Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 3-րդ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 3-րդ

Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 3-րդ

Հասկանալով, որ երկրում վիճակը ճգնաժամային է, կապիտուլյանտը խոստումներ տվեց, որոնք չէին մեղմի կորստի ցավը, բայց կարող էին բարելավել կյանքի որակը: Նա հասկանում էր, որ եթե կորոնավիրուսի դեմ չկարողացան պայքարել «նորմալ» պայմաններում, ապա հետպատերազմյան ցնցումների պայմաններում դա ուղղակի անհնար կլինի: Հետհեղափոխական ժամանակաշրջանում որևէ հաջողություն չարձանագրելով տնտեսությունում՝ անլուրջ էր ակնկալել, որ հետպատերազմյան դեպրեսիայի պայմաններում տնտեսական աճ կարձանագրվի: Հասկանում էր, բայց գիտակցաբար մոլորեցնում էր մարդկանց: Մի՞թե դա նրան հատուկ գործելաոճ չէ: Շարունակենք…

9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում

Համավարակը Հայաստանում հաղթահարված չէ: Ավելին՝ համավարակը հաղթահարելու որևէ քայլ չի ձեռնարկվում: Դիմակ կրելու պահանջ և այլ սահմանափակումներ չեն գործում կամ թողնված են քաղաքացիների հայեցողությանը: Միակ երևացող սահմանափակումը վերաբերում է դպրոցներում դասապրոցեսի կազմակերպմանը: Շատ երկրներում քովիդ-19-ի դեմ պատվաստվելու համար մարդիկ հերթագրվում են: Մեզ մոտ ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Մայիսի 18-ին, համաձայն ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների, բացահայտվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք և մահվան 13 դեպք: Համաձայն նույն կենտրոնի տվյալների՝ ՀՀ բնակչության շուրջ 7%-ը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: Հավատո՞ւմ եք:

Վիճակագրական վերլուծություններ անելու փոխարեն բավարար է հիշեցնել, որ հենց մայիսի 18-ին՝ կապիտուլյանտի հայցած ժամկետի ավարտին, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը 4-րդ մակարդակի «կարմիր» զգուշացում է արել իր քաղաքացիներին՝ քովիդ 19-ի «շատ բարձր մակարդակի պատճառով» Հայաստան չայցելել: Կարծում եմ՝ այս հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ, ինչպես մեր որոշ համերկրացիներ կանեն: Իրավիճակի օբյեկտիվ գնահատական է. Հայաստանում համավարակը շատ բարձր մակարդակի վրա է: Հիշեցնենք, որ կապիտուլյանտը խոստացել էր ոչ միայն համավարակը հաղթահարել, այլև վերացնել դրա հետևանքները: Ինչպես կարելի է վերացնել այն, դեռ հայտնի չէ: Այս հարցը տալիս էինք դեռ անցյալ գարնանը, երբ կառավարությունը մշակեց իր առաջին «հակահամավարակային ծրագիրը»: Հավատո՞ւմ էիք, որ համավարակը հաղթահարելու խոստումը կկատարի: Ինքն էլ չէր հավատում, բայց խոստացավ: Էլ ուրիշ ի՞նչ էիք սպասում մեկից, որն ապացուցելու համար, թե կորոնավիրուսային հիվանդությունն անվնաս բան է, ընտանիքով Ծաղկաձորում «քյոհնա քեֆչիների պես» մի ռեստորանից մյուս ռեստորանն էր այցելում:

10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում

Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո դժվար էր ակնկալել, որ տնտեսությունն արագ կվերականգնվի, մանավանդ՝ որ հասարակության գոնե գիտակից հատվածը հասկանում է, որ պարտությունով մեր խնդիրները ոչ թե լուծվեցին, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ, այլ նոր են սկսվում: Կապիտուլյանտին նաև հուշած կլինեին, որ թագավարակով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսության վիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Բայց կապիտուլյանտը խոստացել էր տնտեսական հեղափոխություն: Նույնիսկ համաշխարհային տնտեսական աճի ու ֆինանսական հոսքերի ինտենսիվացման պայմաններում տնտեսական հեղափոխություն անելու համար անհրաժեշտ է տնտեսական հայեցակարգ և հեղափոխությունն իրականացնող թիմ: Նրա հայեցակարգի մասին կարելի է էջերով գրել, բայց այստեղ ուղղակի հիշեցնենք, թե նա ինչպես էր հայկական ընկերությունների համար 30 մլրդ ԱՄՆ դոլարի նոր հնարավորություններ տեսել թագավարակի պայմաններում: Չունի նաև տնտեսական թիմ: Առաջին նախարարը դաշնակցական էր, հետո նշանակեց «հին» ժամանակների փոխնախարարին, իսկ կապիտուլյացիայից հետո՝ գործարարի, որը զբաղվել է սեփական բիզնեսով, բայց ոչ երբեք՝ պետական տնտեսական քաղաքականությամբ: Իսկ տնտեսական քաղաքականությունն ամենից առաջ հիմնվում է արժեքային համակարգի, գաղափարախոսության վրա: Նույնիսկ եթե կապիտուլյանտի կուսակցությունն ունի գաղափարախոսություն, նշված երեք նախարարներից որևէ մեկն այդ գաղափարախոսության կրողը չի եղել, այդ կուսակցության քաղաքական թիմի անդամ չի եղել: Կապիտուլյանտը, փաստորեն, չունի սեփական տնտեսագիտական թիմ, բայց տնտեսական հեղափոխությունն իր առաջնահերթությունն է հռչակում: Արդյո՞ւնք եք ուզում: Միամիտ մի՛ եղեք:

Քաղաքական հեղափոխությունը հանգեցրեց Արցախի ու ինքնիշխանության կորստին, ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ ու փախստականներ: Տնտեսական հեղափոխությունը կա՛մ չսկսվեց, կա՛մ նույնքան աննկատ է, որքան մեր սահմանների կահավորումը, և մենք այն չտեսանք ու երևի չենք էլ տեսնի:

Որպեսզի ցույց տան, որ տնտեսական աճ կա, կապիտուլյանտի թիմը 2021 թ. որոշ ցուցանիշներ համեմատում է 2020 թ. ցուցանիշների հետ: Սա ինձ հիշեցնում է Սովետական Միությունը, որտեղ Հոկտեմբերյան հեղափոխության դրական ազդեցությունը տնտեսության վրա ցույց տալու համար ամեն ինչ համեմատում էին 1913 թ. հետ. «1913 թ. համեմատ՝ 1987 թվականին 1250 անգամ ավելի տրամվայի վագոն է արտադրվել»: 2021 թ. զբոսաշրջիկ չկար, սահմանները փակ էին:
Երկիր է այցելել ընդամենը 375.216 զբոսաշրջիկ, որոնցից 311.264-ը՝ առաջին եռամսյակում: Եթե այս տարի Հայաստան այցելի նույնիսկ 5 անգամ ավելի զբոսաշրջիկ (ավելի, քան կանխատեսել է էկոնոմիկայի նախարարը, որի կանխատեսմանը զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները չեն հավատում), 2019-ի մակարդակը չի վերականգնվի:

Կապիտուլյանտի տնտեսական քաղաքականության ամբողջական վերլուծությունն այս հոդվածաշարի շրջանակներից դուրս է: Կներկայացնեմ ընդամենը մի քանի թիվ: 2020 թ. 1-ին եռամսյակի համախառն ներքին արդյունքը (ընթացիկ գներով) կազմել է 1 267 659,0 մլն դրամ: Այդ ցուցանիշը 2021 թ. 1-ին եռամսյակի համար, նախնական տվյալներով, կազմել է 1 284 086,4: Շուկայական գներով աճը կազմել է ընդամենը 1.3%: Նախորդ տարվա միջին գներով ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 1 226 131, 3 դրամ, այսինքն՝ տնտեսության անկումը շարունակվում: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ տնտեսության անկումը կազմել է 3.2 %: Հիշեցնեմ, որ էկոնոմիկայի նախարարը կանխատեսում էր երկնիշ տնտեսական աճ…

2019 թվականի համեմատ՝ 2020 թ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 %-ով: Այս տարի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 3.8 % -ով: Հասարակ մաթեմատիկան ասում է, որ 2019-ի արդյունքներին հասնելու համար տնտեսական ակտիվության ցուցանիշի տարեկան աճը պետք է կազմի 8.1%:

Շարունակենք տխուր վիճակագրությունը: 2020 թ. դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գներն աճել են 5.1%-ով: Ընդ որում՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 8.9 %-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. Ապրիլին, 2020թ. ապրիլի համեմատ, գրանցվել է 41.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 7.5% գնաճ: Կյանքն՝ ուրախ, ապրուստը՝ ձրի…

Վերջապես անդրադառնանք արտաքին պարտքին, որի մասին այդքան խոսում էր կապիտուլյանտն ընդդիմադիր եղած ժամանակ: 2021 թ. ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 8.8 մլրդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլի 30-ին ՀՀ պետական պարտքը 6.8 մլրդ ԱՄՆ դոլարից մի քիչ ավելի էր: Կապիտուլյանտը հաջողեցրեց 3 տարում պետական պարտքն ավելացնել 2 մլրդ ԱՄՆ դոլարով:

Սա է այսօրվա Հայաստանի տնտեսական պատկերը, շատ ավելի ծանր, քան կապիտուլյանտի ճանապարհային քարտեզի հրապարակման օրը: Ահա, թե ինչպես է կապիտուլյանտը կատարում իր խոստումները, ահա, թե ինչպես է 2020 թ. նոյեմբերի 18-ին մոլորեցրել ժողովրդին:

11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում

Այս խոստումը կապիտուլյանտը շատ հետաքրքիր է ձևակերպել՝ ծրագրերի ակտիվացում: Նա հասկանում է կամ հասկացրել են, որ վեց ամսում ժողովրդագրական խնդիրը չես կարող լուծել: Վերջիվերջո, մարդու բնությունն է այդպիսին: Նրան նաև հասկացրել կամ հիշեցրել են, որ իր կառավարությունն ընդունել է ժողովրդագրական խնդիրների լուծմանը միտված ծրագրեր: Նման ծրագրեր, շատ ավելի համապարփակ և մեծ ազդեցություն ունեցող, ընդունել են նաև նախորդ կառավարությունները: Սակայն այդ ծրագրերն էական ազդեցություն չեն ունեցել ժողովրդագրական վիճակի վրա՝ ծնելիությունը նվազել է, արտագաղթն՝ ավելացել: Գուցե ծրագրերը վատը չէի՞ն, իրականացման որակն էր ոչ բավարար:
Իսկ միգուցե խնդի՞րն էր սխալ գնահատվել ու լոկ ֆինանսական ներարկումները բավարար չէին: Իհարկե, լավ է, որ առաջին երեխայի ծննդյան նպաստը վեց անգամ ավելացավ, բայց բազմազավակությունը խրախուսելու համար պետք է էապես ավելացնել երրորդ և հաջորդ երեխաների դեպքում միանվագ նպաստի չափը:

Չմոռանանք նաև, որ կապիտուլյանտի կառավարման երեք տարիների ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի երեք նախարար է փոխվել, ամեն մեկն՝ իր մոտեցումներով, իր թիմով: Այսօր, երբ սոցիալական խնդիրները բզկտում են հասարակությունն ու հանրապետությունը, Հայաստանը չունի սոցապ նախարար:

Կապիտուլյանտն, իրեն հատուկ ոճով, վիճակագրության չոր թվերը մեկնաբանելիս աղճատում է իրական պատկերը: Օրինակ, խոսելով սահմանահատումների մասին, նա չի նշում, թե գնացողներից քանիսը հայկական անձնագիր ունեն, իսկ քանիսը՝ Բանգլադեշի: Չմոռանանք, որ իր ոլորտը կատարելապես ձախողած Սփյուռքի հանձնակատարը ժողովրդագրական վիճակի բարելավման համար առաջարկում էր խրախուսել երրորդ երկրներից ներգաղթը…

Կապիտուլյանտը խոսք էր տվել մինչև 2050 թ. Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի: Խորապես համոզված եմ, որ եթե նա շարունակի պաշտոնավարել, ապա մինչև 2050 թվականը Հայաստան էլ չի լինի: Բայց դա թողնենք մի կողմ, նայենք, թե նրանց իշխանության տարիներին Հայաստանի ժողովրդագրական վիճակն ինչպես է փոխվել:

2018 թ. հունվարի 1-ի դրությամբ, երբ կապիտուլյանտը դեռ չէր սկսել քայլել, Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունը 2.972,7 հզ. մարդ էր: 2020 թ. հունվարի 1-դրությամբ այդ թիվը նվազել է մինչև 2.959,9 հզ. մարդ: Արդարության համար ասենք, որ 2020թ. տարեվերջի դրությամբ այդ թիվն աճել էր մինչև 2.963,3 հզ. մարդու, բայց չմոռանանք, որ 2020 թվականին «փակ» էր, և շատերը չմեկնեցին արտագնա աշխատանքի: Փոխարենը մոտ 75.000 մարդ Հայաստանից մեկնեց 2021 թ. առաջին չորս ամիսների ընթացքում: Չմոռանանք 2020 թվականի վերջին Հայաստան տեղահանված արցախցիների մասին, որոնք վերադառնալու տեղ չունեն, օրինակ՝ քարվաճառցիները, քաշաթաղցիները: Հիշենք նաև հերոս նահատակներին…

Սրան ավելացնենք նաև շարունակվող ուրբանիզացիան ու բնակչության հոսքը դեպի Երևան: Նաև անդրադառնանք ծնելիությանը: 2018 թ. ծնվել է 36.574 երեխա, 2020 թ.՝ 36.448:

12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կապիտուլյանտն ու նրա քաղաքական թիմը վաղուց էին խոսում: Արեցին: Այն էլ՝ մի քանի անգամ: Օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին առաջին օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականին: Հաշվի առնելով, որ հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականին, այդ փոփոխություններին հիմա չարժե նույնիսկ անդրադառնալ: Ընդհանրապես հասկանալի էլ չէ, թե ինչու դրանք հիմա ընդունվեցին: Մինչև հաջորդ ընտրությունները դեռ շատ ջուր կհոսի: Իսկ գուցե փոփոխությունն արվեց, որ կապիտուլյանտը կարողանա իր ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ ինչ-որ հաշվետվությո՞ւն տալ:

Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ օրենքն ուժի մեջ մտավ 2021 թ. ապրիլի 20-ին: Ունի զուտ տեխնիկական բնույթ, պայմանավորված է հատուկ քննչական կոմիտեի լուծարումով և հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումով: Աներկբա է, որ հետպատերազմական Հայաստանի ռեաբիլիտացիան այս փոփոխություններով պայմանավորելը մի քիչ դժվար կլինի:

Գուցե այս տարի ընդունված՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին երրորդ օրե՞նքն էր այնքան կարևոր ու սկզբունքային, որ այս կետը տեղ գտավ ճանապարհային քարտեզում: Արդյո՞ք կապիտուլյանտի ու նրա թիմի խոստացած բոլոր փոփոխություններն էին այնտեղ արտացոլվել: Ո՛չ: Ընդամենը մեկ էական փոփոխություն՝ վերացվել էր ռեյտինգային ընտրակարգը: Փիղը երկնեց և մուկ ծնեց: Մնացած էական փոփոխությունները կընդունվեն առանց «ուսապարկերի»: Մի կարևոր հանգամանք ևս. նախագահն օրենքը չստորագրեց, և այն ուժի մեջ մտավ ԱԺ նախագահի ստորագրությունից հետո:

Կուսակցությունների մասին սահմանադրական նոր օրենքի փոխարեն, ինչպես խոստացել էր կապիտուլյանտը, ունենք հին օրենքի նոր փոփոխություններ: Էական ոչինչ: Բայց կապիտուլյացիայից 9 օր հետո կապիտուլյանտը խոստացավ նոր օրենք, նոր կարգավորումներ: Նոր օրենք չունենք:

13. Մասնագիտացած դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ

Առանց այլևայլությունների ասենք՝ հակակոռուպցիոն դատարան չի ստեղծվել, ապօրինի որևէ գույք չի բռնագանձվել:
Հակակոռուպցիոն պայքարը դրոշակ դարձրած կապիտուլյանտը, որը խոստանում էր պատժել բոլոր կոռուպցիոներներին, բռնագանձել ապօրինի գույքը (և միգուցե այն բաժանել քաղաքացիներին), իր խոստացած ժամանակահատվածում ոչինչ չարեց, բառացիորեն՝ ոչինչ:

14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում

Կապիտուլյանտը երբեք աչքի չի ընկել այլ քաղաքական ուժերի հետ որևէ կոնսուլտացիա անցկացնելու՝ իր ձգտումով:

Ավելին՝ ամեն ինչ իրենով պայմանավորելու մոլուցքից կուրացած, կառավարության 100 օրվա հաշվետվության հանրահավաքը նա վերածեց ՔՊ-ի հանրահավաքին, ուր հրավիրված էին միայն իր կուսակցության անդամ-նախարարները:

Չգիտեմ՝ ինչպիսին էին հարաբերությունները «Ելք» դաշինքի ներսում: Հավանաբար, այնքան էլ հարթ չէին, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, 2018-ին կազմավորված կաբինետում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կառավարության գործունեության առաջին մի քանի ամսվանից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ համաձայն չէր կապիտուլյանտի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որոշման հետ և, առավել ևս, համաձայն չէր կապիտուլյանտի՝ անհամաձայնության կարգավորման մոտեցման հետ: Ճիշտ է, հրաժարականի դիմումը ետ վերցրեց, բայց այդ քայլը փաստեց, որ նախկին սերտ գործընկերների միջև ամեն ինչն այդքան հարթ չէ: Հիշենք նաև, որ 2018-ի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունից հրաժարական տվեց «Ելք» դաշինքի մեկ այլ կուսակցության՝ «Հանրապետության» ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Կարծում եմ՝ խոսուն փաստեր են: Խոսուն է նաև Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերությունների խզումը և ազգային համաձայնության անցումային կառավարության կազմալուծումը: Հոկտեմբերի 2-ից դեռ շատ առաջ, գոնե Դաշնակցության հետ, քաղաքական կոնսուլտացիաները դադարեցվել էին:

Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մի քանի հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Ծանր հանդիպումներ էին: Շատ է դրանց մասին գրվել, իմաստ չունի կրկնել:

Կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո նրա հարաբերությունները քաղաքական դաշտի հետ սրվեցին:

Նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման անդամ չհանդիսացող կուսակցություններից շատերը պահանջեցին կապիտուլյանտի հրաժարականը: Դեռևս մի քանի ամիս առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իր հայտնի «պարզագույն սիլլոգիզմով» համավարակի պայմաններում իշխանությունների դեմ պայքարողներին ազգի դավաճան էր հռչակել, իր հոգեզավակին ոչ թե քննադատեց, այլ ուղղակի հայհոյեց:

Իհարկե, կապիտուլյանտի կողքին հավաքվել են մարգինալներ, որոնց նպատակն ընդդիմադիրներին քննադատելն ու զրպարտելն է, իհարկե, կան ուժեր, որոնք հրապարակավ կապիտուլյանտին քննադատում են, բայց փակ դռների հետևում նրան հավատարմության երդում են տալիս: Բայց սա երբեք չի կարելի կոչել հայաստանյան քաղաքական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Կապիտուլյանտը գիտեր, որ որևէ քննարկում չէր էլ կազմակերպելու: Ստելով փորձում էր միավորողի պսակ գլխին դնել:

Քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ էլ էական ու լուրջ քննարկումներ չեղան: Ինչ էլ եղավ՝ միտված էր սեփական քաղաքականության քարոզչությանը և ընդդիմության քննադատությանը:

15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և Սփյուռքի առանձին անհատների ու կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ

Սփյուռքի նախարարությունը լուծարելով և Սփյուռքի հարցերով հանձնակատար նշանակելով Սփյուռքում ոչ միանշանակ ընկալվող Զարեհ Սինանյանին՝ կապիտուլյանտն առաջին հարվածը հասցրեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Հաշվի առնելով, որ շատ սփյուռքահայերի կապը հայրենիքի հետ էմոցիոնալ հարթության մեջ է, Սփյուռքի հետ հարաբերությունները համադրող կառույցի կարգավիճակի նման կտրուկ նսեմացումը չէր կարող բացասաբար չազդել: Հայտնի չէ՝ կապիտուլյանտը դա դիտմա՞մբ արեց, թե՞ գերիշխեց ամեն ինչ քանդելու՝ նրա բնազդը: Ամեն դեպքում, նոր հանձնակատարը հպարտանալու առիթ չունի, նա կատարելապես ձախողել է Սփյուռքի հետ հարաբերությունները:

Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո նրա հրաժարականը պահանջեցին Սփյուռքի բոլոր հիմնական կառույցները՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, բարեգործական, մշակութային, մարմնակրթական կառույցները:

Հարաբերություններն իսպառ փչացան «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախի համար հանգանակած դրամի ոչ նպատակային օգտագործումից հետո: Արցախի համար հանգանակված 170 մլն ԱՄՆ դոլարը մուտք էր արվել ՀՀ պետական բյուջե ու ծախսվել այլ նպատակներով: Պատմության մեջ առաջին անգամ միջազգային աուդիտը հիմնադրամի տարեկան հաշվետվությունը հաստատելու խնդիր ունեցավ: Ճիշտ է, կառավարությունը հետո խոստացավ Արցախում 100 մլրդ դրամի (մոտ 190 մլն ԱՄՆ դոլար) ենթակառուցվածքային ու բնակարանաշինության ծրագրեր իրականացնել, բայց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դրանից չջերմացան:

Կապիտուլյանտը խոսում է մշտական թեմատիկ կոնսուլտացիաների մասին: Հիշեցնենք, որ Մոսկվա կատարած այցերից մեկի շրջանակներում կապիտուլյանտը հանդիպեց մոսկվաբնակ հայ իրավաբանների հետ: Հանդիպումը փակ էր, հրավիրվել էր շատ սահմանափակ թվով մասնակից: Մասնակիցներին գրավոր հարցեր էին բաժանել: Եվ այս մարդը խոսում էր Սփյուռքի հետ կոնսուլտացիաների մասին: Հավանաբար, մասնագիտական կոնսուլտացիան ու մանկապարտեզի հանդեսն իրարից չի տարբերում:

***

Ինչո՞ւ որոշեցի անդրադառնալ կապիտուլյանտի տված խոստումներին: Շուտով մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Կապիտուլյանտը, իր գլխարկը գլխին, ճոճվելով, ձեզ խոստումներ կտա: Կխոստանա խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն… Նոր խոստումները լսելիս ուղղակի վերհիշեք, թե նախորդ խոստումներից որոնք է նա կատարել: Թերևս այսքանը:

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

arfd.am

Առաջին մասը՝ այստեղ

Երկրորդ մասը՝ այստեղ

1