Կեղտոտ խաղեր․ Արցախի նախագահի ծառայությունը Նիկոլ Փաշինյանին
Գլխավոր » Լրահոս » Կեղտոտ խաղեր․ Արցախի նախագահի ծառայությունը Նիկոլ Փաշինյանին

Կեղտոտ խաղեր․ Արցախի նախագահի ծառայությունը Նիկոլ Փաշինյանին

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել»,- ասվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունում, որում ներկայացված է նաև մեջբերում Արայիկ Հարությունյանի ուղիղ խոսքից։

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ասում է Արայիկ Հարությունյանը։

Պարզ է, որ դա որևէ կապ չունի Արցախում քաղաքաշինության խնդիրների ու շինարարական կազմակերպությունների աշխատանքի հետ, պարզապես այդ առիթն օգտագործվել է Արայիկ Հարությունյանի կողմից քարոզչական հերթական փուչիկը ստեղծելու նպատակով։

Պատերազմում պարտության ողջ մեղքը բանակի ու գեներալիտետի վրա բարդելուց հետո, հիմա էլ սկսվել է պարտության կամ առնվազն պատերազմն ավելի վաղ չկանգնեցնելու մեղքն ընդդիմության վրա բարդելու գործընթացը, որին սեփական կամքով կամ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ լծվել է Արցախի նախագահը։ Սա կեղտոտ խաղ է, որը, սակայն, չի կարող հաջություն ունենալ։ Եվ այդ խաղն ի սկզբանե ձախողել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի անգամ հայտարարելով, որ պատերազմի օրերին ինքն ընդդիմությանը հրավիրել է ոչ թե որոշումների կայացմանը մասնակից դարձնելու, այլ ընդամենը տեղեկացնելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը նման բովանդակությամբ վերջին ելույթն ունեցել է ապրիլի 14-ին՝ Ազգային ժողովում՝ բառացիորեն հայտարարելով․ «Շատ է շահարկվել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և հոկտեմբերի 19-ից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Եվ այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետև այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի: Ավելին, ասեմ նաև՝ Անվտանգության խորհրդի այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ ես չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ է տեղի ունենում։ Որից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանին տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով»:

Այնպես որ, Արայիկ Հարությունյանը լավ կանի՝ հանձնարարությունները կատարելիս կամ սեփական նախաձեռնությամբ հանդես գալիս ականջալուր լինի գոնե իր անմիջական ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, ում փորձում է պատասխանատվությունից ազատել նման էժանագին միջոցներով։

Արշավիր Իշխանյան

yerkir.am

1