Կեղծ դատավարություններ Բաքվում․ Ինչպիսինն է հարցի միջազգային ընկալումը
Գլխավոր » Լրահոս » Կեղծ դատավարություններ Բաքվում․ Ինչպիսինն է հարցի միջազգային ընկալումը

Կեղծ դատավարություններ Բաքվում․ Ինչպիսինն է հարցի միջազգային ընկալումը

Շարունակվում են պատանդառված հայ գերիների կեղծ դատավարությունները Բաքվում։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը հայ պատանդների ազատ արձակման ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի բռնապետության վրա հրավիրելու ուղղությամբ շարունակում է իր աշխատանքները։

«Ապառաժ»-ի հարցին, թե ինչպիսի՞նն է միջազգային ընկալումն այս հարցի շուրջ, ի՞նչ հնարավորություններ կան եւ ի՞նչ աշխատանք է տարվում  հայ գերիների  միջազգային պաշտպանության համար՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակից Արամ Գեւորգյանը մեկնաբանել է․

-Շատ կարեւոր է հասկանալ, թե միջազգային, հատկապես Եվրոպական  տարբեր խմբերի համար, լինի դա քաղաքական, հասարակական կամ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ՝ ինչ պատկերացում ունեն Ադրբեջանի իրավական համակարգի մասին։  

Եվրոպական խորհրդարանը, երբ բանաձեւ է ընդունել հայ գերիների ազատ արձակման հետ կապված՝ քննադատաբար է անդրադարձել Ադրբեջանի իրավական համակարգին, արձանագրելով խախտումներ թե՛ մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի եւ թե՛ խոսքի ազատության  տեսակետից։ Բանաձևում հիշատակել են 23 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին, կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Խորհրդարանական քննարկումների ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Տարբեր պատգամավորների կողմից հայտարարություններ են հնչել Ադրբեջանում մարդու իրավունքների անընդհատ ոտնահարման, խոսքի ազատության ճնշման եւ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների մասին:    

Խորհրդարանի բանաձևը ընդգծում էր ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։ Սա թեւերեւս բացահայտում է միջազգային հանրության ընկալումն Ադրբեջանի իրավական համակարգի նկատմամբ։

Այդ իմաստով, կեղծ դատավարությունները, որ տեղի են ունենում այս օրերին՝ նույն ընկալմամբ է միջազգային հանրությունը դիտարկում։ Եվրոպայի խորհրդարանականների մեջ կա ընկալում, որ Ադրբեջանում արդար դատավարություններ տեղի չեն ունենում եւ գերիները հնարավորություն չեն ունենում իրենց պաշտպանելու։

Այս ընթացքում մեր հիմնական նպատակն ու առաջնահերթությունն է պատանդառված մեր հայրենակիցների անվերապահ ազատ արձակումը։ Մեր աշխատանքներն ուղղված են նաեւ արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմանն ու Արցախի պատմամշակութային արժեքների  պահպանմանը։ Մենք այս երեք կետերը շեշտել ենք մեր բոլոր բանակցություններում եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ եւ այլ մակարդակներում հանդիպումներին։

Վերջերս հիմնվել է նաեւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի <Արցախ> խումբը,  որի նպատակն է պայքարել արցախցիների իրավունքների եւ Արցախի դատի համար, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու  հայ պատանդների ազատ արձակման հարցին։

-Ի՞նչ պետք է լինի աշխատանքի արդյունքը եւ արդյո՞ք եվրոպական միությունը կկարողանա ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ․

-Ազդակներ կան, մանավանդ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերով, հայտարարություններով տեսանելի է, որ հակաադրբեջանական ալիք կձեւավորվի եւ մենք այդ ուղղությամբ մեր անելիքները կշարունակենք՝ աշխարհին ներկայացնելու Ալիեւի ռեժիմի իրական դեմքը եւ հասնելու մեր հայրենակիցների ազատ արձակմանը։

Հ․ Շինդյան

Ապառաժ

1