Համախմբվել Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ. Դավիթ Մելքումյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համախմբվել Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ. Դավիթ Մելքումյան

Համախմբվել Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ. Դավիթ Մելքումյան

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ

Արցախում, Հայաստանում և Սփյուռքում հայությունը այսօր ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը:

Ամբողջ Արցախում երեկվանից կրկնակի ավելացել են մտահոգությունները եւ մարդիկ, շատ դեպքերում, չգիտեն, թե այդ հարցերով ում կարելի է դիմել:

Հանրային իրազեկման ամենաընդունված հարթակներից մեկը հենց Ազգային ժողովն է եւ կարծես, այս առումով մենք փորձում ենք մեր ձեռքը միշտ պահել երկրի կենսագործունեության եւ մեր շուրջ տեղի ունեցող փոփոխությունների զարկերակին: Այնուամենայինիվ, ուզում եմ փաստել, որ մեզ չի հաջողվել կամ ավելի ճիշտ կլինի ասել`մենք չենք կարողացել աշխատող եւ մշտական հարաբերություններ ձեւավորել ՀՀ գործող Ազգային ժողովի մարմինների ու մեր գործընկերների հետ:

Կարելի է այս հարցը ընդունել որպես տեխնիկական և հատուկ կարեւորություն չտալ դրան, բայց այն, ինչ մենք տեսնում եւ լսում ենք վերջին ամիսների ընթացքում, հետեւանք է նրան, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված պատգամավորների մի ստվար մասը ճիշտ պատկերացումներ չունի այսօրվա Արցախի ու նրա շուրջ կառուցվող անվտանգային միջավայրի, մեր ազատագրական պայքարի տարեգրության, կարգավորման գործընթացի, մերօրյա մարտահրավերների եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին: Եվ երբ որ նման պայմաններում մենք համարյա մեկ տարվա ընթացքում չենք կարողանում երկու հայկական հանրապետությունների միջեւ նախորդ տարիներին հաջողությամբ գործած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ գումարել այդ երեւույթին արդեն ուրիշ որակում պետք է տալ:

Մեր պայքարը երբեք տարածքների համար չի եղել, ազատագրական պայքարի դրոշի տակ համախմբվելու արդյունքում մենք վաստակեցինք հայրենիք ունենալու իրավունքը։ Այդ ճանապարհին մենք ունեցանք թանկ ու անդառնալի կորուստներ. Հազարավոր հայորդիներ Արցախից, Մայր Հայաստանից ու Սփյուռքից իրենց կյանքի գնով մեզ՝ ապրողներիս են տվել արժանապատիվ ապրելու իրավունքը: Պետք չէ մեզ վախեցնել նոր պատերազմով, որովհետև մենք ամենաշատն ենք շահագրգռված խաղաղություն հաստատելու հարցում: Բայց դա չի կարող լինել մեր անցած 30 տարվա պատմությունը ջնջելու ճանապարհով։

Առաջին անգամ չէ, որ մեր պատմության ընթացքում հանդիպում ենք այսպիսի ցավալի եւ բարդագույն իրավիճակների: Բայց միշտ կարողացել ենք այդ իրավիճակներից դուրս գալ հաղթանակած, դա արել ենք՝ ապավինելով մեր ուժերին, սթափ գնահատելով իրավիճակն ու դրա պատճառները, դասեր քաղելով թույլ տրված սխալներից:

Անցած մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքական խորհրդակցությունների եւ հանդիպումների եմ մասնակցել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր շերտերն արտացոլող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ եւ արդյունքում կարող եմ փաստել, որ հայ ազգը վերջնական չի ջարդվել եւ այսօր կարիք ունի նոր ազգային առաջնորդության, որը կկարողանա ապահովել ազգային միասնությունը։

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը համախմբվել հայկական Արցախին զորավիգ լինելու գաղափարի շուրջ, եւ օգտագործենք մեր բոլոր հնարավորություններն ու կապերը այդ նպատակը աշխարհի համար ընկալելի դարձնելու գործում:

Աստված պահապան բոլորիս»:

1