Ընթանում է ԱՀ և ՀՀ խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 17-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը:
Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:
Արարատ Միրզոյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում արդեն երկու նիստ են գումարել, իսկ հանձնաժողովի նիստը լավագույն պատրվակն է ևս մեկ անգամ Արցախ այցելելու համար: Արարատ Միրզոյանն անդրադարձել է միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահը պաշտպանելուն ուղղված միջոցներին:
ՀՀ ԱԺ նախագահը խոսելով Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններին, նշել է, որ է ազատ, մրցակցային ընտրությունների անցկացումը այլընտրանք չունի:
Համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարց են ներառված՝ Ադրբեջանա-ղարաբաղյան հակմարտության շուրջ խոսույթը տարբեր հարթակներում և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր ռազմավարության և աշխատանքային տարբերակի դրույթների մասին:
Օրակարգային առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը, իսկ երկրորդի վերաբերյալ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Զեկուցումներից հետո տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:
Հավելենք, որ նիստից հետո նախատեսվում է ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահների ճեպազրույց: