Կայացել է դատախազության կոլեգիայի նիստ
Գլխավոր » Լրահոս » Կայացել է դատախազության կոլեգիայի նիստ

Կայացել է դատախազության կոլեգիայի նիստ

Օգոստոսի 12-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեցին 2022 թվականի առաջին կիսամյակում դատախազության կատարած աշխատանքի արդյունքները, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները:
Նիստը բացեց գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Զեկույցով հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալները՝ ներկայացնելով իրենց համակարգման ոլորտներում կատարված աշխատանքները, ծագած խնդիրները և դրանց լուծման առաջարկները:
Համաձայն օրակարգի՝ տեղի ունեցավ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի նորանշանակ քննիչի երդման արարողություն:
Ամփոփելով դատախազության կոլեգիայի աշխատանքները՝ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, բավարար գնահատելով նախորդ կիսամյակում կատարված աշխատանքները, այդուհանդերձ դժգոհություն հայտնեց մի շարք հարցերի կապակցությամբ՝ հայտարարելով հետևյալը.

  • Դատախազական աշխատանքի արդյունավետության բնութագրիչներից է մինչդատական վարույթի ժամկետի ողջամտությունը: Երբ քրեական գործի նախաքննությունը սկսում է երկարել, նույնությամբ սկսում է նվազել տվյալ դեպքի օբյեկտիվ ու լիարժեք քննության նկատմամբ հանրային վստահությունը: Թեև հետաքննության ու նախաքննության մարմինները աշխատում են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ, փորձաքննությունների կատարումը տևում է ամիսներ, այդուհանդերձ արդեն ունեցած փորձը վկայում է, որ շատ հաճախ նախաքննության ժամկետը երկարացվում է դրա անկազմակերպ ու ոչ պատշաճ պլանավորված լինելու և դատախազական թույլ հսկողության պատճառով:
  • Դատախազական աշխատանքի հանրային գնահատման ամենալավ հարթակը դատարանն է, դատական նիստը, որտեղ պետությունը ներկայացնող՝ մեղադրանքը պաշտպանող դատախազը պետք է աչքի ընկնի հաստատակամությամբ, պետության, անձի և հասարակության շահը պաշտպանելու վճռականությամբ: Դատարանում պասիվ դատախազական վարքագիծը ոչ միայն հարված է մեղադրանքը պաշտպանող դատախազի, այլև դատախազական ողջ համակարգի հեղինակությանը: Դժբախտաբար ունենք նման դեպքեր, որոնք այսուհետ պետք է բացառվեն, երբևէ չկրկնվեն:
  • Քրեական դատավարության խնդիրների շարքում պետք է առանցքային նշանակություն տրվի հանցագործությունից տուժած անձանց պատճառված վնասի հատուցմանը, պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելու ուղղությամբ: Այս ուղղությամբ աշխատանքներն առայժմ անհրաժեշտ արդյունք չեն ապահովում:
  • Թեև մի քանի անգամ շատացել է պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով իրականացվող դատախազական ստուգումների թիվը, այդուհանդերձ դատախազության տարածքային ստորաբաժանումները այդ առումով պասիվ են, թեև ԱՀ կառավարության տարբեր ծրագրերի կատարման ընթացքի, տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գանձման և պետության գույքային շահերին առնչվող տարբեր գործընթացների օրինականության ստուգման արդյունքները ցույց են տվել դրանց արդյունավետությունը, նպաստել ֆինանսական և կառավարման կարգապահության մակարդակի համեմատական բարձրացմանը, պետությանը գույքային վնաս հասցնելու հնարավոր դեպքերի կանխարգելմանը:
    Վերջում գլխավոր դատախազը հասցեական հանձնարարականներ տվեց դատախազության ստորաբաժանումների պատասխանատուներին՝ պահանջելով առաջիկայում պարտադիր վերացնել թվարկված թերությունները՝ այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին տարեվերջին անդրադառնալու պայմանով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
12.08.2022թ.

1