Կարևոր են ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների կարգապահությունը. Մավրիկ Նասիբյան
Վերջին ժամանակներում Ստեփանակերտում հաճախակի են դարձել խցանումները, հատկապես առավոտյան և կեսօրին՝ օրվա պիկ ժամերին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ստեփանակերտում փողոցները չեն փոխվել, սակայն աճել է այդ փողոցներով երթևեկող մեքենաների թիվը, և գնալով՝ այդ աճի տեմպերը չեն նվազում: Դա էլ պայմանավորված է Արցախի բռնազավթված տարածքներից մարդկանց տեղահանման հետեւանքով Ստեփանակերտի բնակչության թվի և անընդհատ ներկրվող մեքենաների աճով:
Պատերազմից հետո երթեւեկության կազմակերպման, խցանումների վերացման և Ստեփանակերտի փողոցների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանի հետ:
— Պարո՛ն Նասիբյան, պատերազմից հետո ի՞նչ աշխատանքներ են իրականացվել երթևեկության կազմակերպման գործընթացում:
— 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմն իր բացասական հետևանքներն է թողել նաև ճանապարհային երթևեկության ոլորտում. վնասվել են մեծ թվով ճանապարհային նշաններ, լուսացույցային օբյեկտների հեռակառավարման սարքեր և ճանապարհաինժեներական կառույցներ, որոնք 2021 թվականի ընթացքում վերականգնվել են ամբողջությամբ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն կազմակերպելու նպատակով միայն 2021 թվականի ընթացքում հանրապետության տարածքում փոխարինվել կամ տեղադրվել են 232 ճանապարհային նշաններ, այդ թվում՝ արագության սահմանափակման և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելող, որոշ խաչմերուկներում հին լուսացույցային օբյեկտները փոխարինվել են ժամանակակից տրանսպորտային և հետիոտնային թվատախտակներով լուսացույցային օբյեկներով:
—Երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ են իրականացվում:
— Ճանապարհային ոստիկանության ամենօրյա ծառայությունը միտված է երթևեկության անվտանգության ապահովմանը: Բացի այդ, պարբերաբար կազմակերպվում են ստուգայցեր (ուժեղացված ծառայություն), իրականացվում են ծածուկ և խառը ծառայություն՝ ծառայության մեջ ընդգրկված անձնակազմի տեսադաշտից դուրս կատարվող իրավախախտումների նախականխման, կանխման և հայտնաբերման նպատակով:
Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության այլ ստորաբաժանումների համատեղ ուժերով կազմակերպվում են «Օրինապաշտ հետիոտն», «Կարգազանց վարորդ» և այլ տիպի կանխարգելիչ միջոցառումներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային անվտանգ երթևեկության քարոզչության ուղղությամբ, ԱՀ ոստիկանության ՃՈ և ՀՀԿԼ ծառայության հետ համատեղ, 2021 թվականի ընթացքում պատրաստվել, լուսաբանվել են «Զգուշացի՛ր ավտոմեքենայից» և «Մի՛ խախտիր» թեմաներով տեսահոլովակներ, որոնց ցուցադրումը շարունակական բնույթ կկրի:
Ոստիկանության՝ «02» հաղորդաշարով, ոստիկանության ֆեյսբուքյան էջով և հանրային հեռուստատեսության միջոցով հնչեցված կոչերն ու նախազգուշացումները ևս նպաստում են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:
—Հետիոտների կողմից վթարային իրավիճակների ստեղծումը կանխարգելելու նպատակով ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում:
-Հետիոտների մասնակցությամբ հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու համար, որպես նախազգուշացնող գործողություն, շրջիկ պարեկային ծառայությանը զուգահեռ՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները բարձրախոսի միջոցով հետիոտներին իրազեկում են ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, այդ թվում՝ հետիոտնային անցումներով ճանապարհը հատելու խիստ անհրաժեշտության մասին:
Հետիոտների վրաերթերը բացառելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով
հանրապետությունում ավելացրել ենք արհեստական անհարթությունների քանակը, որոնք համատեղված են հետիոտնային անցումներով և կահավորված են ճանապարհային նշաններով և գծանշումներով:
Բացի վերը նշվածից՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հետիոտների կարգապահությունը բարձրացնելուն ուղղված, արդեն ավանդույթ դարձած, կազմակերպվում է տասնօրյակ «Օրինապաշտ հետիոտն» կարգախոսով, որի շրջանակներում ԱՀ ոստիկանության գրեթե ողջ անձնակազմը ներգրավված է լինում առավոտյան, կեսօրին և երեկոյան ծանրաբեռնված ժամերին հետիոտնային անցումների հարակից ճանապարհահատվածներում ծառայության իրականացմանը հետիոտների կողմից հետիոտնային անցումներից դուրս ճանապարհ հատելու դեպքերը բացառելու համար:
—Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ վարորդներն ավելի կարգապահ են, քան հետիոտները:
-Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կարևոր են ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների կարգապահությունը, և իրավախախտումների քանակը, անկախ ճանապարհային երթևեկության մասնակցի կարգավիճակից, խիստ փոխկապակցված է երթևեկության մասնակիցների՝ վարորդների, ուղևորների և հետիոտների իրավագիտակցության մակարդակով: Օրինակ՝ կարգապահ վարորդը հետիոտնի կարգավիճակում կարող է լինել կարգազանց, և հակառակը: Այդ իսկ պատճառով հստակ գնահատական տալը՝ վարորդներն են առավել կարգապահ, թե հետիոտները, դժվար է և խիստ հարաբերական:
— Ստեփանակերտում շատացել են խցանումները: Ինչո՞վ է սա պայմանավորված: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խցանումներից խուսափելու համար:
-Ստեփանակերտում ունենք ծանրաբեռնված երթևեկություն, որը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված մեր հայրենակիցների՝ մայրաքաղաքում բնակություն հաստատելու, Ստեփանակերտ քաղաքի ճանապարհների թողունակությունից և Արցախի Հանրապետություն Հայաստանի Հանրապետությունից ու այլ պետություններից ներմուծվող տրանսպորտային միջոցների քանակի աճից: Միայն 2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետություն է ներմուծվել 4623 տրանսպորտային միջոց: Փողոցների թողունակության աստիճանը հնարավորինս բարձրացնելու նպատակով կատարված հետազոտությունների արդյունքում Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը Ստեփանակերտի քաղաքապետարան և քաղաքաշինության նախարարություն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ, որի համաձայն՝ առաջարկվում է նեղ փողոցների լայնացում, փակ փողոցների շահագործում, ոչ բարվոք փողոցների բարեկարգում, կանգառ-գրպանիկների կառուցում, որոնց մի մասն արդեն իրականացվել են, և առաջարկվող աշխատանքների ամբողջությամբ կատարման դեպքում կունենանք համեմատաբար անխցան, անվտանգ երթևեկություն:
—Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ Արցախում օրենքը չի գործում բոլորի համար և տուգանքները չեն գործում արտոնյալների համար: Արդյո՞ք դա այդպես է:
-Ոչ, Ճանապարհային ոստիկանությունը գործել և գործում է հետևյալ կերպ` օրենքի առջև բոլորը հավասար են: Բացառվում է ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից խտրական վերաբերմունք վարորդների և, առհասարակ, երթևեկության մասնակիցների նկատմամբ:
-2020թ. նախագահական ընտրություններից հետո նախագահ Ա.Հարությունյանը ճանապարհատրանսպորտային վթարների աճով պայմանավորված՝ հայտարարել էր խստացված ռեժիմի անցման մասին: Արդյո՞ք դրանից հետո կրճատվել են նման դեպքերը:
— 2020 և 2021 թվականների վիճակագրական տվյալների համաձայն՝ նյութական և մարմնական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի աճ է գրանցվել, որը պայմանավորված էր ոչ թե լիարժեք խստացված ռեժիմով ծառայության իրականացման բացակայությամբ, այլ հետպատերազմյան ժամանակաշրջանում հասարակության մոտ առաջացած հոգեվիճակով, տրամադրությամբ, ինչու չէ՝ նաև տրանսպորտային միջոցների քանակի շեշտակի աճով ճանապարհների սահմանափակ թողունակության պայմաններում:
—Ստեփանակերտում կառուցվում են նոր բազմաբնակարան շենքեր: Արդյո՞ք խնդիր չի առաջանա մեքենաների կայանման հարցում, քանի որ արդեն հիմա նկատվում են մեքենաների կայանման խնդիրներ:
— Կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված է կայանատեղիներ, նաև՝ հաշվի առնելով այն, որ այդ շենքերի ապագա բնակիչների մեծ մասն արդեն իսկ բնակվում են քաղաք Ստեփանակերտում և, բնականաբար, նրանց կողմից տրանսպորտային միջոցները ևս շահագործվում են Ստեփանակերտում, ուստի գտնում ենք՝ տրանսպորտային միջոցների կայանման խնդրի աճ չենք ունենա:
—Նախատեսվո՞ւմ է արդյոք դեպի բռնազավթված տարածքներ տանող ճանապարհներին նախազգուշացնող նշանների տեղադրում:
— Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված ճանապարհային նշան, որը կտեղեկացնի հետագա երթևեկության ընթացում բռնազավթված տարածքներում հայտվելու և դրանից բխող բոլոր վտանգների մասին, գոյություն չունի: Սակայն, հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներում հայտվելու դեպքերը բացառելու համար գործադրված են ավելի էֆեկտիվ միջոցներ՝ տեղադրված են բետոնե արգելապատնեշներ, արգելափակոցներ, իսկ որոշ տեղերում առկա են ոստիկանության հսկիչ կետեր:
—Արդյո՞ք փոփոխության է ենթարկվել վարորդական իրավունքի տրամադրման կարգը: Որո՞նք են այդ փոփոխությունները:
— Նախկինում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հաստատված կարգի համաձայն՝ տեսական և գործնական որակավորման քննությունները դրական չհանձնած անձը կարող էր հաջորդիվ աշխատանքային օրերին մասնակցել այդ քննություններին. տեսական որակավորման քննությունները բաղկացած էին հոգեբանական թեստից՝ 2-5 պատասխան պարունակող 3 հարցից, և գիտելիքների ստուգման թեստից՝ 2-5 պատասխան պարունակող 10 հարցից :
2021 թվականի դեկտեմբերի 22-ի N 1414-Ն որոշման համաձայն՝ փոփոխության է ենթարկվել վարորդական իրավունքի վկայականների տրամադրման կարգը:
Հիշյալ որոշման համաձայն՝ տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց, իսկ գործնական քննությունը դրական չհանձնած անձը կարող է կրկին մասնակցել գործնական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ երկրորդ փորձը դրական չհանձնելու դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդ գործնական քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս անց: Տեսական որակավորման քննությունները բաղկացած են հոգեբանական թեստից՝ 2-5 պատասխան պարունակող 3 հարցից, և գիտելիքների ստուգման թեստից՝ 2-5 պատասխան պարունակող 20 հարցից :
—Ճանապարհատրանսպորտային պատահարների ինչպիսի՞ դինամիկա է նկատվում պատերազմից հետո:
— 2021 թվականի ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է մարմնական վնասով 102 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել` 113 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71 պատահարի, 17 զոհի և 70 վիրավորի դիմաց, իսկ նյութական վնասով՝ 1186 պատահար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 627 պատահարի դիմաց:
-Պատերազմի հետեւանքով քաղաքացիների մի մասի տրանսպորտային միջոցները մնացել են բռնազավթված տարածքներում: Ինչպիսի՞ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի օրերից մի օր հայկական պետհամարանիշներով այդ տրանսպորտային միջոցներով թշնամիները չհայտնվեն մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
— Պատերազմի ավարտից անմիջապես հետո Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում թողնված տրանսպորտային միջոցների տվյալների հավաքագրման վերաբերյալ, և հաշվառման քննական բաժնում գործել է թեժ գիծ, որտեղ քաղաքացիների բանավոր և գրավոր հաղորդումների հիման վրա կազմվել է համապատասխան ցանկ, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով՝ տրամադրվել են հսկիչ-անցագրային կետերում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին:
Վահագն Խաչատրյան