Կեղծ դատավարությունը շարունակվում է
Գլխավոր » Լրահոս » Կեղծ դատավարությունը շարունակվում է

Կեղծ դատավարությունը շարունակվում է

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նիստին մասնակցել են, իբր, տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրողները, ինչպես նաև ադրբեջանական պետությունը ներկայացնող տուժող։ Հաղորդվում է, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին։

Ադրբեջանական տելեգրամյան որոշ ալիքներ այսօր Բաքվում մեր հայրենակիցների դեմ իրականացվող շինծու «դատավարություններից» հրապարակումներ են արել։ Բացի Արայիկ Հարությունյանի խոսքերից, մեջբերել են նաև Դավիթ Բաբայանի խոսքը, իբր նրանք ասում են, թե ճնշումներ չկան։ Ուշագրավ է Դ․ Բաբայանի խոսքը, որտեղ նա ասում է․ «․․․Թող նրանք իրենց հարց տան՝ ինչպե՞ս կվարվեին, եթե լինեին մեր տեղում․․․»։

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստը, որն անջատ է քննվում։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրա փաստաբանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման մասին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հանդիպման հնարավորությունը։ Նիստում, ընդմիջումից, հետո դատախազը սկսել է ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշվում է, որ հաշվի առնելով մեղադրական եզրակացության ծավալը՝ դրա ընթերցումը կշարունակվի փետրվարի 10-ին նշանակված հաջորդ դատական նիստին։

1