«Կազմի՛ր, իրագործի՛ր» նախագիծը շարունակվում է
Գլխավոր » Երիտասարդական » «Կազմի՛ր, իրագործի՛ր» նախագիծը շարունակվում է

«Կազմի՛ր, իրագործի՛ր» նախագիծը շարունակվում է

2018 թվականի նախաշեմին «Ապառաժ»-ը սկսել եւ շարունակում է իրականացնել «Կազմի՛ր, իրագործի՛ր»՝ հարց ու պատասխանի ձեւաչափով գալիք տարում իրականացվելիք քայլերի «ցուցակը» կազմելու նախագիծը։

Յուրաքանչյուր տարի խոստացվող, հետ մղվող եւ մոռացվող խոստումները հրապարակվելուց մեկ տարի անց հաշվարկվելու են հենց նախագծի մասնակիցների կողմից: Անցած տարվա նախագծի մասնակիցներն ամփոփում են անցնող տարվա էջը:

2019 թվականի մասնակիցներ

Հրապարակագիր, թարգմանիչ, «Ապառաժ»-ի հեղինակ  Միքայել Հաջյան

Տարին իմ կյանքում նշանավորվեց ըստ էության կարեւոր իրադարձությամբ։ Ընդունվեցի ՀՅԴ շարքերը։ Իմ շրջապատում ոմանք զարմացած էին՝ ո՞ւշ չէ այդ «ծեր» (շնորհակալություն նրանց՝ չասացին «զառամյալ») տարիքում։

Նշանակալից էր նաեւ Արցախի լրագրողների պատվիրակության կազմում մասնակցությունս Հայ մամուլի համահայկական համաժողովին, որ կայացել է հուլիսի 2-4-ը Անթիլիասի մայրավանքում։ Դա իմ երրորդ այցն էր Լիբանան եւ վերստին առիթ ունեցա ողջագուրվելու բեյրութահայ մտերիմներիս հետ։ Բացի այդ, վայելեցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառի իմաստնալից խոսքի ողջ գրավչությունը, ինչի անանց տպավորության տակ եմ առ այսօր։

Հաճելի անակնկալ. Բեյրութում առերես ծանոթացա հանրահայտ սոպրանո Շողիկ Թորոսյանի հետ, ով իր երգացանկի մեջ էր ներառել բեյրութահայ երգահան Վահրամ Էմմիյանի՝ իմ խոսքերով ստեղծված ՙԹալիշի դիրքերում՚ երգը, որ նվիրված է Ապրիլյան պատերազմում նահատակված որդուս՝ Նորայրի եւ նրա մարտական ընկեր Սարգիս Խալաֆյանի հիշատակին։ Մենք պայմանավորվեցինք նրա արցախյան առաջին մենահամերգին առնչվող հարցերի շուրջ։ Մեկ ամիս անց՝ օգոստոսին, Շուշիում կայացավ համերգը, եւ Արցախում առաջին անգամ նա մեկնաբանեց այդ երգը։ 

Մաեստրո Սեդրակ Երկանյանը երգի է վերածել ՙՈրդիս՚ երգացու խոսքս՝ նվիրված Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակին եւ այն ներկայացրել իր «Տաղարան»-ի համերգներում։

Շարունակել եմ քաղաքական վերլուծաբանի իմ աշխատանքը՝ ուղիղ 48 մեկնաբանություն ու մշակութային բնույթի եւս մի քանի հոդված։ Հուսամ՝ քիչ չէ։ Թարգմանել եմ ռուս զորավար, բանաստեղծ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Կուլեբյակինի Վանա մոտիվների եւս մի շարք գործեր։

Չհաջողվեց.

-հրատարակել վերլուծական հոդվածներիս թեկուզեւ մեկ հատոր,

-թողնել ծխելու՝ հաստատապես վնասակար սովորությունը,

-մեկնել Ռուսաստան՝ տեսնելու այնտեղ ապաստանած հարազատներիս,

— ձեռք բերել  Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գիրքը,

—  յուրացնել գոնե ֆրանսերեն լեզուն, որ անցել եմ 60-ականների առաջին կեսին։

Տարվա ընթացքում իմ ստացած մտահոգիչ դիտողությունը. ՙՊապի, դու եւ տատին շարունակ մենակ եք ապրում, ինչու՞ երեխա չունեք՚,- նախատել է չորս թոռնիկներիցս մեկը՝ Հայկը։

ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ  Սիրանուշ Սարգսյան

Ջոն Լենոնն ասել է. «Կյանքն այն է, ինչ քեզ հետ կատարվում է, մինչդեռ դու այլ պլաններ ես կազմում»: Մենք, իհարկե, սիրում ենք պլաններ ու ծրագրեր կազմել գալիք տարվա հետ կապված, բայց դրանք միշտ չէ, որ իրականանում են, և գուցե դա լավ է: Հետ նայելով անցնող տարուն` կարող եմ ասել, որ այն լի էր մարտահրավերներով և արկածներով, հիասթափություններով ու ոգևորություններով, բայց այն իսկապես իրադարձային էր: Եթե փորձենք ձեր կողմից նշված կետերի հետքերով գնալ, ապա, իհարկե, բոլորը չէ, որ հաջողել եմ, բայց կարևորը փորձել եմ ինքս ինձ հետ համերաշխ լինել: Ցավոք, այնքան էլ լավ չեմ հետևել առողջ սննդակարգին և քիչ եմ բարելավել անգլերենս: Բայց այցելել եմ նոր երկիր և վերջապես նաև հրաշք Գյումրին եմ տեսել: Իհարկե, ինձ ուղեկցել են իմ սիրելի ֆիլմերն ու գրքերը: Ինչպես և խոստացել էի` իմ հիմնական աշխատանքից դուրս նոր նախագծի վրա եմ աշխատում, որը կապված է իմ հայրենի Սոս գյուղի հետ: Հետաքրքիր առաջարկ եմ ստացել մի այլ նախագծում` վավերագրական ֆիլմում հանդես գալու: Բայց, ամենակարևորը, ծանոթացել եմ նոր մարդկանց հետ և ոմանք ինձ համար իսկապես հարազատ ընկերներ են դարձել: Ու սա իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում:

Ցանկանում եմ խաղաղ ու հիշարժան նոր տարի մաղթել մեր բոլոր հայրենակիցներին և հավատով ու սիրով լցված սպասել 2020 թվականին:

Արցախի հանրային հեռուստատեսության տնօրեն  Մերի Դավթյան

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս գաղափարի համար: Հավատացնում եմ՝ այն ուղղորդիչ էր ամբողջ տարվա կտրվածքով: Մտապատկերում ունենալով ինքս ինձ խոստացածն ու հանրայնացրածը, փորձում էի լինել հետևողական: Պիտի խոստովանեմ, որ Ձեր պարբերականին տված տարեսկզբի  նախանշումներից ոչ բոլորն եմ իրագործել. ասենք՝ Իտալիա չեմ մեկնել, տորթ էլ չեմ թխել, չնայած դեռ մի քանի օր ունեմ տարեմուտին, կարող եմ հասցնել և, երևի թե անեմ, բայց այնուամենայնիվ, որոշ դրույթներ կատարելագործել եմ: Իսկ, եթե ավելի լուրջ, ապա տարին խիստ արդյունավետ եմ համարում գործնական իմաստով: Գործակցային առավել սերտ հարաբերություններ են ամրագրվել հայաստանյան մի շարք հեռուստաընկերությունների հետ: Յուրացրել ու որոշակիորեն խորացրել եմ կառավարման ունակություններս: Ինքս ինձ փորձարկել եմ դասավանդման գործում: Հեռուստատեսությունում սերնդափոխության խնդրի կարգավորման հետքերով՝ զուգահեռաբար աշխատել եմ ԱրՊՀ-ում: Տարվա կարևոր հաջողություններից եմ համարում նաև նոր սերնդի հետ աշխատանքը, ինչն առայժմ ցանկալի նշաձողում չէ գուցե, բայց ինչպես ասում են՝ հունդերն արդեն գցված են:

Մի խոսքով, տարին գործնական առումով արդյունավետ եմ համարում, անձնական իմաստով՝ հարուստ:

2020 թվականի մասնակիցներ

Միջազգային կարգի սպորտի վարպետ, ԱՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Գրիգորյան

Սկսելու եմ ժամանակին տուն գալ եւ ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս:

Հրաժարվելու եմ  ծանր  եւ անօգուտ սննդից:

Մեկնելու եմ Ավստրալիա, ուշուի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որի իրավունքը Արսեն Բաղրյանը վաստակել է 2019թ. աշխարհի առաջնության ժամանակ՝ զբաղեցնելով 3-րդ տեղը:

Սովորություն եմ ձեռք բերելու՝ ավելի շատ հայերեն գրքեր կարդալ խոսքս  զարգացնելու համար:

Կփորձեմ մասնակցել միջազգային մրցավարական սեմինարների՝ միջազգային մրցավարի կարգ ստանալու նպատակով:

-Հնարավորության դեպքում կգնեմ  նոր մարզական գույք:

Կուտեմ  ավելի շատ բանջարեղեն, ձկան ու թռչնի միս՝ հրաժարվելով խոզի մսից:

Կկարդամ 2019թ. կիսատ թողած մի քանի գրքեր, որոնք հիմնականում  սպորտային են:

Կլինեմ էլ ավելի պարտաճանաչ հայր և ամուսին:

-Անընդհատ ձգտում եմ ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր շահագրգրված են սպորտի զարգացմամբ ու մասսայականացմամբ. կշարունակեմ պահել բարի ավանդույթը նաև 2020-ին:

 —Կհավատամ, որ 2020-ին երանի չեմ տալու 2019-ին:

Առհասարակ բոլորին եմ միշտ ներում:   

ԱՀ գլխավոր գինեկոլոգ, մանկաբարձ Մանուշ Սարգսյան

-Սկսելու եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ ունենալ եւ նոր թափով շարունակելու եմ աշխատանքս կատարել համբերատար, բարի եւ հոգատար:

-Ոչ մի բանից չեմ հրաժարվելու:

-Մեկնելու եմ հանգստի՝պայմանների ներման պարագայում:

-Դժբախտաբար իմ տարիքում սովորություն ձեռք չենք բերում, որովհետեւ արդեն ձեւավորված ենք:

-Սովորելու անհրաժեշտություն ամեն օր ունեմ, ամեն ժամ, ամեն վայրկյան՝ եւ կենցաղային առումով, եւ աշխատանքի, եւ ընդհանրապես:

-Կփորձեմ ավելի պիտանի լինել հայրենիքիս:

-Կգնեմ ավտոմեքենա՝  հնարավորության դեպքում:

-Կշարունակեմ ուտել իմ սովորական ուտելիքը, որը բացառում է միսը, ձկնեղենը, թռչունները, իսկ կաթնամթերքը՝ քիչ քանակով:

-Կնայեմ հետաքրքիր հեռուստաֆիլմ:

-Կվերընթերցեմ գեղարվեստական գրքեր:

-Կլինեմ այնպիսին, ինչպիսին կամ առ այսօր:

-Կծանոթանամ գործարար մարդկանց հետ, իսկ ժողովրդին, գտնում եմ, որ ես ծանոթ եմ:

-Կհավատամ, որ 2020 թվականը կլինի խաղաղության, վերելքների, բարգավաճումների տարի:

-Կներեմ. ես միշտ եմ ներում, քեն չեմ պահում:

Հասարակական գործիչ, «Միլագրի» ֆոնդի հիմնադիր Քրիստինե Բալայան

— Շատ վաղուց երազում էի ձիավարել, հիմա արդեն Արցախում ստեղծվել է այդ հնարավորությունը, այդ իսկ պատճառով ես սկսելու եմ զբաղվել ձիավարության դասընթացներով:

-Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղից մի քիչ հեռու կա մի վայր, որը կոչվում է Ալ գյոլ, ես շատ եմ ցանկանում գալիք տարի մեկնել այնտեղ:

— Սկսել եմ սովորել ֆրանսերեն, եւ հուսով եմ, որ հաջորդ տարի ես կշարունակեմ սովորել եւ կարձանագրեմ որոշ արդյունքներ:

-Մի քանի տարի է, ինչ փորձում եմ ստեղծել ինկլյուզիվ մանկապարտեզ: Կփորձեմ 2020-ին հասնել այդ նպատակին:

-Ամենից շատ ուզում եմ գնել տուն, որը հետագայում կվերակառուցվի մանկապարտեզի:

-Ես չգիտեմ, թե ինչ կուտեմ, բայց մշտապես առողջարար սննդի կողմնակից եմ:

Հրաժարվելու եմ իմ վախերից, այն ամենից, ինչ ինձ խանգարում է առաջ գնալ:

-Կնայեմ Արթուր Արեստակեսյանի «Ափեր» ֆիլմը:

-Ճիշտն ասած՝ մեծ ցանկություն ունեմ այս տարի մինչեւ վերջ կարդալ Աստվածաշունչը: Երկար ժամանակ է՝ ինչ կարդում եմ, բայց դանդաղ, որպեսզի խորքային հասկանամ ամեն ինչ: Հուսով եմ, որ 2020-ին կավարտեմ ընթերցումս:

-Կծանոթանամ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր մտածում են Արցախի մասին եւ կարող են իրենց աշխատանքով օգտակար լինել Արցախի զարգացմանը:

-Կհավատամ ինքս ինձ եւ իմ ուժերին:

-Ճիշտն ասած այդպիսի մարդ չկա, ում անհրաժեշտություն կա ներելու, բայց կներեմ բոլոր նրանց, ովքեր ունեն իմ ներողամտության կարիքը:

Նյութը պատրաստել է Լուսինե Թեւոսյանը

1