Կենցաղային հարցերը չպետք է գերադասենք մեր ինքնորոշման իրավունքից․ Լաուրա Մարտիրոսյան
Գլխավոր » Լրահոս » Կենցաղային հարցերը չպետք է գերադասենք մեր ինքնորոշման իրավունքից․ Լաուրա Մարտիրոսյան

Կենցաղային հարցերը չպետք է գերադասենք մեր ինքնորոշման իրավունքից․ Լաուրա Մարտիրոսյան

Հագարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի օգտագործմամբ Արցախի Հանրապետության տարածքի հատման վերաբերյալ հանրային կարծիքների հատման խաչմերուկում «Ապառաժ»-ը զրուցել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար երկու դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանի հետ։

Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան  համար երկու հիմնական դպրոցի տնօրեն, պատմության ուսուցչուհի Լաուրա Մարտիրոսյանն այն համոզմունքն ունի, որ մենք պարտավոր ենք այս հողը ամեն գնով պաշտպանել ու ապրել այս հողի վրա, իսկ կենցաղային հարցերը չպետք է գերադասենք մեր ինքնորոշման իրավունքից։

Լաուրա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որպես ԱՀ քաղաքացի և պատմության երկարամյա ուսուցչուհի՝ ապրելու իր կենսաբանաձևը ունի՝ երբեք չլքել հայրենի տունը։

«Անցակետով անցնելն այս օրերին ես համարում եմ զուտ մարդկային, հումանիտար անհրաժեշտություն, սակայն այն երբեք չեմ դիտարկի որպես ադրբեջանական կողմի իշխանություն մեր պետության  ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Ես գիտեմ միայն մի բան․ հայը հազարամյակներ շարունակ ապրել է ու պետք է շարունակի ապրել այս հողի վրա։ Սրանք մեր պապենական հողերն են, որոնց ժառանգները մենք ենք», — ասել է։ Լ․ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով անցակետով անցնել չի նշանակում Ադրբեջանի դրոշի տակ խոնարհվել, որովհետև կան հումանիտար հարցեր, որոնք պետք է լուծում ստանան։

«Մենք պետք է զատենք մեր գերագույն նպատակը հումանիտար խնդիրներից։ Գերագույն նպատակը անշեղ պետք է մնա, սակայն ժողովրդի մեջ մտածողության տարբեր  մակարդակներ կան։ Ընդհանրական մտածողության մեջ անհանգստություն կա։ Մենք չպետք է մեր ազգային նպատակները որևէ պարագայում ստորադասենք կենցաղային հարցերին։  Մենք մեր ինքնորոշման իրավունքից չպետք է շեղվենք՝ հարսանիքների կամ այլ կենցաղային պատրվակների անվան տակ անցնելով անցակետով։ Միայն հիվանդների տեղափոխման և հումանիտար հարցերի լուծման նպատակով այցերն են, որ ծայրահեղ անհրաժեշտություն են»,-նշել է դպրոցի տնօրենը։

Լ․ Մարտիրոսյանն  ընգծեց, որ անցակետն ընդունելի չէ մեզ համար, որովհետև սա հայ ժողովրդի հայրենիքն է, և մենք պետք է կանգնենք ու պաշտպանենք մեր հայրենիքը թուրքից, թաթարից կամ ուզբեկից ։

«Մենք մեր ապագան պետք է կառուցենք իրողություններից ելնելով, ճիշտ հաշվարկներով։ Մահ կամ ազատությունը երևի ամենաճիշտ կարգախոսն է, և մենք այսօր եկել ու հասել ենք հենց այդ մահ կամ ազատության կետին, ու պետք է կարողանանք մեր հողի վրա մեր ածուն պահել ու ազատ ապրել։ Եթե բոլորս ընտրենք մահվան ուղին, զոհվենք հանուն Արցախի, մեր հայրենիքն այլևս ո՞վ պիտի պահի։ Իրավիճակը փակուղային է, բարդ է, սակայն պետք է հաշվարկված պայքարել այս հողում ապրելու համար։ Մեր նյութապաշտությունն ու ներքին երկպառակությունը բոլոր ժամանակներում կործանել են մեր հայրենիքը»,-եզրափակել է Լ․ Մարտիրոսյանը։

1