Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար. Արքեպիսկոպոս Աջապահյան
Գլխավոր » Լրահոս » Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար. Արքեպիսկոպոս Աջապահյան

Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար. Արքեպիսկոպոս Աջապահյան

Միջին Արեւելքում պայթեցվեց Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ականատես եղանք, թե ինչպես Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածվեց մզկիթի, հիմա ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին: Արդյոք Թուրքիայի այս բոլոր քայլերը մեր տարածաշրջանից քրիստոնեությունը դուրս մղելու նպատակ չունի՞, «Իրավունքը» փորձեց պարզել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով նախ նկատեց.

Թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ` ողջ քաղաքակրթությանը

— Ես ավելի շուտ կասեի, որ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունների դեմ պայքար է մղում խավարի ուժ Թուրքիան: Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխվել. այս խավարամիտ ազգերին ո՛չ Եվրոպայի անդամ դառնալը, ո՛չ էլ Սովետական Միության աթեիզմը, ոչինչ չփոխեց: Թուրքը մնում է թուրք հասկացողությունը մնում է որպես հավիտենական ճշմարտություն: Աշխարհը պետք է հասկանա, որ թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ առհասարակ ողջ քաղաքակրթությանը, մարդկային արժեքներին, մարդ լինելուն: Կհասկանա՞ն` շատ լավ, չեն հասկանա` ինչպես ժողովուրդն է ասում, ջհանդամին հասկանան:
Հիմա մեզ է բաժին ընկել այս վիճակը, եւ մենք պարտավոր ենք եւս մեկ անգամ ապացուցել աշխարհին եւ թուրքին, թե մենք ով ենք: Պետք է ապացուցենք մեկ անգամ եւս, որ հայը այս տարածաշրջանում եղել է եւ կմնա: Թուրքի համար սա գոյաբանական պատերազմ է. հայի գոյությունն է թուրքի գաղափարի դեմ: Թուրքը չի ուզում, չի կարողանում տանել հայի գոյությունը իսպառ, ամբողջ խնդիրը սրանում է: Թուրքը նպատակ է դրել` ոչնչացնել հային աշխարհի երեսից, ոչնչացնել ոչ թե հայ ազգին, այլ առհասարակ, հային առնչվող ցանկացած բան` մեր եկեղեցիները, մեր պատմամշակութային կոթողները:
— Սրբազան, այսինքն 1915 թվականի Ցեղասպանության կրկնության վտանգ ե՞ք տեսնում:
— Իհարկե: Վտանգ չէ, ցանկություն ունեն: Այլ հարց է, որ նրանց դա չի հաջողվի: Հո անելով, ծրագրելով չի՞: Ինչու առաջին անգամը շա՞տ կարողացան անել, որ երկրորդն անեն: Այո, գնացել են նստել մեր հողերի վրա, բայց թուրքը շատ լավ գիտի դրանով հանդերձ, որ հայերը չեն համակերպվելու այդ վիճակի հետ: Թուրքը չի կարողանում մարսել արժանապատիվ հայ ազգի գոյությունը եւ այդ իսկ պատճառով էլ մեկ անգամ եւս փորձ է անում ոչնչացնել հային` որպես ազգություն, մշակույթ, ի վերջո` երկիր: Սա է ամբողջ հարցը: Հիմա եթե մենք ուզում եք ոչնչանալ, ապա կոչնչանանք, եթե չենք ուզում ոչնչանալ, ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել:

Եթե պետք լինի գնալ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք

— Սրբազան, արդեն երկու շաբաթ եւ ավել մարտեր են ընթանում: Արդյունքում, ցավոք, ունենք հարյուրավոր զոհեր…
— Առանց զոհերի, ցավոք, հնարավոր չէր: Կա՛մ պետք է մենք մեզ պաշտպանենք, կա՛մ հրաժարվենք պաշտպանվելուց եւ հանձնվենք: Կարծում եմ` այլընտրանք չկա: Սա պետք է հայ ազգի վերջին պատերազմը լինի: Մենք իրավունք չունենք այլեւս մեր սերունդներին հերթական պատերազմը կտակել: Սակայն եթե որեւիցե մեկը մտածում է, որ ինչ-որ բան զիջելով, հնարավոր է խաղաղություն հաստատել, սխալվում է: Ինչպես Չերչիլն էր ասել ժամանակին. «Եթե դու ուզում ես անարժանապատիվ խաղաղություն կնքել` ուրեմն կունենաս ե՛ւ անարժանապատիվ խաղաղություն ե՛ւ պատերազմ»: Հետեւաբար, մենք այլընտրանք չունենք, ազգովի պետք է դուրս գանք եւ ազգովի էլ պետք է հաղթենք: Մահ կամ ազատություն, կամ կյանք եւ ազատություն: Եթե հարկ է, ուրեմն պետք է մեռնենք, որպեսզի ապրենք, հայ ժողովուրդը ապրի, Հայաստանն ու Արցախը: Յուրաքանչյուր զոհի համար մղկտում ենք, սրտներս մրմռում է, բայց ինչ արած:

— Սրբազան, ո՞րը պետք է լինի հոգեւորականների դերը այս ծանր իրավիճակում:
— Հոգեւորականներն ամեն մեկը իր տեղում մնում է: Անում է այն, ինչին որ կոչված է անելուն: Հիմա եթե է պետք լինի գնալ ռազմաճակատ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք:
— Ինքներդ պատրաստ ե՞ք մեկնել ռազմաճակատ, ինչպես Սարդարապատի օրերին էին անում մեր բարձրաստիճան հոգեւորականները:
— Ինչու չեմ գնա, եթե պետք է, կգնամ: Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար: Ես իմ կյանքի մեծ մասը ապրել եմ, կգնամ գոնե մի տասնութ տարեկանի համար զրահաբաճկոն լինելու համար:
— Սրբազան, վերջում, Ձեր հայրական խոսքը մեր սահմանը անառիկ պահող զինվորականներին` շարքայինից մինչեւ գեներալ:
— Ես իրենց ցավը տանեմ, տղե՛րք, Ձեր ոտքերի տակի հողն եմ համբուրում, ամուր մնացեք, տղե՛րք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Աղբյուր` iravunk.com

1