Կառավարությունը հերթական անգամ փորձում է իմիտացիա ստեղծել
Սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստները կավելանան 2-3 հազար դրամով։ Այս բարձրացումն ի՞նչ կարող է տալ թոշակառուին ու նպաստառուին համատարած թանկացումների պայմաններում, արդյոք այդ քայլով կառավարությունը մեղմելու է գնաճի ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի վրա։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն այն կարծիքին է, որ Կառավարությունն իր անհասցե սոցիալական քաղաքականության արդյունքում հերթական անգամ գումար է փոշիացնելու՝ առանց լուրջ սոցիալական էֆեկտ ստանալու։
Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ դեռ նախորդ տարի պարենի գները թանկացել են մոտ 12%-ով, իսկ 2022 թ-ի հունվար-հուլիսին պարենային ապրանքների գնաճը կազմել է 13.2% գնաճ, հիմա Կառավարությունը նախատեսում է բազային թոշակն ավելացնել 7%-ով, այսինքն՝ սա չի փակելու նույնիսկ այս տարվա գնաճը։ Հետևաբար, ըստ նրա, թոշակառուների կենսամակարդակի էական փոփոխություն չի սպասվում։
«Հայաստանում ծայրահեղ աղքատությունն էլ ավելի է խորացել այս տարվա ընթացքում, և թոշակների այս չափով բարձրացումը չի կարողանալու նվազեցնել աղքատության ցուցանիշը։ Կառավարությունն իր այս քայլով հերթական անգամ փորձում է իմիտացիա ստեղծել, որ սոցիալական ծրագրեր է իրականացնում առանց դրա արդյունավետությունը գնահատելու։ Կարծում եմ՝ պետք է ավելի հասցեական և համաչափ սոցիալական քաղաքականություն իրականացնեն»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի խոսքով, այսօր թոշակների և նպաստների բարձրացումը մեկ նպատակ ունի՝ մեղմել հասարակական զայրույթը, բողոքը, սակայն դա մեծ օգուտ չի տա, քանի որ պարենային ապրանքների գնաճը բավականին մեծ է։
Նա հիշեցրեց, որ օրինակ, այս տարվա ընթացքում Ռուսաստանը երկու անգամ ինդեքսավորել է թոշակները՝ հաշվի առնելով գնաճի մակարդակը։ Իսկ մեր կառավարությունն, ըստ Սուրեն Պարսյանի, անում է ուշացած քայլեր, թոշակների ավելացման մասին խոսում է ութ ամիս հետո՝ այն էլ փոքր չափով։ «Դա չի մեղմելու ընդհանուր իրավիճակը։ Առհասարակ սա կառավարության կողմից քաղաքական նպատակ է հետապնդում, որ ցույց տան, թե ինչ-որ բան արեցինք»,- ընդգծեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է պետական աշխատավարձերին, Սուրեն Պարսյանը նշեց, որ 5-6 տարի է պետական համակարգում աշխատավարձի չափը չի փոխվել, կառավարությունը հիմնականում փորձում է խնդիրը լուծել ամենամսյա կամ եռամսյա պարգևավճարների միջոցով։ Դա էլ, ըստ նրա, Կառավարությունը դարձրել է իր ձեռքում գործիք՝ պետական աշխատողների համակրանքը շահելու կամ նրանց պատժելու համար։
Նա նաև նշեց, որ սոցիալական խնդիրների պատճառով ավելացել է երկիրը լքողների թիվը։ Ըստ նրա՝ հատկապես մեծ թափ է ստացել ապօրինի եղանակով դեպի ԱՄՆ արտագաղթը։ «Մարդիկ տունը, ունեցվածքը վաճառում են, որ ապօրինի եղանակով Միացյալ նահանգներ հասնեն։ Սա լավ օրից չէ, իրականում մարդիկ սոցիալական, ինչպես նաև անվտանգային խնդիրների պատճառով են երկրից գնում»,- ասաց Սուրեն Պարսյանը։
arfd.am