Կանչում են Ֆրանսիա՝ չենք գնում. բազմազավակ արցախցի ընտանիքը մի կերպ է գոյատևում
Գլխավոր » Լրահոս » Կանչում են Ֆրանսիա՝ չենք գնում. բազմազավակ արցախցի ընտանիքը մի կերպ է գոյատևում

Կանչում են Ֆրանսիա՝ չենք գնում. բազմազավակ արցախցի ընտանիքը մի կերպ է գոյատևում

2020թ. 44-օրյա պատերազմից հետո Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ենք բնակվում։ Մի կերպ գոյատևում ենք, բայց մենք մեր ապագան միայն Հայաստանում ենք պատկերացնում։ Ասում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի բնակչուհի 36-ամյա Վարդուհի Բալայանը։

«Բարեկամներ ունենք Ֆրանսիայում, որոնք միշտ կանչում են այնտեղ։ Ասում են՝ տունը կա, բոլոր հնարավորությւոնները կան։ Բայց թեկուզ այստեղ օրով ենք ապրում՝ օդից կախված վիճակում, բայց չենք ուզում տեղափոխվել»,- պատմեց բազմազավակ մայրը։

Վարդուհի Բալայանը և ամուսինը՝ Ռուսլան Դադայանը 7 երեխա ունեն, 5-ը՝ անչափահաս։ 

«Երեխաներիցս երեքը դպրոց են հաճախում, մեկը՝ քոլեջ։ 6-րդ երեխաս՝ Մարիաս հիվանդություն ունի և մինչև կյանքի վերջ խնամքի կարիք է ունենալու։ 12 տարի է՝ այդպես է։ Պարբերաբար պարտադիր ստուգումների ենք տանում»,- ասաց նա։

Կինը պատմեց, որ ամուսինը հաշմանդամ է՝ մեկ աչքը չի տեսնում, բայց, ի վնաս առողջության, ցանկացած աշխատանք կատարում է, որպեսզի փոքր ինչ թեթևացնի ընտանիքի հոգսերը։

«Արցախում մանկապարտեզի խոհարար էի։ Երբ եկանք Ստեփանավան՝ աշխատանքի անցա դեղատանը, որպես հավաքարար։ Բայց տան գործերը շատ էին, պետք էր երեխաներին խնամել և հեռացա աշխատանքից։ Հինգ տարի է՝ այս երկու սենյականոց առանձնատանն ենք ապրում։ Իրար գլխի հավաքված ապրում ենք։ Երկու-երկու, երեք-երեք ենք քնում։ 35000 դրամ էր տան վարձը, բայց 2023թ. արցախցիների բռնի տեղահանությունից հետո, ինչպես շատերը. մեր տան տերն էլ թանկացրեց բնակվարձը և հիմա 70000 ենք վճարում։ Հազիվ ենք հասցնում։ Երեխաների աջակցության գումարները և ամուսնուս ու տղաներիս աշխատավարձը հազիվ երեխաների ուտելուն ու հագնվելուն է հերիքում»,- ասաց Վ. Բալայանը` հավելելով, որ Ստեփանավանում զբաղվածության լուրջ խնդիր կա և եթե ձյուն տեղա՝ ամուսինն ու տղաներն էլ մինչև եղանակները տաքանալը կմնան անգործ և ընտանիքը ծանր կացության մեջ կհայտնվի։

Առանձնատան փոքր բակում տնային տնտեսություն ունեին։ Հավեր էին պահում, բայց սոցիալական ծրագրերի կրճատվելուց հետո այլևս չէին կարողանում կեր գնել և վաճառեցին թռչուններին։

Ընտանիքն Արցախից բռնի տեղահանվածների համար գործող բնակապահովման ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն դեռ չի ստացել։ 
«Լուրեր կան՝ փոփոխություններ են լինելու։ Սպասում ենք ծրագրի թարմացմանը։ Հունվարին որոշում կկայացնենք օգտվենք, թե՞՝ չէ»,- ասաց Վ. Բալայանը։

Դադայանների տանն ամանորյա տրամադրություն չի տիրում, քանի որ անլուծելի խնդիրները շատ են, ապագան՝ անորոշ։ 
«Երեխաներին մի փոքր ուրախություն պատճառելու համար փոքրիկ տոնածառ եմ զարդարել։ Այլ բան ի վիճակի չենք անելու»,- զրույցը եզրափակեց Վարդուհի Բալայանը։

1