Կանխե՛լ հայերի հերթական ցեղասպանությունն Արցախում․ ակցիայի մասնակից
Գլխավոր » Երիտասարդական » Կանխե՛լ հայերի հերթական ցեղասպանությունն Արցախում․ ակցիայի մասնակից

Կանխե՛լ հայերի հերթական ցեղասպանությունն Արցախում․ ակցիայի մասնակից

Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր ակցիա։ Արցախի պետական համալսարանի ուսանողուհի, ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Լարիսա Ներսիսյանի խոսքը՝ ակցիայի ժամանակ, ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Արցախի շրջափակման 100-րդ օրը: 100 օր շարունակ արցախցիներս պայքարել ենք մեր լինելիության համար, պայքարել ենք մեր հայրենիքի փրկության համար:

2020թ.-ին մեր որդիների նկատմամբ թշնամու կողմից իրագործված անմարդակային արարքների հիշողությունները թարմ են։

1915, 1921, 1988, 2020.  դարեր ի վեր թշնամու ձեռագիրն անփոփոխ է, նպատակը՝ մեկը՝ բնաջնջել հայ ազգին: Այս օրերին, երբ թշնամու սուրը կախված է Արցախի գլխին, ավելի քան ներքին համերաշխությունն ու միասնականությունը կարևոր են՝ վերահաս վտանգներին ու փորձություններին դիմակայելու համար:

Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է հայրենիքը կորստի մատնում, քան եկած թշնամին: Եվ իրոք, թշնամին կարողացել է մեզ հաղթել, երբ որ խաթարվել է մեր միաբանությունը: Ինչքան էլ որ ծանր վիճակում լինենք, ինչքան էլ որ հուսահատ լինենք, պետք է ապավինենք միայն մեր ուժերին:

Պատմության մեջ հայտնի է Լենինգրադյան դաժան շրջափակման հաղթական ավարտը։ Այս օրինակով հաղթանակի հասնելու գաղափարը պետք է  առաջնորդի մեզ։

Միջազգային հանրության կողմից այս 100 օրերի ընթացքում արված հայտարարություններն ու գրված որոշումները որևէ կերպով չեն ազդում Ադրբեջանի վրա: ՄԱԿ, ԵՄ, Հաագայի դատարան, Freedom House, Հռոմի պապ, Մակրոն, Լավրով, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Գերմանիա, Ավստրիա և այլ երկրներ ու քաղաքական գործիչներ: Նրանց գործնական քայլերից զուրկ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծ ժողովրդավարության արտահայտում, կեղծ հումանիզմ և կարեկցանք:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ պատժել Ադրբեջանին ու կանխել հայերի հերթական ցեղասպանությունը:

Մենք դիմում ենք  հատկապես Ռուսաստանի Դաշնությանը, ով 2020թ. պատերազմից հետո Արցախում ապահովում է փխրուն խաղաղություն, ճանաչել մեր ինքնորոշման իրավունքը, որի համար մենք տարբեր զրկանքների ու կորուստների գնով արդեն պայքարում ենք շուրջ  35 տարի»։

1