«Քաղաքական այլ ուժերի հետ Դաշնակցության համագործակցելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են». Դավիթ Իշխանյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » «Քաղաքական այլ ուժերի հետ Դաշնակցության համագործակցելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են». Դավիթ Իշխանյան

«Քաղաքական այլ ուժերի հետ Դաշնակցության համագործակցելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են». Դավիթ Իշխանյան

Փետրվարի 27-ին, Դաշնակցության կողմից  Արցախի Հանրապետության նախագահի  թեկնածու առաջադրված  Դավիթ Իշխանյանը և    Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ՝  Վահրամ Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մարինե Պետոյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում  հանդիպել են  Քաշաթաղի հարավային թևի   մի շարք համայնքերի բնակիչների հետ: Նախընտրական հանդիպումների առաջին հանգրվանը Որոտանի գյուղական համայնքում էր:

Որոտանցի ընտրողների հետ հանդիպմանը  ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը նախ ներկայացրել է  Հայ Հեղափոխական Դաշնակցության   ազգանվեր ու պետականաշեն  գործունեությունը՝ նշելով, որ  չնայած բազմաբնույթ խոչընոդտներին, համահայկական ընդգրկմամբ կուսակցությանը հաջողվել է, ի շնորհիվ  նվիրյալ անհատների,  պատվով իրագործել իր  առաքելությունը՝ շարունակելով աշխարհասփյուռ իր կառույցների ներուժը ներդնել  ի շահ  հայրենիքի բարօրության  ու  պետականության ամրապնդման: Ապա ներկայացնելով  ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի անցած մարտական ու քաղաքական ուղին, Վահրամ Բալայանը, շեշտել է, որ նա գործիչ է, ով ունակ է որոշում կայացնել և աներեր գնալ դրա իրագործման ճանապարհով:

-Նա երբեք չի տրվել իշխանության և նյութական միջոցների  գայթակղությանը և անկոտրում է եղել  բոլոր խոչընդոտների դեպքում,-ասել է Վ. Բալայանը.

Անդրադառնալով Դաշնակցության նախընտրական ծրագրի դրույթներին, Վ. Բալայանն ասել է, որ ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է, որը ներկայացնում է հասարակության բոլոր շերտերի շահերը: Ըստ այդմ, կուսակցության ծրագրային դրույթների իրագործումն  առավել բարգավաճ ու բարեկեցի  երկիր կառուցելու հնարավորություն կընձեռի :

Իր խոսքում,  ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը, մասնավորապես հայտնեց,  որ  վերջին ժամանակահատվածում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր Դաշնակցությունն այս ընտրություններին համագործակցելու է այլ քաղաքական ուժերի հետ: ՀՅԴ Արցախի ԿԿ -ի ներկայացուցիչն ընդգծեց, որ ամիսներ առաջ, առկա ուժերը համախմբելու և համապետական  ընտրություններին նախագահի միասնական թեկնածու առաջադրելու Դաշնակցության նախաձեռնությանը, Արցախի   քաղաքական մյուս ուժերն ընդառաջ չգնացին, ուստի նախագահի  սեփական թեկնածուով ընտրություններին մասնակցելու իրենց որոշումն անբեկանելի է: 

Ներկայացնելով նախընտրական ծրագրի առանցքային դրույթները, որոնք ներառում են Արցախի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական, անվտանգային  բնագավառները, Դ. Իշխանյանն այդ համատեքստում կարևորել է  վերաբնակեցման  ռազմավարական հայեցակարգի  մշակումն ու իրագործումը: Նրա խոսքով Դաշնակցության ծրագրային դրույթներն ընդգրկում են արցախյան բնակավայրերի համաչափ զարգացումը՝ նախատեսելով բնակարանաշինական ծրագրեր շրջաններում և գյուղական բնակավայրերում՝ որպես ժողովրդագրական ու  տնտեսական աճի  գրավական: Բացի այդ, կուսակցության նախընտրակական ծրագրի ու ժողովրդագրական ցուցանիշների բարելավման տեսլականի համաձայն, երրորդ երեխայի ծննդի դեպքում՝ մինչև 16 տարեկանը լրանալը՝  պետության կողմից տրամադրվելու է 3-4  միլիոն դրամ աջակցություն: Քաշաթաղի բնակիչներին տեղեկացվեց նաև, որ  Դաշնակցության նախընտրական ծրագրում հատուկ նշանակություն է տրվում զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովմանը:

Անկեղծ ու անմիջական մթնոլորտում ծավալված  զրույցի ընթացքում, վերաբնակեցվող շրջանի համայնքի բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ խմելու և ոռոգման ջրի, կապի և հեռահաղորդակցության, բնակարանաշինության, ճանապարհների, սոցիալական առողջապահական և կրթական  խնդիրներ:

Ի պատասխան, Դաշնակցության կողմից  առաջադրված պատգամավորի թեկնածուները նշել են, որ Քաշաթաղի բնակավայրերի խնդիրները մշտապես  եղել են իրենց ուշադրության կենտրոնում և բազմիցս  իրենց կողմից բարձրաձայնվել են՝  օրենսդիր ու գործադիր  կառույցներում: Ավելին, ժամանակին խոսվում էր Քաշաթաղի հարավային թևի և Արաքսի ափի հատվածի զարգացման ծրագրերի մասին, որի գաղափարը, ըստ Դ. Իշխանյանի,   Դաշնակցությանն էր: Սակայն առայժմ  այդ   գաղափարը,  հայեցակարգային փաթեթի չի վերածվել:

— Այս հանդիպումները նաև նմանօրինակ խնդիրները վերհանելու լավագույն հնարավորություն է: Սակայն, հարկ է նշել, որ Դաշնակցությունից երբեմն ակնկալում են ավելին՝ քան նրան տված վստահության քվեներն են,-ասել է Դ. Իշխանյանը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի ապագայի համար կարևոր նշանակություն ունեցող առաջիկա ընտրությանը արցախցիները  ճիշտ որոշում կկայացնեն:  ՀՅԴ նախագահի և պատգամավորի թեկնածուները հավաստիացրել են, որ   այսուհետ ևս, ըստ առաջնահերթությունների, վերաբնակեցվող համայնքերի  խնդիրների լուծումը լինելու է իրենց հետևողական գործունեության առանցքում:

— Դաշնակցության էությունն ու սկզբուքները համահունչ են հայ ժողովրդի նկարագրին ու ապագայի տեսլականին: Առավել ևս՝ արցախահայության  առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման համար,-Որոտանում կայացած նախընտրական հանդիպումն ամփոփելով ասել է  Դ. Իշխանյանը:

Դաշնակցության  կողմից առաջադրված ԱՀ  նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածուներն այնուհետև հանդիպումներ են ունեցել և իրենց ծրագրային դրույթները ներկայացրել Քաշաթաղի շրջանի  Կովսականի, Միջնավանի  քաղաքային և Փակահանի գյուղական համայնքներում:

Բնակիչներին մտահոգող հարցերն այս համայնքերում նույնն էր՝ խմելու ջրի, ճանապարհների, սոցիալական, գյուղատնտեսական վարկերի ու տոկոսադրույքների անմատչելության, գյուղմթերքների իրացման անհնարինության ու  վերամշակող ձեռնարկությունների բացակայության խնդիրներ: 

Դաշնակցության թեկնածուները ընտրողներին վստահեցրել են, որ նրանց բարձրաձայնած առանցքային խնդիրները արդեն իսկ տեղ են գտել իրենց ծրագրային դրույթներում: Մյուսների լուծմանը Դաշնակցությունը շարունակաբար հետևողական է եղել և լինելու է իր գործունեության ամբողջ ընթացքում:

Վան Նովիկով

1