Կայացավ «Ապրելու ձայնը»գրական հանդիպումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կայացավ «Ապրելու ձայնը»գրական հանդիպումը

Կայացավ «Ապրելու ձայնը»գրական հանդիպումը

Փետրվարի 18֊ին` Մեծն Հովհ. Թումանյանի ծննդյան եւ Գիրք նվիրելու օրվա նախօրեին, Համազգայինի Արցախի գրասենյակը ջերմ հանդիպում էր կազմակերպել Արցախի գրական ընտանիքի անդամների հետ։

Նախաձեռնությունը կայացավ «Թումանյանս Art» սրճարանում, որը ամիսներ առաջ նույն անունով գործում էր Ստեփանակերտում և այժմ վերաբացվել է Երևանում։ Գրողները եկել էին իրենց նոր ստեղծագործություններով ու գրքերով` ընթերցելու, զրուցելու, գրքեր նվիրելու։

Հանդիպումը բացվեց Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանի ողջույնի խոսքով։ Նա, որպես հարգանքի տուրք, առաջին ընթերցումն արեց Արցախի շնորհալի գրող, նահատակ ազատամարտիկ Հայասեր Հովսեփյանի ստեղծագործություններից։

Խոսք ասաց նաև Արցախի գրողների միության նախագահ, այժմ` Հայաստանի ԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը ։Այնուհետև հանդիպմանը ներկա գրողներն ընթերցեցին իրենց ստեղծագործությունները։ Արցախի գրողներից իրենց բանաստեղծությունները կարդացին Վիտալի Պետրոսյանը, Նորեկ Գասպարյանը, Սոնա Համբարձումյանը, Սերգեյ Սաֆարյանը, Ալիսա Բաղդասարյանը, Արմեն Ավոն, Զարինե Սառաջյանը, Տաթև Սողոմոնյանը, Նանար Պողոսյանը։ Ներկաները նվեր ստացան Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրատարակած գրքերից։

Հանդիպմանը ներկա, սիրված գրող Խաչիկ Մանուկյանն իր գրքերից նույնպես նվիրեց Արցախի գրողներին` նշելով, որ սիրով սպասելու է հաջորդ գրական հանդիպմանը։ Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հ. Ավագյանը շեշտեց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու` կազմակերպելով թե’ գրական, թե’ մշակութային նման հանդիպումներ։ Նա նշեց, որ այս հանդիպման շրջանակում համագործակցել են Արցախի ԳՄ վարչության հետ։

«Այս նախաձեռնությունն ապրելու մասին է։ Սա Արցախում ապրող ու ստեղծագործող մարդու ապրելու ձայնն է` գրականության ու մշակույթի լեզվով։ Մենք հիմա Մայր Հայաստանում ենք, մենք կորցրել ենք մեր ծննդավայրը, բայց այո’ ենք ասում ապրելուն, շարունակելու ենք արարել, ձեռք ձեռքի տալ` երբեք չկորցնելով վերադարձի նպատակը»,֊ նշեց Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն։

Հանդիպումն ուղեկցվեց կոնսերվատորիայում սովորող արցախցի սաների գեղեցիկ կատարումներով։

1