Կարոյի միակ նպատակը Արցախը կրկին ազատ ու անկախ տեսնելն է, հայրենի գյուղում սիրելի եղբոր հիշատակին հուշաղբյուր կառուցելը
«Ամեն տարի «տանկիստի օրը» հայրս քեֆ էր կազմակերպում մեր տանը՝ հրավիրում մարտական ընկերներին, մեր հարազատներին ու հարևաններին։ Շատ կենացներ չէր սիրում ասել, բայց ամեն սեղան նստելիս անպայման խմում էր հայրենիքի համար զոհված, ինչպես նաև ապրող հերոսների կենացը։ Ամեն անգամ, երբ եղբայրներով կամ ընկերներով հավաքվում էին մեր տանը, վերհիշում էին Արցախյան ազատամարտի օրերը, իսկ մենք կողքից ոգևորվում էինք»,- Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքից քսանամյա Կարեն Ալավերդյանն այսպես է հիշում իր հորը՝ Կառլենին, ով զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։
90-ականներին Կառլենը ծառայում էր բանակում։ Կոչումով լեյտենանտ էր, տանկիստ։ Նա մասնակցել է Արցախյան առաջին, ինչպես նաև Ապրիլյան քառօրյա պատերազմներին։
Բնավորությամբ հանգիստ էր, ազնիվ, խստապահանջ ու պատասխանատու։ Նրան բոլորը սիրում ու հարգում էին։ Երկու որդիները՝ Կարենը և Նիկոլայը, այսօր մեծ հպարտությամբ են խոսում հոր մասին։ Նրանց միակ նպատակն իրենց հոր արժանի զավակներ լինելն է։
Կառլենի կինը՝ Լիլյան, հասցրել է վայելել ամուսնու սերն ու հարգանքը։ Կառլենը Լիլյայի համար եղել է ամուր հենարան, ամեն հարցում օգնել, խորհուրդներ տվել։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ մոր՝ Գրետայի նկատմամբ։ Լիլյայի խոսքով ամուսնու մասին հիշողությունները շատ-շատ են, բոլորն էլ՝ յուրահատուկ ու ջերմ։
Կառլեն Ալավերդյանի լուսանկարը Թաղավարդի միջնակարգ դպրոցի սպայական կազմի տախտակին է եղել։ Նրան դասավանդած ուսուցիչները պատմում են, որ Կառլենը եղել է յուրահատուկ աշակերտ։ Իրինա Գրիգորյանը, նրա ուսուցիչներից մեկը, ցավով է նշում, որ այսօր իր լավագույն աշակերտներից մեկը ևս դարձել է հավերժի ճամփորդ։
Կառլենը, սերտելով իր ուսուցիչների դասերը, կարողացավ կյանքում գտնել իր տեղն ու դիրքը, կազմել գեղեցիկ ընտանիք, դաստիարակել խելացի, գրագետ ու հայրենիքը սիրող երկու զավակներ։
Նրանք չորս եղբայր էին․ Կամոն զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Եղբոր գործի շարունակողը Կառլենն էր՝ տան փոքրը։ 2018 թվականին մահացել է Կարմենը։ Եղբայրներից ավագը՝ Կարոն, չի հաշտվում իրականության հետ, եղբայրների մասին երբեք անցյալով չի խոսում։ Վերհիշում է, թե ինչպես է ինքը, 2020 թվականի պատերազմի ժամանակ, եղբոր հետ գյուղի պաշտպանության գործին լծվել։
Կարոյի միակ նպատակը Արցախը կրկին ազատ ու անկախ տեսնելն է։ Իսկ իր սրտի փափագը՝ հայրենի Թաղավարդում սիրելի եղբոր հիշատակին հուշաղբյուր կառուցելը։ Հավատում է, որ կգա այն օրը, երբ իր շուրջը կհամախմբվեն Կառլենի ընկերները ու իրականություն կդարձնի երազանքը։
Կառլենը մեծ շրջապատ ուներ, ամենուր սպասված էր ու հարգված։ Ընկերներից Նելսոնը, Կառլենին հիշում է ամեն օր, այցելում նրա շիրմաքարին ու զրուցում նրա հետ։
Կառլեն Ալավերդյանը հայրենիքի հանդեպ իր պարտքը պատասխանատվությամբ կատարելու համար արժանացել է մի շարք մեդալների ու պատվոգրերի։ Նա հավերժի ճամփորդ դարձավ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ գյուղի վրա թշնամին հարձակվեց։ Միայն 23 օր անց կարողացան նրա մարմինը հողին հանձնել։ Կառլենը հանգչում է Եռաբլուրում։
Վեհանուշ Հովսեփյան