Կայացել է Իգոր Մուրադյանի հոդվածների ու հարցազրույցների ժողովածուի շնորհանդեսը

Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացել է Արցախյան ազգային ազատագրական շարժման ակնառու գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր Իգոր Մուրադյանի հրապարակախոսական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն հրատարակվել է «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու միջոցներով: Ժողովածուի լույսընծայման աշխատանքներին օժանդակել են «Լրագիր» թերթի աշխատակազմը՝ հատկապես Նաիրա Հայրումյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, Սարո Սարոյանը:
Ժողովածուի 600-ից ավելի էջերում ամփոփված են Իգոր Մուրադյանի հրատարակված ու չհրատարակված հոդվածներն ու հարցազրույցները:
«Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ հիմնադիր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանն իր խոսքում նշել է, որ գիրքը հրատարակելու գաղափարը ծագել է Իգոր Մուրադյանի հուղարկավորության օրը՝ Եռաբլուրում, երբ «մենք հստակ պատկերացրինք, թե ինչ ենք ունեցել և ինչ ենք կորցրել»:

«Առանց Իգոր Մուրադյանի դժվար է պատկերացնել Արցախյան շարժումն ու հայկական անկախ պետականության ձևավորումը: Նրան կարելի է համարել Արցախյան շարժման հիմնադիր, այն բացառիկ դեմքերից, որ ապրեց թշվառության մեջ ու մահացավ թշվառության մեջ: Դժբախտաբար, նույնպիսի ճակատագիր ունեցան, նույն կյանքով ապրեցին նաև մեր պատմության մեջ ամենակարևոր, ամենամեծ ներդրում ունեցած մարդիկ»,-ասել է Սերգեյ Շահվերդյանը:
Միջոցառմանը ներկա էին Իգոր Մուրադյանի գաղափարական, մարտական ընկերները, ովքեր կիսվել են Ղարաբաղյան շարժման գաղափարախոսի, անվանի քաղաքական վերլուծաբանի վերաբերյալ իրենց հիշողություններով:

Իգոր Մուրդյանին ճանաչողներն առանձնացնում են նրա քաղաքական, տնտեսագիտական միտքը, ապագա զարգացումները կանխատեսելու բացառիկ ունակությունը, ազնվությունը, հումորի յուրահատուկ զգացումը և անսահման սերը դեպի Արցախը:
Իգոր Մուրադյանի Գիտական ժառանգության հիմնադրամի կազմակերպիչ Ռաֆֆի Հովակիմյանը նրա մասին անցյալով չի խոսում, որովհետև Իգորը միշտ կա ու կմնա, իսկ նրա գործը շարունակելի է: «Իգոր Մուրադյանը քաղաքագետ, դիվանագետ էր: 30 տարի առաջ նրա ասածներն այսօր կատարվում են: Նա Ղարաբաղյան շարժման փարոսն էր: Եթե մի տեղ Իգորը կար, իր հետևից բոլորին տանում էր»,- իր խոսքում ասել է Ռաֆֆի Հովակիմյանը:
Իգոր Մուրադյանը սերտ կապեր է ունեցել Հադրութի և Ստեփանակերտի գործիչների հետ:

Արցախյան շարժման նախնական փուլում Հադրութում գործող ընդհատակյա խմբի ղեկավար Գրիշա Հայրապետյանի խոսքով՝ Իգոր Մուրադյանը ներկայացման կարիք չունի, բայց միաժամանակ յուրաքանչյուրը յուրովի է հիշում նրան: «Նա ներկայացնում էր ազգի ինտելիգենցիան, այն իմաստով, որ իրոք շահագրգռված էր ազգի ապագայով, կարողանում էր գնահատել տվյալ պահին ազգի շահը և գրագետ ձևով պաշտպանում էր այն: Վերջին տարիներին նա միայնակ էր մնացել, նրա շրջապատի մարդիկ սկսել են անձնական շահը հետապնդել և մոռացել են ազգային շահի մասին: Եվ այս իրավիճակում ինքը չէր էլ կարող ընկեր ունենալ»,- նշել է Գրիշա Հայրապետյանը՝ հավելելով, որ Իգոր Մուրադյանը արդարության, ազնվության, անկեղծության, քաջության վառ օրինակ է բոլորի համար:
Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Կարապետյանի կարծիքով ահռելի է Իգորի դերն Արցախյան շարժման մեջ. «Նրա դերն անգնահատելի է, նույնիսկ բառերով հնարավոր չէ արտահայտել: Իգոր Մուրադյանի շնորհիվ է Արցախում ուժեղ կառույց ստեղծվել՝ տեղում հարցերը լուծելու համար»:

Լևոն Հայրյանն իրեն այն երջանիկներից է համարում, ում բախտ է վիճակվել լինել Իգոր Մուրադյանի ժամանակակիցը: «Իգորի գործը հնարավոր չէ չափել: Մեր պատմության մեջ միակ մարդը, ում հետ կարելի է համեմատել Իգորին, Արամ Մանուկյանն է: Այս անհատները մեծ են ոչ թե նրա համար, որ մեծ գործեր են կատարել, այլ որովհեև մեր հսկա երթի մի մասն են: Այդ երթը դեպի Ազատ Անկախ Միացյալ Հայաստան է տանում»,- նշել է Լևոն Հայրյանը՝ կոչ անելով հավատարիմ մնալ այդ երթին և փորձել ըստ արժանվույն գնահատել Իգոր Մուրադյանին:
Միջոցառման ներկաները կարևորել են Իգոր Մուրադյանի կյանքի և գործունեության համապարփակ ուսումնասիրությունն ու հրատարակումը:
Շնորհանդեսին ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, Իգոր Մուրադյանի ընկերները, նրա գործով հետաքրքրված անձինք, լրագրողներ:



