբեկել» հայ ժողովրդին առաջիկա նոր «բլից-կրիգով»։

Երկրորդ հանգամանքը զինված ուժերի պարբերական լայնածավալ զորավարժություններն են, որ Ադրբեջանը մշտապես անցկացնում է հակամարտ զորքերի շփման գծի անմիջական մերձակայքում՝ ձգտելով դրանք հնարավորինս հարմարեցնել լեռնային տեղանքի պայմաններին, գործարկելով իր զինանոցում կուտակված ցամաքային եւ օդային կիրառման բոլոր զինատեսակները, պայմանական մարտադաշտ նետելով ամենատարբեր զորատեսակների տասնյակ հազարներով կենդանի ուժ եւ բազմաթիվ զինտեխնիկա։

Մասնավորապես, որպես տիպական օրինակ, կարելի է վկայակոչել վերջին զորավարժությունները, որոնք անց են կացվել մայիսի 18-22-ը։ Ինչ խոսք, դա նույնպես հայկական կողմերին ուղղված ռազմական սպառնալիքի՝ մկանների ցուցադրման ձեւ է, որը, ինչպես նախորդ դեպքերում էր, դարձյալ ուղեկցվել է նույն կամ հետագա օրերին այդ երկրի ղեկավարության, այդ թվում՝ ռազմական գերատեսչության հոխորտալի հայտարարություններով։ Մասնավորապես, ահա տեսեք, թե ինչ աստիճան հոխորտալի է զորավարժություններից օրեր անց՝ մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, որի մեջ այդ գերատեսչությունը, ինչպես նշվում է հաղորդագրության վերնագրում, «խոստացել է ջախջախել Հայաստանը եւ հանդես եկել նրա հետ բանակցությունների դեմ». «Այն միջոցները, որոնք կիրառվելու են, ավելի կործանարար եւ ավերիչ կդառնան 2015, 2016, 2018 թվականների համեմատությամբ։ Հակառաորդը կրելու է վիթխարի կորուստներ, ինչն իր հերթին հանգեցնելու է լրիվ պարտության։ Միակ լեզուն, որով պետք է խոսել հակառակորդի հետ, զենքի ուժն է, որի կիրառմամբ մենք Հայաստանի օկուպացիոն ուժերին կպարտադրենք լքել մեր տարածքի սահմանները»։

Ինչ խոսք, այն հանգամանքը, որ ներկայումս աշխարհում տարածված թագաժահրի պատճառով ահա արդեն երեք ամիս է, ինչ առկախված են միջազգային միջնորդների պարբերական շրջայցերը տարածաշրջան եւ անմիջական հանդիպումները հակամարտ կողմերի երկրների բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաեւ զորքերի շփման գծում իրականացվող դիտարկումները, Ադրբեջանի ղեկավարությանը դրդում է անխոհեմ, ոչ ողջամիտ քայլերի դիմել՝ կոպտորեն խախտելով ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային հիմնարար սկզբունքները։ Մյուս կողմից, կշտամբանքի է արժանի միջնորդական առաքելության ներկայացուցիչների անհասկանալի լռությունը նման ռազմաշունչ հայտարարությունների կապակցությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք, մեղմ ասած, առնվազն անտարբեր են իրադարձությունների հնարավոր պայթյունավտանգ սրացման հանդեպ, եթե ոչ ավելին։

Երեւի թե դա է պատճառներից մեկը, որ պաշտոնական Բաքուն դարձյալ շարունակում է մնալ իր իսկ վաղեմի հիվանդ երեւակայության եւ սեփական հռետորաբանության գերին՝ պահ իսկ չխորհելով ու չպատկերացնելով, որ՝ թե Հայաստանը եւ թե Արցախը, ինչպես ասում են, ձեռքները ծալած նստած չեն՝ անտարբեր ու անհաղորդ սպասելով ոխերիմ թշնամու հերթական արկածախնդրությանը։ Ընդունված է ասել՝ մարդկային թուլություն է մոռանալ անցյալը։ Բայց արդյո՞ք այդ աստիճան կարելի է թուլամիտ լինել՝ մոռանալով այն հսկայական մարդկային ու նյութական կորուստները, որ Ադրբեջանը կրել է Արցախի դեմ եւ հանձին նրա՝ Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի դեմ իր սանձազերծած պատերազմներում։ Կարծում եմ՝ հարկ չկա որպես ապացույց կրկնելու նաեւ ադրբեջանական հանրությանը քաջ հայտնի իրողությունները։

Ուստի, անցնենք Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության եւ նրա ղեկավարի՝ նախարար Զաքիր Հասանովի վերջերս կատարած մեկ այլ «խոստովանությանը»:

Մայիսի 30-ին, հանդես գալով իր հրավիրած գերատեսչական խորհրդակցությունում, Հասանովը հակահայկական իր հոխորտանքներում ինքնամոռաց խոստովանել եւ, փաստացի, վերջնականապես ընդունել է, որ ադրբեջանական կողմն է եղել 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը՝ ի դեմս իրեն եւ իր գերագույն հրամանատարի, այսինքն՝ նախագահ Իլհամ Ալիեւի: Ավելին, նա խոստովանել է, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջեւ դրված խնդիրը չեն կարողացել լուծել: Այլ կերպ ասած, նա իրականում ընդունել է, որ երկուսով՝ պետության ղեկավարը եւ անձամբ ինքն են պատասխանատու ապրիլյան արկածախնդրության օրերին ինչպես հայ, նույնպես եւ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Սոսկ հիշեցման կարգով նշենք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում, իսկ այն, ինչպես գիտեք շարունակվել է նաեւ հրադադարի հաստատումից հետո՝ ընդհուպ մինչեւ մայիսի կեսերը, հայկական կողմը տվել է 108 մարդկային կորուստ, իսկ ադրբեջանական կողմը՝ 588 սպանված, այդ թվում՝ 221 հատուկ նշանակության ջոկատայիններ։ Ի դեպ, վերջիններս ադրբեջանական բանակի ընտրանու՝ գեներալ Հիքմեթ Միրզաեւի ընդհանուր հրամանատարության տակ գործող եւ թուրքական զինվորական հրահանգիչների կողմից Յաշմա անվանումով առանձնակի պատրաստություն անցած հատուկ նշանակության զորքերի թիվ 052 բրիգադի գրոհայիններն էին, որոնք ապրիլի 2-ին առաջինն էին ներթափանցել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը։ Սակայն, արժանի հակահարված ստանալով դիրքապահ հայ զինվորների կողմից, ադրբեջանական զինուժի պարծանքն ու հույսը հանդիսացող մարդասպանների այդ ոհմակը ստիպված եղավ ճողոպրել՝ կրելով հսկայական կորուստներ, զինակիցների դիակները թողնելով հայկական դիրքերի մերձակայքում։

Արդյո՞ք ադրբեջանական բանակի համար նույն անփառունակ ճակատագիրը չեն նախապատրաստում գեներալ Հասանովը եւ նրա գերագույն հրամանատար Ալիեւը՝ որոճալով նոր արկածախնդրական պատերազմ Հայաստանի եւ Արցախի դեմ։ Չի բացառվում։ Ավելի ստույգ՝ հաստատապես։ Համենայն դեպս, Բաքուն արդեն ստացել է համապատասխան նախազգուշացումը՝ գրեթե միաժամանակ Ստեփանակերտից եւ Երեւանից։ Այսպես, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի այն հայտարարությանը, թե «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում», Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է. Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն եք ընտրել: Պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք եւ ուզում եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել»:

Իր հերթին՝ մեկնաբանելով Զաքիր Հասանովի հայտարարությունը, Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը գերատեսչության անունից հայտարարել է. «Հակառակ դեպքում հայկական զինված ուժերն ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ եւ ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994թ. եռակողմ հրադադարի արդյունքներն ու պաշտպանելու Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգությունը»:

Ադրբեջանի օդերեւութաբանների հաղորդմամբ՝ այս օրերին Բաքվում եւ Ապշերոնի թերակղզում հիմնականում տեղումներ չկան, փչում է հարավային քամի։ Այսինքն՝ բնական տարերք հանդիսացող հողմի խնդիր չկա։ Բայց ահա, ի տարբերություն կենդանի բնության, խառնաշփոթ քամի է սուրում այդ հանրապետության առաջին դեմքերի գլխում։ Ըստ երեւույթին, կառավարման ոլորտում ներկայումս իրականացվող փոփոխությունները նաեւ յուրատեսակ հերթափոխ են ենթադրում պետություն-բնություն հարաբերություններում։ Այնպես որ, կարելի է պնդել, որ պարզապես այս օրերին Ադրբեջանի իշխանություններինն է քամի փչոցի հերթը։

Միքայել Հաջյան

1