Կապիտուլյանտն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթղթի տակ, որտեղ Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս․ Աշոտ Դանիելյան

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք — ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի ելույթը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին։
«Մեծարգո՛ ԱԺ նախագահ, հարգելի՛ գործընկերներ,
Ընդհանրապես ԼՂ հարցի հակամարտությունը առանձին Արցախի հարց չէ։ Սա Միասնական Հայաստանի և ընդհանրապես Հայաստանի մնալու հարցն է։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանը ամեն մի հանդիպման աշխարհագրական որևէ վայրում, դա կլինի Պրահայում, Բրյուսելում կամ այլուր, խորացնում է Արցախի հանձնման գործըթնացը։
Կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի բոլոր տեսակի իրավունքները կապիտուլյանտին հետ պահելու այդ քայլերից։ Հայ ժողովրդի ներդրումը Արցախյան շարժման և ընդհանրապես ազատագրական պայքարում մեծ է և անգնահատելի։
Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս և նման տեսակետներ ու մոտեցումներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը։
Հայաստանի Հանրապետությունում 2018թ․ հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե Արցախը Հայաստան է և վերջ, որը բերեց բանակցությունների տապալման կամ փակուղի տարավ, հետո՝ պատերազմ։
Պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հրապարակային ելույթներում խուսափում էին նման հայտարարություններից, հիմա ասում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
Նախ պետք է նշեմ, որ կապիտուլյանտն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթղթի տակ, որտեղ Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ Առաջին՝ այդ փաստաթուղթը կհակասի ՀՀ Սահամանադրությանը և 1992թ․ Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը։
Այսօր նժարին դրված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը, և մեր ճակատագիրը որոշել որևէ մեկի չի տրվել և չի տրվելու։
Կապիտուլյանտի՝ իր իսկ կառավարության ծրագրում ԼՂ հարցով կա դրույթ, ըստ որի հետամուտ պետք է լինի Արցախի ինքնորոշման իրացմանը, որի իրավունքն ունի Արցախի Հանրապետության ժողովուրդը։
Եթե ազգակործան պատուհասը ստորագրեց որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա պետական դավաճանություն է»։