Կեղծ խաղաղասիրական թեզեր են հնչում, քեզ սպանում են, գնդակահարում են, դու ասում ես՝ խաղաղություն, մինչև ե՞րբ

Երեկ հետաքրքիր զուգադիպություն տեղի ունեցավ․ Ադրբեջանի սադրանքների ֆոնին և Հակարիի կամրջի վրա դրոշի միջադեպին զուգընթաց Նիկոլ Փաշինյանն էր վարկաբեկում մեր խորհրդանիշները։
Այս մասին այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Դատապարտելի և անընդունելի է՝ ով ինչ ուզում է նման բան ասի, նման վարքագիծը մերժելի է։ Այս բոլոր հարցերի պատասխանները մենք պետք է փնտրենք այն հիմնական օրակարգի մեջ, որն առաջ է մղում Հայաստանի իշխանությունը։ Կեղծ խաղաղասիրական թեզեր են հնչում, քեզ սպանում են, գնդակահարում են, դու ասում ես՝ խաղաղություն, մինչև ե՞րբ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց կոչն ամենևին էլ Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ։
Անդրադառնալով Փաշինյանի՝ զինանշանի մասին հայտարարությանը՝ Մինասյանն ասաց․
«Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ազգանվան մեջի յան վերջավորությունն էլ հանել, իսկ ո՞վ ասեց, որ Հայաստանում առյուծներ չկան, Արարատն էլ մարդկության ծնունդը խորհրդանշող լեռ է։ Մեր սուրբ լեռան մասին նման հայտարություններն ի՞նչ են նշանակում»,-հարց բարձրացրեց քաղաքական գործիչը։
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց, որ 10-20 տարի առաջ ոչ ոք չէր խոսում Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։ Սա, Խաչատրյանի խոսքով, միայն այս իշխանությունների ժամանակ տեղի ունեցավ։
«Պետք փոխել այս իշխանությունների վարած քաղաքական կուրսը, դրա համար պետք է նախ այն իրականացնողին փոխել։ Իշխանություններին փոխելն է միակ հնարավոր միջոցը՝ կանխելու Հայաստանի կատարյալ ձախողումը։ Ի դեպ, Փաշինյանն ասում է՝ Արարատը մոռանանք, Արագածը սիրենք, բայց Արագածի վրա էլ տարվա վեց ամիսը ձյուն է»,-հավելեց նա։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մի քանի բլեֆ է հնչել. «Բլեֆներից մեկը վերաբերում էր այսպես կոչված տարածքային փոխանակմանը՝ Մեղրին Արցախի հետ։ Որեւէ աղբյուրի վրա իրենք հղում չեն անում, փոխարենը ես մի քանի աղբյուր կնշեմ։ Մասնավորապես, Միջազգային ճգնաժամային խումբը 2005 թվականի հոկտեմբերի 15-ին արված զեկույցի մեջ Քի Վեսթյան բանակցությունների մասին հստակ տվյալներ է տալիս, համաձայն որի՝ Հայաստանն իր ինքնիշխանությունն է հաստատում Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի նկատմամբ, փոխարենը Ադրբեջանին տրամադրելով ընդամենը ճանապարհ, սուվերեն ճանապարհ։ Եվ շատ հետաքրքիր բան են ասում՝ տարածքային փոխանակման գաղափարը իրենց ներկայացրել են ադրբեջանցիները, իբր այդ համաձայնությունը ձեռք է բերվել Սադարակում 1999 թվականին, բայց իրենք բառացի գրում են, որ ադրբեջանցիները որեւէ հիմնավորող փաստաթուղթ չեն ասում։ Այդ թեզը Հայաստանում սկսել են տարածել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ ակտիվիստները եւ հիմա Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա այլ փաստեր ու այլ միջազգային գործիչների հայտարարություններ էլ մեջբերեց։