Քաղաքական նախաձեռնություններ շրջափակման պայմաններում

Շարունակվող շրջափակումը անկյունադարձային փոփոխությունների է ենթարկել Արցախում բնակվող յուրաքանչյուր անհատի առօրյա կյանքը: Այդ փոփոխությունները անհատական դաշտից առավել նկատելի են Արցախի քաղաքական, տնտեսական, անվտանգային և կենսապահպանման համակարգերում: Բնական է, որ լուծելի խնդիրների առաջին շարքում պարենի, առաջին անհրաժեշտության ապրանքների սակավության վերացման կամ հավասարաչափ բաշխման համակարգի ստեղծումն է:
Պետք է անկեղծորեն նշել, որ այդ ասպարեզում օպերատիվ շտաբը կատարել է արդյունավետ աշխատանք, և այսօրվա դրությամբ այդ խնդիրը կարելի է լուծված համարել: Թվում է, թե կենցաղային հարցերի լուծումը կարող է բավարար լինել ավելիին դիմակայելու համար, և խնդիրները կարելի է փարատված համարել: Սակայն իրականությունն այլ է: Նման պայմաններում քաղաքական ճիշտ մոտեցումների կիրառումը հնարավորություն կտա արդյունավետ լուծումներ գտնելու և լավագույն տարբերակներ ի հայտ բերելու:
Քաղաքական կողմնորոշումների և հաշվարկների դրական ազդեցությունը համատարած է և շոշափելի կլինի յուրաքանչյուր ոլորտում՝ թե՛ արտաքին հարաբերությունների և թե՛ ներքին կառավարման համակարգերում:
Քաղաքական ուժերի ներքին համերաշխությունը, համախմբվածությունը, մեկ թիրախի ուղղությամբ գործունեության կենտրոնացումը էական ազդեցություն ունեն ներքին կառավարման և արտաքին քաղաքական նախաձեռնությունների արդյունավետությունը ապահովելու համար: Մյուս կողմից ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ վերադասավորումները պատճառ կդառնան, որ նվազեցվի հնարավոր լարվածության օջախների առկայությունը:
Ելնելով վերը նշված իրողություններից՝ Արցախի քաղաքական դաշտում այժմեական են մնում մի շարք նախաձեռնությունների և միջոցների կիրառումը:
Այդ լուծումներից առաջինը դեռևս պատերազմից անմիջապես հետո բոլորի մոտ առաջացած մայր օրենքի Սահմանադրության փոփոխության հարցն է: Սահմանադրության բարեփոխումների միջոցով առիթը կլինի մեկ անգամ ևս ամբողջացնել 30 տարիների ընթացքում պետականաշինության գործընթացում գրանցված հաջողությունները և այն համապատասխանեցնել օրվա պահանջներին:
Շրջափակման հետևանքներից մեկը նաև Արցախի քաղաքական մեկուսացումն է, դա ևս Ադրբեջանի նպատակներից մեկն է, որի միջոցով փորձում է բարոյահոգեբանական ճնշման ենթարկել Արցախի ազգաբնակչությանը: Ներկա դրությամբ Ադրբեջանին դա չի հաջողվում լիարժեք իրականացնել, քանի որ Սփյուռքի զանազան օջախներում առկա են ակտիվություն և լոբբիստական աշխատանքներ: Սակայն այդ բոլորը չի կարելի բավարար համարել: Անհրաժեշտ է Արցախի ԱԳՆ-ին կից ձևավորել աշխատանքային խումբ՝ արտաքին քաղաքական նախաձեռնությունների մշակման և տեղեկատվական, քարոզչական աշխատանքները համակարգելու համար:
Եվ վերջապես, այս իրավիճակին համահունչ պետական կառավարման համակարգի ձևավորման անհրաժեշտությունն օրախնդիր է: Ներկա դրությամբ աշխատող օպերատիվ կառավարման շտաբը կարողանում է ինչ-որ չափով լուծել կենցաղային, առօրյա հարցեր, սակայն, ինչպես ասվեց, այլ մակարդակի քաղաքական հարցերի լուծումը ևս անժամանցելի է: Իսկ այդ քաղաքական մարմինը պետք է ի մի բերվի քաղաքական համախմբությամբ և օրենքի թելադրանքով:
«Ապառաժ»-ի խմբագրական
31 հունվարի, 2022թ.