Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի. Փաշինյան
Գլխավոր » Լրահոս » Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի. Փաշինյան

Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի. Փաշինյան

ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից․ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

https://youtu.be/4nkr0VZNCYM

«1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, թե հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը», — ասաց նա: Վարչապետի խոսքով՝ իր սեղանին դրված բանակցային թղթի վերնագիրն է եղել «О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования» (Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին):  «Այսինքն՝ այն մարդը, որն ասել է, թե փուլային լուծումը պարտավողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է, այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման, բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան. հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե՞ չէ: Ասում են՝ իրենք Ղարաբաղի հարցը այսպես, այնպես կլուծեին. Ժողովո՛ւրդ ջան, լուծեիք: Մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ», — ասաց վարչապետը: Անդրադառնալով համանախագահների դերակատարմանը՝ նա ասաց, որ նրանք վերցնում են գաղափարներ, թե տարբեր կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ: 

«Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ, բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր, այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակի»,- ասաց Փաշինյանը:Նա հայտարարեց, թե համանախագահները 2016 թվականի հունվարին ներկայացրել են բանակցային փաթեթ, որի իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու, հայկական կողմը, բնականաբար, մերժել է: 

«Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հարցազրույցում հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը:

«Մեծ հավանականությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա նկատի ուներ, այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի, բայց միջազգային հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության և, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա», — ասաց վարչապետը՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքներում էլ դա կա։

Վարչապեն անդրադարձավ ընդդիմության՝ իշխանության ուղղված հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան: 

«Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ո՞նց եղավ, որ թակարդի մեջ ընկանք. մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից, դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019-ի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես», — հայտարարեց նա:

Հարցին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, վարչապետը պատասխանեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի: Այս նույն վիճակը՝ բոլոր հարցերով, բոլոր նրբություններով: Բաներ կան, որ ես հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցություններին կվնասեմ»:

yerkir.am

1