ԿԳԱՆ, ԵՐԲ ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԻ․․․
Գլխավոր » Երիտասարդական » ԿԳԱՆ, ԵՐԲ ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԻ․․․

ԿԳԱՆ, ԵՐԲ ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԻ․․․

Պատերազմն Արցախում մի տարուց ավել է, ինչ ավարտվել է: Եվ կյանքը, կարծես թե, նորից ընթանում է իր հունով: Սակայն դա միայն առերևույթ է այդպես: Պատերազմը չի ավարտվել: Այն խաթարել է ոչ միայն մեծերի կյանքը, այլև  տխուր երանգներ է ավելացրել մանկության գույների ներկապնակում:

Սահմանամերձ Սզնեքում ապրող միակ երեխան է Մանեն, ում համար պատերազմը չի ավարտվել, որովհետև ամեն օր քնում, արթնանում է գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու տեղակայված թշնամու անկանոն կրակահերթերի տակ, որովհետև գյուղում չկա նախկին աշխուժությունը, որովհետև այլևս գյուղում չեն ապրում Նարեն ու Մերին, ում հետ խաղում էր նախքան պատերազմը, որովհետև սիրելի խաղը՝ ֆուտբոլը, ստիպված խաղում է ծնողների հետ, որովհետև, իսկապես պատերազմը չի ավարտվել․․․

Մանեն քաղաքում ապրել չի ուզում, չի սիրում։ Անվախ աղջնակն արդեն ոչ միայն չի վախենում թշնամու կրակոցներից, այլև մորն է հորդորում չվախենալ։ Նա չի հասկանում՝ ինչո՞ւ վախենալ, թող թուրքն իրենցից վախենա, վախենա մեր անվախությունից ու համառությունից։

Օրերս ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամներն այցելեցին Մանեին՝ շնորհավորելու նրա Ամանորը։ Դժվար է նկարագրել այն հրճվանքն ու ուրախությունը, որ ունեցավ փոքրիկ աղջնակը մեզ հետ խաղալու ժամանակ։ Նա արդեն խաղընկեր ուներ:

Մանեն այսօր միայնակ մնացած ու մայր հողին կառչած արցախահայության խորհրդանիշն է։

Այցելե՛ք Մանեին, նա սպասում է բոլորիդ։ Այցելե՛ք նրան, եթե ուզում եք հուսադրվել նրա մի պարզ, բայց և այնքան խոսուն ժպիտից։

Այցելե՛ք Արցախ, նա սպասում է ձեզ այնպես, ինչպես Մանեն՝ բոլորիդ։

1