Արցախում էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության թեմայով գիտաժողով Ստեփանակերտում
Մայիսի 11-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված գիտական կոնֆերանս՝ «Արցախում էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականությունը» թեմայով։ Գիտաժողովի կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես է եկել Գ․ Նարեկացի համալսարանի ռեկտոր Սևակ Հակոբյանը։ Ողջունելով ներկաներին, նա մաղթել է արդյունավետ աշխատանք և քննարկումներ։
«Թեման ավելի քան արդիական է և ցավով փաստում ենք, որ դարավոր մեր հիմնախնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև կա դրանց սրացման դինամիկա և նոր սրացման վտանգ»,- նշել է Ս․ Հակոբյանը։
ԱՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ գիտագործանակն համաժողովը կարևոր քայլ կհանդիսանա գործնական ծրագրերի կազմման և իրականացման ուղղությամբ։
«Գիտաժողովի խորագիրն իսկ փաստում է քննարկվող թեմայի կարևորությունն ու արդիականությունը, վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները միանգամայն նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեր հանրությանը։ Քաղաքակիրթ աշխարհի համակ ուշադրության պայմաններում, Ադրբեջանը, նվաճելով մեր հայրենիքի նշանակալից հատվածը, աննախադեպ մասշտաբների հասցնելով հայատյացության քաղաքականությունը և քարոզչությունը, զուգահեռաբար ձեռնամուխ է եղել նաև հայկական պատմամշակութային ժառանգության բացահայտ ոչնչացման քաղաքականությանը, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտությունը և ընդգծում Արցախի հանրապետության անկախության կարգավիճակի լուծման հրատապությունը։ Ստեղծված պայմաններւոմ առավել մեծ է թե հայ քաղաքական գործիչների և թե մտավորականության դերը մեր ժողովրդին անվտանգ և ճիշտ ճանապարհով առաջնորդելու և դրանով իսկ բազում փորձություններ հաղթահարած մեր հայրենիքի պահպանումն ու պաշտպանությունը երաշխավորելու գործում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ որպեսզի նորից կարողանանք հասնել մեր բաղձալի հաղթանակներին ու ազգային նոր վերածննդին, պետք է կարողանանք մեկտեղել հայ մտավոր ներուժը, նորից միավորվել մեր ազգային նպատակի շուրջ, որը կուղեկցի դեպի հայրենիքի հզորացման, մեր ազգային իղձերի իրագործմանը։
Գիտաժողովի ընթացքում Ադրբեջանի հայահալած, ցեղասպան քաղաքականության տարբեր դրսևորումների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ԱՀ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանը, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը, պատմական գիտությունների թեկնածու Լեռնիկ Հովհաննիսյանը, պատմական գիտությունների թեկնածու Նունե Սարումյանը և ուրիշներ։