«Կարեւորում եմ երիտասարդության հստակ դիրքորոշումը». Սերգեյ Շահվերդյան
Գլխավոր » Երիտասարդական » «Կարեւորում եմ երիտասարդության հստակ դիրքորոշումը». Սերգեյ Շահվերդյան

«Կարեւորում եմ երիտասարդության հստակ դիրքորոշումը». Սերգեյ Շահվերդյան

«Ապառաժ»-ի զրուցակիցը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանն է, թեման՝ Արցախում տիրող նախընտրական մթնոլորտը, քարոզարշավի անընդունելի մեթոդները, գաղափարական ընտրության հարցը և այլն:

-Ինչպե՞ս եք գնահատում ներքին քաղաքական իրավիճակն Արցախում:

-Իրականում մենք բացառիկ ժամանակաշրջան ենք ապրում, երբ բոլոր պայմաններն առկա են մրցակցային, ազատ ընտրություններ կազմակերպելու համար: Ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ շատ դժվար է նախապես կռահել և ենթադրել, թե ինչ կլինի ընտրությունների արդյունքը: Սա Արցախի համար բացառիկ երևույթ է, որովհետև մինչ այժմ՝ նախքան ընտրությունները հասարակությունը մոտավոր պատկերացնում էր ընտրությունների արդյունքների պատկերը: Դրանով հանդերձ, այս ընտրությունները բացառիկ են նաև հասարակության աննախադեպ, ծայրաստիճան բեւեռացումով: Բևեռացում, որի արդյունքը երբեք դրական լինել չի կարող:

Մյուս հանգամանքը՝ նախագահի թեկնածուների և քաղաքական ընտրապայքարում ներառված քաղաքական կուսակցությունների մեծ թվաքանակն է, որը շփոթություն է առաջացնում հասարակության շրջանում: 10-ից ավելի անհատներ նախագահական ընտրությունների ու դրանից ավելի կուսակցություններ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտ են ներկայացնում: Դա նշանակում է, որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ քաղաքական պայքարի արդյունքում ընտրել իր իշխանությանը:

Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, թե թեկնածուների բազմազանությունն ինչպե՞ս կարող է դրան անդրադառնալ, բայց արդյունքը սա է: Քաղաքական տարբեր կուսակցությունների ծնունդը, որոնց ծրագրերը շատ քիչ են տարբերվում իրարից, հասարակական-քաղաքական ասպարեզում դեռեւս անհայտ զանազան անձանց քաղաքական գործունեությամբ զբաղվելու հայտերը խառնաշփոթ են առաջացրել հասարակության շրջանում:

-Քաղաքական ուժերի ու թեկնածուների այս թվաքանակը չի՞ խոսում արդյոք ժողովրդավարության բարձր մակարդակի մասին:

-Ոչ, դա վկայում է միայն, որ մեր քաղաքական դաշտը կայացած չէ: Երբ քաղաքական անցյալ չունեցող ցանկացած անձ ընտրությունների նախօրյակին իրեն իրավունք է վերապահում նախագահի թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, դա չի նշանակում, որ հասարակությունը հասունացած է: Սա խոսում է միայն այն մասին, որ հանրային դաշտն ու հասարակությունը լիարժեք կայացման համար դեռ շատ երկար ճանապարհ ունեն անցնելու:

Միայն այդպիսի հասարակության մեջ է հնարավոր, որ քաղաքական, հասարակական կամ այլ բնագավառում ոչ հայտնի մարդիկ հավակնեն նախագահի պաշտոնին: Հասուն հասարակություններում քաղաքական հարուստ կենսագրություն, տարբեր բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալած ու որոշակի ճանաչում ձեռք բերած մարդը միայն կարող է նախագահի թեկնածության հայտ ներկայացնել:

Արդյո՞ք գալիք ընտրությունները աննախադեպ չեն նաև ժամանակից շուտ սկսված քարոզարշավի, դրանց նոր մեթոդների առումով:

-Ժամանակից շուտ սկսված քարոզարշավում հին, փորձված մեթոդներն են կիրառվում՝ խոստումներ, տարբեր «լավություններ» անելու գործընթացներ, հասարակության լայն շրջանում խառնաշփոթ մտցնելը, որոնք միշտ էլ եղել են, փոխվել է միայն գործիքակազմը: Այլ հարց է, որ հասարակությունը չի կարող երկար ժամանակ նախընտրական իրավիճակում ապրել, որի արդյունքները մենք հիմա տեսնում ենք: Շուրջ մեկ տարի է, ինչ տարբեր անվան տակ չհայտարարած նախընտրական քարոզչություն է իրականացվում: Եթե կես տարի առաջ մեկ-երկու հոգի էին դա անում, հիմա ողջ սոցիալական մեդիան ողողված է չհայտարարված քարոզարշավով: Սա շատ վատ երևույթ է: Ցավոք, պատկան մարմինները չեն կանխում այդ գործընթացը, որը ևս մեկ գործոն է հասարակության բևեռացումը խորացնելու ուղղությամբ:

Սոցիալական ցանցերում նաև բավականին ակտիվացել են տարբեր քաղաքական ուժերի պատկանող ֆեյք օգտատերերը, որոնք զբաղված են այլ թեկնածուներին անվանարկելով, վիրավորելով:

-Մարդը, հասարակությունը կորցրել է խոսքի արժեքի զգացումը: Դրա հետևանքը հենց այն է, ինչ մենք այսօր տեսնում ենք սոցիալական ցանցերում և ոչ միայն այդտեղ: Սոցիալական ցանցերն ընդամենն արտացոլում են հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական վիճակը:

Խոսքը և պատասխանատվությունն իրարից տարանջատվել են: Մարդ կարող է ամեն ինչ ասել և որևէ պատասխանատվություն չկրել իր ասածների համար: Սա անընդունելի երևույթ է. այն պառակտում է հասարակությունը, սերմանում է անպատասխանատվության զգացում, որը մանավանդ մեր նման պատերազմական իրավիճակում գտնվող երկրի պարագայում շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:

Խոսեցիք առկա մի շարք բացասական երևույթների մասին: Արդյո՞ք այս պարագայում հասարակությունը կարող է գիտակցված ընտրություն կատարել:

-Հասարակության համար շատ դժվար է կողմնորոշվել այսպիսի խառնաշփոթ մթնոլորտում: Խաբեության, խոսքի նկատմամբ անպատասխանատվության, մեծաթիվ թեկնածուների ու քաղաքական կուսակցությունների պարագայում հասարակ քաղաքացին դժվարությամբ է կարողանում կողմնորոշվել: Այս դեպքում նրա կողմնորոշումը պայմանավորված է ոչ թե քաղաքական գիտակցված ընտրությամբ, այլ զանազան այլ մանր-մունր հանգամանքներով, զգայական դրդապատճառներով: Ամեն դեպքում՝ հուսով եմ, որ հասարակությունը կկարողանա իր մեջ ուժ գտնել ճշգրիտ քաղաքական կողմնորոշման հիման վրա ընտրություն կատարելու:

Այս պարագայում ո՞րն է ելքը:

-Այստեղ շատ եմ կարևորում մեր հասարակության երիտասարդ խավի հստակ կողմնորոշումը: Երիտասարդները սովորաբար շատ ակտիվ են, էներգիայով լի, ձգտում են դեպի ավելի լավ ապագա: Այս առումով՝ անչափ կարևորում եմ հատկապես երիտասարդության դերը:

Տաթևիկ Աղաջանյան

1