Կարեւորվել են հնարավոր խողովակներով եւ միջոցներով հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար քայլերի իրականացումը
Գլխավոր » Լրահոս » Կարեւորվել են հնարավոր խողովակներով եւ միջոցներով հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար քայլերի իրականացումը

Կարեւորվել են հնարավոր խողովակներով եւ միջոցներով հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար քայլերի իրականացումը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը այսօր ընդունել է Ուրուգվայից ժամանած պատվիրակությանը։

Օգոստոսի 29-ին հանդիպելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիի հետ Իշխան Սաղաթելյանը նախ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի գործադիր եւ օրենսդիր մարմիններին՝ Հայաստանի համար շատ զգայուն հարցերում մշտապես օբյեկտիվ գնահատականի եւ վերաբերմունքի համար։

Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ դրանք զարգացնելու մեծ ներուժ կա: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է Ուրուգվայում հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կարող է լրացուցիչ կամուրջ եւ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, հայկական արմատներով Պեդրո Խիսդոնյանին կարեւորել են հայ համայնքի դերակատարությունն Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում, ընդգծել նրա միասնականությունը, դրական գնահատել երկու երկրներում դեսպանությունների բացումը:

Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել Հայոց ցեղասպանությունը 1965 թվականի ապրիլի 6-ին պաշտոնապես առաջինը ճանաչած եւ դատապարտած երկրի ներկայացուցիչներին, խոսել մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերների ու Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիոն քաղաքականության մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտման քաղաքականությանը՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ առայսօր Բաքվի բանտերում են տասնյակ հայ ռազմագերիներ, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքներում՝ ադրբեջանական զորքեր: «Չնայած խաղաղության մասին հայտարարություններին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը հակված չէ խաղաղության եւ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին»,- ասել է նա:

Կարեւորվել են բարեկամ երկրների կողմից հստակ եւ հասցեական գնահատականների հնչեցումը, ինչպես նաեւ հնարավոր խողովակներով եւ միջոցներով հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար քայլերի իրականացումը:

«Եթե 2020 թվականին՝ պատերազմի ժամանակ, միջազգային հանրությունը ճիշտ եւ հասցեական գնահատականներ տար Ադրբեջանի գործողություններին, դա առնվազն կզսպեր նրա հետագա քայլերն ու գործողությունները, որոնք շարունակվել են պատերազմից հետո եւ շարունակվում են մինչ օրս»,- մասնավորապես, ասել է Իշխան Սաղաթելյանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

1