Կարևորում եմ երիտասարդության քաղաքական ակտիվությունը, բայց դա չպետք է արհեստական լինի. Լեռնիկ Հովհաննիսյան
Գլխավոր » Երիտասարդական » Կարևորում եմ երիտասարդության քաղաքական ակտիվությունը, բայց դա չպետք է արհեստական լինի. Լեռնիկ Հովհաննիսյան

Կարևորում եմ երիտասարդության քաղաքական ակտիվությունը, բայց դա չպետք է արհեստական լինի. Լեռնիկ Հովհաննիսյան

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է երիտասարդական ոլորտի առաջնահերթությունների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին:

— Որպես մշակույթի և երիտասարդության ոլորտի պատասխանատու՝ որո՞նք եք համարում տվյալ ոլորտների հիմնական խնդիրները, և Ձեր պաշտոնավարման ընթացքում որո՞նք են լուծում ստացել:

-Վերջին 10 տարիներին լուրջ քայլեր են ձեռնարկվել մշակույթի վերաբերյալ օրենսդրական և կառավարման դաշտը կարգավորելու, Արցախի մշակութային կյանքը համապետական և, առանձին դեպքերում, նաև համայնքային մակարդակով աշխուժացնելու, մշակութային ժառանգությունը հանրահռչակելու, այն միջազգային հարթակներում ներկայացնելու և մշակութային զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: Մեծ ուշադրություն է դարձվել պատմական ժառանգության պահպանությանը, նաև այդ ժառանգության հանրայնացմանը և միջազգայնացմանը:

Տարբեր ոլորտներում կադրերի պատրաստման խնդիր ունենք, որի լուծման համար աշխատում ենք ԵՊՀ մշակութաբանության, հնագիտության և ազգագրության ամբիոնների հետ:

Մեր հիմնական խնդիրներից է մշակութային քաղաքականության ապակենտրոնացումը, գյուղական բնակավայրերի ընդգրկումը: Մյուս կարևոր հարցը համայնքներում զբոսաշրջային կյանքն աշխուժացնելն է: Օրինակ Բերդաշեն համայնքում, Կուսաբերդի շրջակայքում կատարվում են պեղման աշխատանքներ, թանգարանն է վերանորոգվում, որից հետո այն կարող է դառնալ մեր կարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկը:

ՀՀ ազգային արխիվի հետ ձեռնարկել ենք Արցախի բնակավայրերի պատմությանը վերաբերող փաստաթղթերի, արխիվների պատրաստումը, որոնք հետագայում տրամադրվելու են գյուղական բնակավայրերին:

Ազգային երաժշտարվեստի բնագավառում կարևորում եմ Արցախի ազգային նվագարանների նվագախմբի պետականացումը, որի հիմնական նպատակը ազգային նվագարանների ժառանգության հանրահռչակումն է:

2020թ. նախարարության գործունեության ծրագրում մտցված է ԱՀ մշակութային և երիտասարդական քաղաքականության հայեցակարգերի հաստատումը:

Մեծ աշխատանք է կատարվել երիտասարդության ոլորտում: Աջակցություն ենք ցուցաբերել տարբեր երիտասարդական ծրագրերի, որոնք ուղղված են սահմանափակ կարողություններով երիտասարդների հասարակությանն ինտեգրմանը, ոչ ֆորմալ կրթական ծրագրերին, երիտասարդության հասարակական և քաղաքացիական ակտիվության խթանմանը և այլն:

-Նախընտրական շրջանում բոլորն են խոսում առկա խնդիրների մասին: Դուք որո՞նք կառանձնացնեիք առաջնահերթ լուծում պահանջողներից՝ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ոլորտներում:

— ԱՀ մշակութային քաղաքականության գերակա ուղղություններն են նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հիմքերի ապահովումը, ժամանակակից արվեստի տարածումը, հանրահռչակումը, մշակութային կրթության և ոլորտի կադրային քաղաքականության իրականացումը: Վերականգնող ճարտարապետների, հնագետների, ազգագրագետների պակաս ունենք: Այս մասնագետներն անհրաժեշտ են պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանման համար:

Այսօր մշակութային քաղաքականության առաջնային խնդիր է մնում առանձին քաղաքացու, խմբի և համայնքի մշակութային իրավունքի իրացումը և մշակութային ներուժի ինքնաարտահայտման իրավական և գործնական հնարավորությունների էական բարելավումը:

Հասարակության մեջ այն համոզմունքն է, որ մշակութային գործունեությունը նախևառաջ պետք է միտված լինի ազգային ավանդական արժեհամակարգի պահպանմանը, երիտասարդ սերնդին փոխանցմանը:

Պետք է մշակութային ժառանգության պահպանությունը որպես քաղաքացիական պարտավորվածություն դարձնելու ուղղությամբ աշխատենք, քանի որ այսօր տեսնում ենք, որ մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ հաճախ չիմացությունից որոշակի խնդիրներ են առաջանում:

Երիտասարդական պետական քաղաքականությունն առաջադրում է հետևյալ խնդիրները՝ երիտասարդի կարգավիճակի հստակեցում, կենսագործունեության պայմանների ձևավորում և երաշխիքների տրամադրում: Պետք է երիտասարդության շրջանում սոցիալական, տնտեսական ինքնուրույնություն ապահովել: Կարևոր է նաև երիտասարդության խոցելիության առաջնային խմբերի իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը, միջազգային համագործակցությունը:

-Դուք դասախոսում եք Արցախի պետական համալսարանում, երկար տարիներ առնչություն եք ունեցել երիտասարդ սերնդի հետ: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք կարելի է երկրի ապագան վստահել երիտասարդությանը:

-Ցանկացած երկրի ապագան կերտում են սերունդները, հատկապես երիտասարդ սերունդը: Պետք է կարողանանք երիտասարդությանը ճիշտ ուղղություն տալ: Սերունդների պայքարը միշտ արդիական է, բայց ցանկացած սերունդ ունի իր առավելությունները և որոշակի թերությունները: Համենայն դեպս, մենք պետք է հնարավորություն տանք երիտասարդներին թրծվել: Դա չպետք է լինի հախուռն, այլ նորմալ վերափոխման, էվոլյուցիոն ճանապարհով: Երիտասարդության պոտենցիալի իրացումը միայն ու միայն օգուտ կբերի մեր երկրին:

-Վերջերս քաղաքական դաշտում մեծ թվով կուսակցություններ են հիմնադրվել, որոնց հիմնադիրները երիտասարդներ են: Ինչո՞վ եք դա պայմանավորում, արդյո՞ք դա խոսում է գաղափարական բազմազանության մասին:

-Ուրախ եմ, որ երիտասարդությունն ակտիվություն է ցուցաբերում, բայց, ցավոք սրտի, գաղափարական հենք չեմ տեսնում: Ցանկացած ժողովրդավար երկրում կարևորվում է գաղափարական բազմազանությունը, բայց այդ բազմազանությունն Արցախում գրեթե չեմ տեսնում: Քաղաքական դաշտում երիտասարդության ակտիվությունն անհրաժեշտություն է, բայց դա չպետք է արհեստական լինի և միայն ապագա ընտրություններին ուղղված:

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1