Կանադայի հայ համայնքում հստակ է դիրքորոշումը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը մեր միակ փրկությունն է.Սեւակ Բելյան
Գլխավոր » Լրահոս » Կանադայի հայ համայնքում հստակ է դիրքորոշումը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը մեր միակ փրկությունն է.Սեւակ Բելյան

Կանադայի հայ համայնքում հստակ է դիրքորոշումը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը մեր միակ փրկությունն է.Սեւակ Բելյան

Կանադայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Սևակ Բելյանը ցավով արձանագրում է, որ թե՛ Բաքվում պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցի բարձրաձայնման, Բաքվի դատարան դիտորդներ ուղարկելու ուղղությամբ աշխատանք տանելու ուղղությամբ, թե՛ մյուս հարցերի շուրջ Հայ Դատի հանձնախմբերը մենակ են մնացել, չունեն ՀՀ իշխանությունների աջակցությունը, և կատարում են այն աշխատանքը, որ պետք է կատարեր ՀՀ ԱԳ նախարարությունը:

«Կանադայի ԱԳ նախարարը մի քանի հայտարարություն է արել այս ուղղությամբ, նա վերջերս գրությամբ պատասխանել էր մեր առաջարկներին՝ հստակ ձևակերպում անելով, որ Կանադան կոչ է անում Բաքվի իշխանություններին՝ անպայմանորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ հիմնված միջազգային օրենքի վրա, ապահովել արդար դատավարություն: Մենք պահանջել ենք նաև գործնական քայլեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Սևակ Բելյանը նշեց, որ Կանադայի հայ համայնքը կուռ շարքերով ընդդիմանում է ՀՀ իշխանություններին. «Առաջիկա շաբաթներին սփյուռքյան գաղթօջախներում տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված միջոցառումներ, ակցիաներ, որոնց ժամանակ Սփյուռքը հստակ պատգամ պետք է ուղղի, որ՝ մենք այստեղ ենք, մենք պահանջատեր ենք և ականջ չենք դնում այս իշխանության ասածներին: Դժվար թե որևէ մեկը տրվի իշխանության այս խաղերին և թակարդներին, որ լարում են Սփյուռքում: Ավելին ասեմ, Սփյուռքում թե՛ մեր կուսակցականները, թե՛ համակիրները դիմակազերծել են այս իշխանություններին, և նրանց հաճոյանալու փորձերին, որ փորձում են անել Սփյուռքի մեջ, ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Սյուռքը լավ հասկանում է, որ եթե մենք թույլ տանք՝ ազգային գաղափարախոսության հիմքերն այսպես թուլանան, Սփյուռքի գոյությունն ուղղակիորեն վտանգի մեջ կգտնվի: Այսօր Սփյուռքը զորավոր է, որոշիչ դեր ունի, որովհետև հիմնված է ազգային գաղափարախոսության վրա, որի ջատագովը միշտ եղել է ՀՅԴ-ն»:

Նա շեշտեց, որ Կանադայի հայ համայնքում հստակ է դիրքորոշումը՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը մեր միակ փրկությունն է. «Արցախի ֆիզիկական կորստից տանջվում ենք, բայց հոգեպես այդ եռամիասնությունը դեռ կա, և ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի գոյությունն այս ժամանակաշրջանում առնվազն մեր հոգեմտավոր աշխարհի մեջ մնա, այդ համոզմունքով զինվենք, որ կարողանանք մի օր վերադարձնել Արցախը»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից: Սևակ Բելյանի խոսքով՝ Էրդողանի այս հայտարարությունները Սփյուռքի հաջողության վկայությունն են.

«Քաղաքական հստակ ենթատեքստ կա, պատգամ են փոխանցում ՀՀ իշխանություններին, որ՝ եթե դուք իսկապես ուզում եք լավ ապրել, խաղաղ ապրել, պետք է ձերբազատվեք ձեր Սփյուռքից և այնտեղ արմատավորված մոտեցումներից: Ես վստահաբար ասում եմ, որ այդ մեկը երբեք չի հաջողվելու ՀՀ իշխանություններին: Քանի դեռ ունենք կենսունակ, քաղաքականացված Սփյուռք, ՀՅԴ նման ուժեր Սփյուռքում, որ առաջնորդում են, այդ ամենը չի հաջողվի, և իսկապես ուրախ ենք, որ Էրդողանը նման բաներ է ասում, որովհետև դա մեր հաջողության կարևորագույն փաստն է»:

Նա նկատեց, որ Հայաստանի իշխանություններն ուզում են ապրել ծնկած վիճակում.

«Մենք պատրաստ չենք զիջելու ամեն ինչ, ՀՅԴ-ն էլ է ուզում խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն ենք պահանջում: Պետք է լինի Արցախի ժողովրդի հավաքական վերադարձ՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա, արցախյան հիմնահարցի համապարփակ լուծում, Թուրքիայի իշխանություններին մղել, որ առերեսվեն իրենց պատմության հետ, Հայոց ցեղասպանության ճանաչում, հատուցում և Սփյուռքի քաղաքականացում: 135 տարի Դաշնակցությունն այդ ուղու վրա է: Մեր վերջին ընդհանուր ժողովը վերահաստատեց այս ամենը: Մենք ունենք իրավունքներ, որոնք պետք է պաշտպանենք: Նույնիսկ արևմտյան ուժեր կան, որ ասում են՝ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում խոսել տարածքային ամբողջականության մասին կամ Փաշինյանի ասած «իրական Հայաստանի» մասին: Հավատացեք՝ արևմտյան աշխարհում այնքան անլուրջ են վերաբերվում այս իշխանություններին, որ երևի այս իշխանություններն էլ տեղյակ չեն»:

Նա նկատեց, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը բալանսավորած որակելով՝ Փաշինյանը ցույց է տալիս իր քաղաքական մտքի սնանկությունը. «Արտաքին ճակատը Հայաստանի նման երկրների համար շատ զգայուն է, և նման խաղերի մեջ մտնելը Հայաստանի համար միայն ողբերգության պիտի առաջնորդի: Մենք պետք է ունենանք հստակ հայեցակարգ և պետք է վերականգնենք մեր հարաբերությունները բոլոր ուժերի հետ»:

1