Կառավարությունն էլի լռում է. ժողովրդից գաղտնի է պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի միջով ինչպե՞ս են իրար հետ կապվելու

ՀՅԴ անդամ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Օգոստոսի 22-ին սահմանի անցումների մասին կառավարությանը հարցում էի ուղարկել: Հիշեցրել էի, որ կապիտուլյացիոն հայտարարությամբ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (…):
Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Նաև հիշեցրել էի, որ կառավարության ղեկավարի ստորագրած թղթի համաձայն՝ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»: Ըստ այդմ, հարցրել էի. 1. Արդյո՞ք ռուսական ФСБ-ի (ՌԴ ԱԴԾ) ուժերն են հսկելու կառավարության առաջարկած Սոթք-Երասխ և Քարահունջ-Երասխ մայրուղիներով տրանսպորտային հաղորդակցությունը, և 2. Նոր կառուցվելիք ճանապարհի մասին կառավարությունում ի՞նչ նորություն ունեն: Կառավարությունն էլի լռում է, ժողովրդից գաղտնի է պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ինչպե՞ս են իրար հետ կապվելու, տրանսպորտային հաղորդակցության ի՞նչ ռեժիմ է գործելու: Թափանցիկությունից են խոսում, բայց ժողովրդի թիկունքում թուրքերին ճամփա են տալիս: Բա միջանցքն էլ ինչպե՞ս է լինում…
Հ.Գ. Վաղը կասեն. «Ընդդիմադիր պատգամավորները նիստերի չեն մասնակցում»:
Պատգամավորի ամեն մի անպատասխան մնացած գրավոր հարց մի մեխ է խփած հայկական պառլամենտարիզմի դագաղի կափարիչին… Ու դեռ ասում են՝ Ազգային Ժողով: ՔՊ-ն դարձել է ՍՄԿԿ, Ազգային ժողովը՝ Գերագույն Սովետ: